Մատչելիության հղումներ

Երևանում անցկացվում է Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումը


ԵՄ բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորում, Երևան, 14-ը մայիսի, 2014թ.
ԵՄ բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորում, Երևան, 14-ը մայիսի, 2014թ.

«Բարձրագույն կրթությունն այն հիմնասյունն է, որի վրա կառուցվում են գիտելիքահենք հասարակությունները», - այսօր Երևանում, Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի բացման ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նշելով, որ Բոլոնիայի բարեփոխումները վերափոխեցին Եվրոպայի բարձրագույն կրթության նկարագիրը՝ ապահովելով ուսանողների շարժունությունը և ստեղծելով կրթական հնարավորությունների լայն բազմազանություն, նախագահը շարունակել է․ - «Հայաստանը, 2005 թվականին անդամակցելով Բոլոնիայի գործընթացին, իր համար համագործակցային նոր հնարավորությունների հարթակ ձևավորեց Եվրոպական տարածքի հետ և ստացավ նոր մեխանիզմներ՝ լավագույնս կիրառելու միջազգային փորձառությունը»:

«Հայաստանյան կրթական համակարգի համար կարևոր ձեռքբերումներից է 2012 թվականին Բոլոնիայի քարտուղարության ստանձնումը Երևանում, որը պատասխանատու, միաժամանակ պատվաբեր պարտականություն է», - նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ Հայաստանն ունի բուհական համակարգում առաջընթաց արձանագրող միտումներ՝ թե՛ որակի եվրոպական չափանիշների կիրառման, թե՛ ուսանողների շարժունության առումով:

Երևանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովին ու Բոլոնիայի գործընթացի չորրորդ քաղաքական ֆորումին մասնակցում են 47 երկրներից ու միջազգային կազմակերպություններից շուրջ 500 պատվիրակներ, այդ թվում՝ 20 երկիր ներկայացված է նախարարների մակարդակով:

«Հուսով եմ, երևանյան համաժողովը պատմական կլինի որպես փաստ. առաջին անգամ կազմակերպվելով Հայաստանում՝ այն ապացուցում է, որ եվրոպական կրթական տարածքը համընդհանուր արժեք է և իր ողջ աշխարհագրական սփռումով հավասար ներառում ունի ինչպես գործընթացի մեջ, այնպես էլ որոշումների կայացման առումով: Երևանում քննարկվելիք և ընդունվելիք փաստաթղթերն ու որոշումները կարևորագույն ազդեցություն կունենան եվրոպական կրթական համակարգի զարգացման վրա», - Հայաստանի կրթության և գիտության նախարարության փոխանցմամբ՝ իր խոսքում ասել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։

Գագաթնաժողովին ելույթ են ունեցել նաև ԵՄ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնակատար Տիբոր Նովրոչիչը, եվրոպացի այլ պաշտոնյաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG