Մատչելիության հղումներ

Ոստիկանական բռնություն նախագահականի մոտ՝ զինծառայողների մայրերի նկատմամբ


Իրինա Ղազարյանի համոզմամբ, ոստիկանները դիտավորյալ են իրեն ուշացումով տվել դատաբժշկական փորձաքննություն անցնելու ուղեգիրը:

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները պատմում են, որ այսօր ևս նախագահի նստավայրի մոտ ոստիկանների դիմադրությանն են հանդիպել։ Զոհված զինծառայողների ծնողները Բաղրամյան 26 էին եկել դեռ 7 ամիս առաջ՝ նախագահ Սերժ Սարգսյանին գրած դիմումի մասին տեղեկություն ստանալու, մինչդեռ ոստիկաններն իրենց բռնի ուժով մի մայթից մյուսն են տարել։

«Պատճառն այն է, որ ամիսներ առաջ նրանք նման արարքի համար ընդամենը կարգապահական տույժի ենթարկվեցին», - ասում է ծնողներից Նանա Մուրադյանը։

«Կանգնեցինք ըտեղ, ու ոստիկանները մեզ տեսան, վազելով գալիս են, էն ոնց որ հանցագործների հետևից են վազում։ Վազելով եկան՝ բա գնացեք ստեղից էն կողմ, մի կանգնեք, գնացեք էն դիմացի մայթը կանգնեք, ասեցինք չենք գնալու, մենք հանգիստ կանգնում ենք, ի՞նչ ենք անում, հանգիստ կանգնած ենք, թողեք մեզ, չկպնեք: Հեռախոսով չգիտեմ ում հետ ինչ խոսաց իրանց էդ զվանիայով բարձր ոստիկանը, եկան ու՝ քաշեք, տարեք, սկսեցին մեզ քաշ տալ», - պատմեց նա:

Քաշքշուկից հետո զոհված զինծառայողների ծնողները շտապել են ոստիկանության կենտրոնի բաժին հանցագործության մասին հաղորդում տալու։ Մայրերից Իրինա Ղազարյանը նշում է, որ իրենց այստեղ մի քանի ժամ պահել են և հետո միայն դատաբժշկական փորձաքննություն անցնելու ուղեգիր տվել։

«Հինգ ժամից ավել մեզ պահեցին, որ տան էս որոշումը, ուղեգիր, բայց էսօր արդեն փակ ա։ Հատուկ արեցին, էդ էլ են հատուկ անում, որ ես էսօր չգնամ», - ասաց Իրինա Ղազարյանը։

Ծնողները նշում են, որ չեն հավատում այն վարկածին, թե իրենց տղաներն ինքնասպան են եղել, և պայքարում են, որպեսզի քրեական գործերը նորից քննվեն, մեղավորները՝ պատժվեն։ Նրանք նշում են, որ իրենց սեփական հետաքննությունն են անցկացրել և գիտեն, թե ովքեր են մեղավոր, սակայն իրենց ոչ ոք չի ուզում լսել։

«Դատախազությունը խաբում ա, նախարարությունը խաբում ա, քննչականը խաբում ա, բոլորը խաբում են։ Մենք ո՞ւմ դիմենք, մեկն ա մնում՝ Բաղրամյան 26, ընդեղ էլ գնում ենք, ոստիկանները ծեծում են, ջարդում են, ընենց են սեղմում, ցավից ուշքդ գնում ա», - նշեց Ղազարյանը։

Զոհված զինվորների ծնողները որոշել են ամեն չորեքշաբթի հավաքվել նախագահի նստավայրի մոտ մինչև երկրի ղեկավարն ընդունի իրենց։

«Ուզում ենք՝ մեզ ընդունի, մենք մեր գործերը առերես խոսանք իրա հետ, որ ինքը նայի, ինքը անձամբ կհամոզվի, որ իրոք ստեղ ամեն ինչը կեղծիք ա, որ մի քանի բան ցույց տանք, մենակ նկարները ցույց տանք երեխեքի, ինքը կզգա, որ կեղծիք ա, որ գոնե ինքը սեղմի պատկան մարմիններին, դատախազությանը, որ կարգին իսկական, իրականում քննություն կատարեն», - ասաց Նանա Մուրադյանը։

«5 օր առաջ, նորից ինքնասպանության հասցնելու հոդվածով են դատում։ Էդ սպանություն ա, ինքնասպանություն չկա, ինչպես իմ որդունը: Մենք պայքարում ենք էն զինվորի համար, ով էսօր սահմանն ա հսկում, էն զինվորի իրավունքները, ով վաղը պիտի գնա, որպեսզի չսպանեն, անունը դնեն ինքնասպանություն», - ասաց Հովսեփ Մուրադյանը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG