Մատչելիության հղումներ

Գեներալ Յուրի Բաբանսկին տեղյակ չէ, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին


Խորհրդային միության հերոսի խոսքով՝ զենք վաճառելն արգելված չէ։

Արագածոտնի մարզի Արագած գյուղում Հայրենական մեծ պատերազմի մասնակից, սահմանապահ Սուրեն Թորոսյանին նվիրված հուշաքարի բացմանը մասնակցող Խորհրդային միության հերոս, գեներալ-լեյտենանտ Յուրի Բաբանսկին «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, թե տեղյակ չէ, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, հետո էլ հավելեց՝ զենք վաճառելն արգելված չէ։

«Կարևորն այն է, թե ում ձեռքերում է այդ զենքը հայտնվում և ում վրա է այն ուղղվում, օրինակ, մեզ մոտ՝ Ռուսաստանում, զենքը սեփական ժողովրդին ու հողերը պաշտպանելու համար է», - ասաց Բաբանսկին։

«Ազատության» դիտարկմանը, թե այդ զենքով սպանում են հայ զինվորներին, գեներալն այսպես արձագանքեց. - «Դե, դրանով պետք է դիվանագետները զբաղվեն, գեներալներն այդ հարցում տեղ չունեն։ Գեներալներին երբեմն հրամայում են կրակել, կրակում են, հրամայում են չկրակել, հրանոթները լռում են։ Ամեն դեպքում, կարծում եմ հարցը ճիշտ հասցեով չեք ուղղել, զինվորականներին նման հարցեր չեն տալիս»։

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ Գյումրիում 7 անձանց սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին սահմանապահները չփոխանցեցին Հայաստանի իրավապահներին, միջոցառմանը մասնակցող գեներալ-լեյտենանտ, նախկինում Հայաստանում՝ ռուսական սահմանապահ զորքերի վարչության ղեկավար Միքայել Հովհաննիսյանը պատասխանեց. - «Հայաստանում ռուսական սահմանապահ վարչության ղեկավարը գործել է իր լիազորությունների սահմաններում, դա նրա իրավունքն է, ինքը պատասխանատու է այդ գործողությունների համար։ Համենայնդեպս, նրա գործողություններն առնվազն հավանության են արժանացել Ռուսաստանի սահմանապահ ծառայության կողմից»։

Այլ մանրամասներ չհաղորդելով՝ գեներալը միայն նշեց, որ Պերմյակովին Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազային հանձնելը չէր կարող իրականացվել առանց ռուսական հրամանատարության գիտության։

XS
SM
MD
LG