Մատչելիության հղումներ

Արթուր Հարությունյանին հեռացրել են Հանրապետական կուսակցության շարքերից


Արթուր Հարությունյան, արխիվ
Արթուր Հարությունյան, արխիվ

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանի փոխանցմամբ՝ Հարությունյանը հեռացվել է կուսակցության շարքերից կարգապահական խախտում թույլ տալու պատճառով։

Արթուր Հարությունյանին հեռացրել են Հանրապետական կուսակցության շարքերից։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց Արթուր Հարությունյանը։

«Զանգեցին ասեցին հեռացրել ենք, ասեցի՝ շնորհակալություն, որ տեղյակ եք պահել», - ասաց Հարությունյանը՝ համոզմունք հայտնելով, որ այս որոշումն իր հետագա գործունեության համար խոչընդոտ չի հանդիսանա:

Հարությունյանը, սակայն, նշեց, որ սա իր համար անակնկալ էր. - « Չէի սպասում, որ նման բան կանեն, հարցրեցի պատճառների մասին, չպատասխանեցին»։

Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Հարությունյանը հեռացվել է կուսակցության շարքերից կարգապահական խախտում թույլ տալու պատճառով։

Նա հավելեց, որ կանոնադրության համաձայն, կուսակցությունից հեռացված անդամը կարող է բողոքարկել այս որոշումը. - «Նա կարող է բողոքարկել վերադաս մարմիններին, հարցը կքննարկվի, իսկ, եթե նման ցանկություն հայտնվի, համապատասխան կառույցը կարող է քննարկել և ընդունել համապատասխան որոշում»։

Նշենք, որ Արթուր Հարությունյանն այսօր իր թեկնածությունն է առաջադրել Աբովյանի քաղաքապետի ընտրություներում։ Հանրապետական կուսակցության Կոտայքի մարզային կառույցը որոշել է այդ ընտրություններում սատարել ոչ թե Արթուր Հարությունյանին, այլ Վահագն Գևորգյանին, ով վայելում է Գագիկ Ծառուկյանի աջակցությունը:

Թադևոսյանն այսօր վերահաստատեց՝ կուսակցությունը սատարում է Վահագն Գևորգյանին։

Աբովյանի ՀՀԿ շրջանային կազմակերպության նախագահ Արմեն Գրիգորյանի խոսքով, կուսակցության որոշումները ենթակա են պարտադիր կատարման՝ «ով չի ենթարկվում, հեռացվում է կուսակցության շարքերից»։

«Արթուր Հարությունյանը առաջադրեց իր թեկնածությունը, մենք էլ իրեն հեռացրեցինք: Կուսակցությունն այս ընտրությունում ոչ մեկի թեկնածությունը չի առաջադրել ու որոշել է պաշտպանել անկուսակցական Վահագն Գևորգյանին: Կուսակցական որոշումները ենթակա են պարտադիր կատարման կուսակցության բոլոր անդամների համար: Եթե կուսակցության անդամը չի ենթարկվում այդ որոշումներին, կան պատասխանատվության ենթարկելու կարգապահական նորմեր, ըստ որի, մենք իրեն հեռացրեցինք: Նա արդեն ազատ է իր ընտրության մեջ», - ասաց Գրիգորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG