Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության հիմնավորման հարցն այլևս փակված է, շեշտում են պատմաբանները


Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը 2015 թվականի ապրիլի 24-ին

Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը 2015 թվականի ապրիլի 24-ին

Թաներ Աքչամը առաջարկում է Հայոց ցեղասպանությունն ավելի լայն համատեքստում դիտարկել՝ ոչ թե որպես իրադարձություն, այլ որպես գործընթաց:

«Հայոց ցեղասպանության հերքումը կամ վիճարկումը պատմաբանների շրջանում այլևս ընդունված չէ», - հայտարարեցին Վաշինգտոնի Բրուքինգս հաստատությունում կայացած գիտական համաժողովի մասնակիցները, որոնք քննարկում էին Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների ներկա ընթացքը:

Ըստ պատմաբանների, վերջին երկու տասնամյակում հրապարակված փաստերն ու պատմական բացահայտումները թույլ են տալիս պատմական տեսակետից Հայոց ցեղասպանության հիմնավորման հարցն այլևս փակված համարել:

Պատմաբան Թաներ Աքչամը, որը Ցեղասպանությունը ճանաչած առաջին թուրք գիտնականներից է, առաջարկեց Հայոց ցեղասպանությունն ավելի լայն համատեքստում դիտարկել։ «Ցեղասպանությունն ավանդաբար դիտարկվում է որպես մի իրադարձություն, որը տեղի է ունեցել 1915 -1918 թվականներին: Ես, սակայն, առաջարկում եմ Ցեղասպանությունը դիտարկել ոչ թե որպես իրադարձություն, այլ որպես գործընթաց, որը սկսվել է 1878 թվականի Բեռլինի պայմանագրից և ավարտվել 1923 թվականի Լոզանի պայմանագրով», - ասաց Աքչամը։

Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մայքլ Լեմոնը նշեց, որ վերջին մեկ տասնամյակում Հայոց ցեղասպանության նկատմամբ վերաբերմունքը շատ է փոխվել։ «15 տարի առաջ, երբ ես Երևանում էի, այլ իրավիճակ էր, իսկ այժմ, իմ կարծիքով, բոլորը համաձայնել են, որ դա վիճարկման ոչ ենթակա փաստ է, դրա իրականությունն այլևս քննարկման առարկա չէ, և փորձեր են արվում հասկանալու, թե ինչպես այն տեղի ունեցավ և թե ինչ է անհրաժեշտ անել հայ և թուրք ժողովուրդների հաշտեցման համար», - ասաց Լեմոնը։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, թուրք պատմաբան Լեռնա Էքմեքչիօղլուն էլ ներկայացրել է ցեղասպանության տարիներին հայ կանանց և երեխաների ծանր վիճակը։ «Ինչպես մահմեդականները բռնազավթում էին հայերի սեփականությունը, այդպես էլ տիրանում էին հայ կանանց ու երեխաներին», - ասաց պրոֆեսորը։

Էքմեքչիօղլուն ներկայացրեց 1916 թվականի ապրիլի 30-ին մարզեր ուղարկված Թուրքիայի ներքին գործերի նախարարության մի գրություն, որում նշվում է, որ այրիացած երիտասարդ հայ կանանց պետք է ամուսնացնել մահմեդականների հետ կամ տեղափոխել հայերով չբնակեցված տարածքներ և այնտեղ ընտելացնել մահմեդական սովորույթներին, իսկ 12 տարեկանից ցածր տարիքի երեխաները պետք է հանձնվեն մահմեդական մանկատներ կամ մահմեդականների ընտանիքներ և դաստիարակվեն որպես մահմեդական:

Պատմաբանը նշեց, թե հայ կանանց ու երեխաների նկատմամբ վերաբերմունքը այն զգալի տարբերություններից էր, որը տարբերում է Հայոց ցեղասպանությունը Հոլոքոսթից. այսպես, եթե նացիստները հրեա կանանց և երեխաներին ոչնչացնում էին, մահմեդականները, ըստ Էքմեքչիօղլուի, հայ կանանց հետ հաճույքով ամուսնանում, իսկ երեխաներին ընտանիք էին վերցնում՝ ապագայում մահմեդական դարձնելու նպատակով:

Քարնեգի կենտրոնի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ղեկավար Թոմ դը Վաալն ասաց, որ Ցեղասպանության հերքումը մասնագետների շրջանում վերջին տարիներին ընդունված չէ։

«Գիտնականները և հատկապես պատմաբանները հաղթահարել են Հայոց ցեղասպանության հիմնավորման վերաբերյալ քննարկումները 10-15 տարի առաջ, և այսօր թուրք գիտնականները նույնպես օգտագործում են Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը, քննարկում դրան վերաբերող մանրամասներ: Այլևս չի կարելի ասել, թե կան «հայ» և «թուրք» պատմաբաններ, այլևս մնացել են լավ պատմաբաններ և վատ պատմաբաններ», - ընդգծեց դը Վաալը։

Նրա խոսքով՝ այժմ, երբ ամեն ինչ պարզ է, հարցը տեղափոխվել է հայ - թուրքական հաշտեցման ոլորտ, որը նույնքան քաղաքականացված է: Անդրադառնալով հաշտեցման հեռանկարներին՝ մասնագետը նշեց, որ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը Հիլարի Քլինթոնի կողմից զբաղեցնելու դեպքում հաշտեցման իրական հեռանկարներ են բացվում, քանի որ Քլինթոնը, անշուշտ, կցանկանա ավարտին հասցնել Շվեյցարիայում սկսած իր նախաձեռնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG