Մատչելիության հղումներ

Վահրամ Բաղդասարյան․ ՀՀԿ-ն սատարել է «ինտելեկտուալ» թեկնածուի


Գագիկ Ծառուկյանի մերձավոր անձի մրցակիցը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հեռացվել է ՀՀԿ-ից:

Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը հեռացվել է Հանրապետական կուսակցությունից՝ ինքնառաջադրվելու և ՀՀԿ-ի սատարած թեկնածուին չաջակցելու համար:

Ավելի վաղ ՀՀԿ-ի Կոտայքի մարզային կառույցը որոշել էր Աբովյանի քաղաքապետի ընտրություններում սատարել անկուսակցական, Գագիկ Ծառուկյանի մերձավորներից Վահագն Գևորգյանին:

Հանրապետական կուսակցության Աբովյանի շրջանային կազմակերպության նախագահ Արմեն Գևորգյանն «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, թե Արթուր Հարությունյանը հեռացվել է կուսակցության որոշմանը չենթարկվելու համար:

ՀՀԿ-ի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը հավելեց, թե իրենք Հարությունյանի կուսակցական վարքագիծը քննարկել էին դեռ մարտի 8-ին գումարած նիստում․ - «Հարությունյանը թույլ է տվել կարգապահական խախտում, դրա պատճառով էլ հեռացվել է կուսակցության շարքերից: Կուսակցությունը սատարում էր, աջակցում էր Վահագն Գևորգյանին»։

Թեև իրեն ՀՀԿ-ից հեռացնելու որոշումը անսպասելի էր Արթուր Հարությունյանի համար, նա, այդուհանդերձ, վստահ է, որ գալիք հունիսին կայանալիք ընտրություններում կհաղթի նաև առանց կուսակցության աջակցության:

«Զանգել են, ասել են՝ հեռացրել ենք: Ասել եմ՝ շնորհակալություն, որ տեղյակ եք պահում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ չի հարցրել պատճառների մասին․ - «Չէի սպասում, որ նման բան կանեին»:

Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում, Հարությունյանը պնդել էր, որ ոչ թե ՀՀԿ-ն է իրեն երբեւէ սատարել այլ ինքը՝ ՀՀԿ-ին․ - «էն ժամանակ ՀՀԿ-ի ընտրությունները ես չե՞մ ստանձնել Աբովյան քաղաքում»:

Հանրապետականի ղեկավարները տեղական այդ ընտրության մասին առանձնապես չեն ուզում խոսել, ասում են՝ դա մարզային կառույցի որոշելիքն է: ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, սակայն, մեկ բանում վստահ է՝ կուսակիցները սատարել են «ինտելեկտուալ» թեկնածուի․ - «Բնականաբար հաշվի են առել: Ռեյտինգային հաշվարկով կամ նախընտրությունը տվել են կարողությունների իմաստով: Առաջին հերթին հաշվի են առել կարողություններն ու հնարավորությունները․ նա ի վիճակի՞ է իր ինտելեկտուալ կարողություններով ու հնարավորություններով ղեկավարի, թե՞ ոչ»:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, մինչդեռ, ՀՀԿ-ականներին հիշեցնում է կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքը, թե՝ «Ծառուկյանը «Վարդանանք» չի կարդացել»: Սաֆարյանը խորհուրդ է տալիս ճշտել, արդյո՞ք հիմա իրենց պաշտպանած թեկնածուն՝ Ծառուկյանի մերձավորը, կարդացել է «Վարդանանքը»․ - «Արդյո՞ք նա քաղաքականության մեջ պարազիտ չէ, ինչպես հանկարծ հայտնաբերեցին, որ այդպիսին է, օրինակ, Գագիկ Ծառուկյանը, և նա անելիք չունի քաղաքականության մեջ»:

Արթուր Հարությունյանին ՀՀԿ-ի շարքերից հեռացնելն ու Ծառուկյանի մերձավորին սատարելու իշխող կուսակցության այս քայլը, ըստ Սաֆարյանի՝ վկայում է, որ քաղաքականությունից հեռանալու դիմաց Ծառուկյանը պայմանավորվածություն է ձեռք բերել լուծել գերդաստանի ու մերձավորների դիրքերի ամրապնդման հարցը․ - «Մեկ տարի առաջ Գագիկ Ծառուկյանի խնամին նշանակվեց վարչապետ, փեսան նշանակվեց մարզպետ, մյուս փեսան ամենայն հավանականությամ կընտրվեի Արտաշատի քաղաքապետ: Եվ ահա Գագիկ Ծառուկյանին թույլատրված է նաև իր մարզում իր ազդեցության գոտին պահելու իրավունքը»:

XS
SM
MD
LG