Մատչելիության հղումներ

«Ձևական մրցակցություն»՝ ՏԻՄ ընտրություններում


Մի շարք համայնքներում գյուղապետի պաշտոնին հավակնող մրցակիցները ընկերներ են:

Փարաքարում հունիսին կայանալիք համայնքապետի ընտրություններում գործող գյուղապետ Սամվել Վարդանյանի միակ մրցակիցն իր ենթական է՝ մշակույթի կենտրոնի տնօրեն Բագրատ Մովսիսյանը։ Ընկերներ են։ Կողք-կողքի նստած, սակայն, երկուսն էլ պնդում էին, թե ոչ թե ձևական մրցակցություն են ապահովում՝ օրենքի պահանջը կատարելու համար, այլ իրական ընտրապայքար են տանելու։

«Դե մի թեկնածուն, գիտե՞ք, ոնց որ մարդկանց մոտ էլ հետաքրքրություն չլինի։ Ասենք, գյուղապետարանի աշխատակից ա Մովսիսյանը։ Ինչ-որ մի բան կլինի, իր բարեկամները, իր ընկերները․․․ Չնայած մենք ընկերներ ենք նաև․․․ Էն հատվածը, որ իր կողմն ա։ Հետաքրքիր կլինի, էլի․․․», - ասաց Սամվել Վարդանյանը:

Հանրապետական գյուղապետը, որ արդեն 14 տարի ղեկավարում է գյուղը, ասում է, որ տարիներ առաջ ընտրապայքարը գյուղում թեժ է եղել․ - «Հետո կամաց-կամաց հանդարտվեց»:

4 տարի առաջ գյուղապետարանի մեկ այլ աշխատակից էր առաջադրվել գործող համայնքապետի դեմ, սակայն հանել էր թեկնածությունը՝ մինչև քվեարկությունը։ Այս անգամ, սակայն, գյուղապետի մյուս ենթական՝ Բագրատ Մովսիսյանն ասում է, թե թեկնածությունը հանելու մտադրություն չունի․ - «Բնականաբար, եթե մտել եմ, էդ ճանապարհը, մինչև վերջ գնալու եմ, այո»։

Մինչև վերջ գնացող թեկնածուն, սակայն, այսօր մեզ հետ զրույցում ինքն իրեն չէր գովում, փոխարենը մրցակից գյուղապետն էր գովաբանում․ - «Հարգված, ընդունված մարդ ա ինքը։ Հայրը՝ պատերազմի վետերան, հարգված ընտանիքից ա, էնպես որ...»

Ավելի քան 6 հազար ընտրող ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուներն արդեն գրանցված են, սակայն գոնե առայժմ ընտրողներին միայն գյուղապետի առաջադրման մասին է հայտնի։

«Դե ինքն ա, էլի, ով կա՞, որ ում ընտրենք», - ասաց գյուղացիներից մեկը։

«Ասում են թեկնածու չունի, մենակ ինքնա», - նշեց մեկ ուրիշ փարաքարցի։

Նույն իրավիճակն է նաև ընտրությունների պատրաստվող մի շարք այլ համայնքներում։ Եզդիներով բնակեցված Ալագյազում գործող գյուղապետ, հանրապետական Ազիզ Մհոյանի միակ մրցակիցը նրա մանկության ընկեր ու գյուղապետարանի առաջատար մասնագետ Արազ Ալոյանն է։

17 տարվա գյուղապետն ասում է. - «Դե երևի ինքն էլ էր ուզում պայքարի մեջ մտնի, բայց իմ լսելով ուզում ա ինքնաբացարկ հայտնի։ Անցյալ անգամ էլ ես իմ ընտրություններին մրցակից եմ ունեցել, էլի էս օրենքը գործում էր, ինքը ինքնաբացարկ ա հայտնել»։

Մրցակից մասնագետը հաստատեց գյուղապետի կասկածը․ - «Ինքնաբացարկ երևի թե տամ»։

Իսկ հարևան Հարթավանի գործող համայնքապետի դեմ առաջադրված գյուղապետարանի հաշվապահին ընտրական հանձնաժողովը չի գրանցել։ Բայց գյուղապետ Ժիրայր Ավետիսյանը տարօրինակ չի համարում, որ իր ենթակա հաշվապահը իր մրցակիցը կարող էր լինել։

«Հաշվապահն ուզեցել ա դնի, մենք ոչ մեկի կամքի վրա չենք բռնանում։ Ցանկացած մեկն էլ կարող էր դնել։ Բայց եթե չեն դնում, էդ առաջադրումը չի գրանցվում, օրենքն է էդպիսին։ Պետք է անպայման ալտերնատիվ առնվազն 2 թեկնածու լինի», - Ժիրայր Ավետիսյանը։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ հատկապես գյուղական համայնքներում նախընտրական մրցակցությունը ձևական է։ Մարտիրոսյանը մատնանշում է, որ տարիներ առաջ համայնքապետերը մեկ անգամից ավելի վերընտրվելու իրավունք չունեին։ Այս դեպքում մրցակցություն կար, ասում է «Ժառանգության» փոխնախագահը։

«ՏԻՄ-երը պետք է ֆինանսական որոշակի անկախություն ունենան, նաև մարզպետներից անկախ լինեն։ Երկրորդ՝ գյուղապետերի վրա չդրվի թվանկարչության ամենամեծ խնդիրը, որովհետև մենք ունենում ենք այնպիսի իրավիճակ, երբ դատարկված գյուղերում ամենամեծ մասնակցությունն է լինում ընտրությունների և ամենամեծ տոկոսը իշխանության համար։ Մինչև նույնիսկ 100 և ավելի տոկոս», - ասաց Մարտիրոսյանը:

XS
SM
MD
LG