Մատչելիության հղումներ

ԱՄՆ 10 կոնգրեսականներ հարյուր հազարավոր դոլարներ են ստացել Ադրբեջանի նավթային ընկերությունից


Ադրբեջան - SOCAR-ի աշտարակը Բաքվում

Ադրբեջան - SOCAR-ի աշտարակը Բաքվում

The Washington Post-ը հրապարակել է Կոնգրեսական էթիկայի գրասենյակի սկանդալային բացահայտումները:

Ամերիկացի տասը կոնգրեսականներ և նրանց 32 օգնականներ ուղիղ երկու տարի առաջ` 2013 թվականի մայիսին, Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի հաշվին մեկնել են Բաքու` «Ադրբեջան - ԱՄՆ.Ապագայի տեսլական» կոչվող համաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին գրում է ամերիկյան ամենահեղինակավոր պարբերականներից մեկը` The Washington Post-ը, վկայակոչելով Ներկայացուցիչների տան գործունեությունն ուսումնասիրող անկախ հետաքննող մարմնի` Կոնգրեսական էթիկայի գրասենյակի կողմից կազմված 70-էջանոց զեկույցը:

«Այս ուղևորության ընթացքում կոնգրեսականները և նրանց օգնականները հարյուր հազարավոր դոլարներ են ստացել՝ ճանապարհածախսի, որպես նվեր մատուցված թեյի արծաթե սպասքների, մետաքսե շարֆերի և ադրբեջանական գորգերի տեսքով», - գրում է The Washington Post-ը` հատուկ ընդգծելով. - «Զեկույցի հեղինակները պնդում են, որ ամենաէժան գորգն արժեցել է 2500, իսկ ամենաթանկը` 10 հազար դոլար»:

Վկայակոչելով Կոնգրեսական էթիկայի գրասենյակի զեկույցում տեղ գտած տվյալները՝ The Washington Post-ը նաև տեղեկացնում է, որ կոնգրեսականների և նրանց կանանց կամ ամուսինների համար ձեռք բերված ավիատոմսերի ընդհանուր արժեքը գերազանցել է 112 հազար դոլարը:

Ըստ The Washington Post-ի, հետաքննության ընթացքում Կոնգրեսական էթիկայի գրասենյակի աշխատակիցներին հաջողվել է պարզել, որ վերը հիշատակված բոլոր ծախսերը հոգացել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը, Թեքսաս նահանգում գրանցված երկու լոբբիստական կառույցների միջոցով: Հիմնական վճարումները իրականացվել են Հյուսթոնում գործող «Ադրբեջանի ամերիկացի բարեկամներ» կազմակերպության` AFAZ-ի միջոցով:

«2013-ի մայիսի 13-ին SOCAR-ը ադրբեջանա-ամերիկյան կազմակերպության հաշվեհամարին է փոխանցել 750 հազար դոլար: Դրանից երեք օր անց AFAZ-ն առաջին փոխանցումներն է կատարել կոնգրեսականների ավիատոմսերը գնելու նպատակով», - գրում է The Washington Post-ը` Կոնգրեսական էթիկայի գրասենյակի կազմած զեկույցի հետևյալ հատվածը մեջբերելով․ - «Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն ու «Ադրբեջանի ամերիկացի բարեկամներ» կազմակերպությունը նվիրաբերություններ են կատարել` կոնգրեսականների ճանապարհածախսի անթույլատրելի փոխհատուցման տեսքով, ինչը Կոնգրեսում գործող կանոնների, ինչպես նաև դաշնային օրենքների խախտում է»:

The Washington Post-ը նաև տեղեկացնում է, որ չարաշահումների մեջ կասկածվող օրենսդիրներից առնվազն չորսը հրաժարվել են խոսել հետաքննողների հետ: Տասը կոնգրեսականներից միայն մեկը` Օկլահոմայից ընտրված հանրապետական Ջիմ Բրանդեսթայնն է, ով ներկայացրել է ադրբեջանցիներից ստացած նվերների ցանկը` ընդհանուր առմամբ մոտ 6 հազար դոլար արժողությամբ երկու գորգ: Դրանց դիմաց ամերիկացի օրենսդիրն այժմ արդեն պատրաստ է վճարել: Իսկ, օրինակ, Նյու Մեքսիկոյից ընտրված դեմոկրատ Լույան Գրիշեմը Էթիկայի գրասենյակի աշխատակիցների հետ զրույցում ասել է, թե Բաքվում նվեր ստացած գորգերը պաշտոնապես չի հայտարարագրել, քանի որ համոզված է եղել, որ դրանց արժեքը չի գերազանցում 350 դոլարը: «Ես չէի կարծում, որ դրանք արժեքավոր գորգեր են: Անձամբ ես դա երբեք չէի գնի», - նշել է կոնգրեսականը:

XS
SM
MD
LG