Մատչելիության հղումներ

Օրակարգի հիմնական հարցը էլեկտրաէներգիայի սպասվող թանկացումն է։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն (ԲՀԿ) առաջիկայում հանդիպելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ: Ինչպես «Ազատության»-ը փոխանցեց ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը, օրակարգի հիմնական հարցը լինելու է էլեկտրաէներգիայի սպասվող թանկացումը։

«Ինչպես անցած տարի, երբ կրկին խնդիր առաջացավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված, Ռոբերտ Նազարյանը շատ մեծ պատրաստակամությամբ եկավ խմբակցություն, պատասխանեց մեր բոլոր հարցերին, իհարկե՝ դա չփրկեց իրավիճակը, և էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ, այս անգամ ևս պարոն Նազարյանը հայտնել է պատրաստակամություն՝ գալ և պատասխանել պատգամավորների հարցերին», - ասաց ԲՀԿ-ի ղեկավարը։

Նաիրա Զոհրաբյանը, սակայն, չի էլ թաքցնում, որ այս անգամվա հանդիպումից էլ մեծ ակնկալիքներ չունի՝ «իրավիճակը հիմա էլ չի փրկվի»։

«Ես միանշանակ վստահ եմ, որ չի փրկվի, բայց մենք գոնե կփորձենք հասկանալ, թե ովքեր են մեղավոր, և, ի վերջո, ինչո՞ւ պետք է ինչ-որ մի կազմակերպության սխալ մենեջմենթի, կամ ինչ-որ մի կազմակերպության՝ իր գրասենյակը «Էրմիտաժի» վերածելու ճոխությունների համար, կամ գերկորուստների համար, ինչո՞ւ պետք է պատասխան տա Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որի ուսերին պետք է դրվի էլեկտրաէներգիայի հերթական բարձրացված սակագինը», - ասաց Զոհրաբյանը։

Ի դեպ, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունն առաջիկայում մտադիր է հյուրընկալել այլ պաշտոնյաների ևս, օրինակ՝ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին։ Երեկ էլ ԲՀԿ-ականները զրուցել են գյուղատնտեսության նախարարի հետ։

«Մենք կառաջնորդվենք բացառապես Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքով, որ Կառավարության ներկայացուցիչները՝ խմբակցությունները, իրավունք ունեն հրավիրելու, և իրենց պարտավորությունն է գալ և հաշվետվություն ներկայացնել Ազգային ժողովին: Եթե ինչ-որ մեկը կհրաժարվի, այդ ժամանակ մենք դրան կանդրադառնանք», - ասաց Զոհրաբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG