Մատչելիության հղումներ

logo-print

Սուրիկ Խաչատրյանը պնդում է՝ որդին Հայաստանից չի հեռացել


Փաստաբան Երվանդ Վարոսյանի գնահատմամբ, իրավապահ մարմինները մարզպետի որդուն բերման ենթարկելու գործընթացը իրար վրա են բարդում:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը Գորիսի ծեծկռտուքի գործով անցնում է որպես վկա: Այս մասին «Ազատության»-ը հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Թեպետ Քննչական կոմիտեն երեկ հայտարարել էր, որ Գորիսի ծեծկռտուքի գործով հարկադիր բերման կենթարկվեն հարցաքննության չներկայացած անձինք, այդ թվում՝ Տիգրան Խաչատրյանը, Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ այս պահի դրությամբ Ոստիկանությունը բերման ենթարկելու որոշում Քննչական կոմիտեից չի ստացել: Ինքը՝ Սյունիքի մարզպետը, ինչպես և նախկինում, հերքում է որդու մասնակցությունը արյունալի միջադեպին: «Ազատության» հետ զրույցում այսօր Սուրիկ Խաչատրյանը պնդեց՝ հարցաքննության չներկայացած որդին Հայաստանից չի հեռացել:

«Իմ տղաս ոչ մի բանի հետ կապ չունի: Ինքը Հայաստանը չի լքել», - ասաց Խաչատրյանը:

Սուրիկ Խաչատրյանի կինը, լսելով «Ազատության» հարցը որդու վերաբերյալ, բարկացած ասաց, որ պարտավոր չէ պատասխանել:

Տիգրան Խաչատրյանի մորաքույրը՝ տիկին Լուսինեն զարմացավ, թե ինչու է Տիգրանի գտնվելու վայրը հետաքրքրում մեզ․ - «Ես աշխատանքի վայրում պարտավոր չեմ ձեր հարցերին պատասխանել: Այլևս չզանգահարեք աշխատանքային ժամերին, վերջ»:

«Ես չեմ կարող ձեր հարցերին պատասխանել, որովհետև Սյունիքում չեմ: Շատ լավ շփում ունեմ [իմ քրոջ որդու հետ], բայց [նա երկրում է, թե ոչ] դա ոչ մեկին չի հետաքրքրում», - ասաց Տիգրան Խաչատրյանի մորաքույրը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը վստահ է՝ մարզպետի որդին կարող էր նաև չլքել Հայաստանը, միևնույն է՝ բերման չէր ենթարկվելու:

Սյունիքի մարզպետի տան բակում տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո իրավապաշտպանը վերջին աղմկահարույց դեպքը տարօրինակ չի համարում:

«Այդ ընտանիքի անդամները՝ այդ երիտասարդը իր հոր հետ միասին, իր հոր թիկնապահի հետ միասին սպանեցին Հայաստանի Հանրապետության սպայի և գտնվում էին Հայաստանի Հանրապետությունում: Որևէ տեղ չէին հեռացել և հեռանալու ծրագրեր, ցանկություն անգամ չունեին, և նրանց հետ ոչինչ չի պատահել: Իսկ ո՞վ ասեց, որ այդ սպանությունից հետո պետք է ծեծը չլիներ, ո՞վ ասեց, որ այս ծեծից հետո չպետք է լինի հաջորդ ծեծը կամ հաջորդ սպանությունը: Նա կարող է և չգնալ: Էդ դեպքում ևս նրան վտանգ չէր սպառնա: Նա կարող էր գնալ ուղղակի ասենք առևտուր անելու Փարիզում, բայց նա չի փախել», - ասաց իրավապաշտպանը:

Սյունիքի մարզպետի որդու հետ կապվող ծեծկռտուքից աչքի տեսողությունը կորցրած, տուժող ճանաչված Հարութ Զաքարյանը տեղափոխվել է արտերկիր: Նրա եղբայրը՝ Մուշեղ Զաքարյանն այսօր ենթարկվեց քթի վիրահատության: «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկացնաք, որ բժիշկները Մուշեղի վիճակը գնահատում են բավարար: Միջադեպից ավելի քան տասն օր անց, սակայն, վերջինս տուժող դեռ չի ճանաչվել, ինչը, ըստ Փաստաբանների պալատի անդամ Երվանդ Վարոսյանի, վկայում է նախաքննության խախտումների մասին:

«Ի՞նչ է նշանակում էս իրար վրա գցելու պրոցեսը, որ տեղի է ունենում էս երեք համակարգերի միջև էս դեպքի հետ կապված: Ակնհայտ է մի բան, որ իրենք չեն կարող կատարել իրենց գործառույթները էնպես, ինչպես պետք է կատարեն, ընդամենը ձեռքերը լվանալու պրոցես է տեղի ունենում: Քրեական գործ հարուցելու պահից իսկ բոլոր այն քաղաքացիները, որոնք տուժել են կատարվածի արդյունքում, պիտի ճանաչված լինեին, բնականաբար, տուժողներ: Գործ ունենք ծանր մարմնական վնասվածքի հետ, բայց հայտարարվեց, որ քրեական գործ է հարուցվել խուլիգանություն կատարելու փաստի առթիվ: Ես էդ էլ չեմ հասկանում, ոնց կարող են մարդիկ գնալ «Սդղի գյոլ» կոչվող տարածք հասարակությունից հեռու կռիվ անելու և խուլիգանություն անեն այնտեղ: Փորձաքննություններն էլ, կարծում եմ՝ ոչ թե պիտի նշանակված լինեին, այլ հնարավոր է՝ փորձագետի եզրակացությունն էլ արդեն ստացած լինեին», - ասաց Վարոսյանը:

Ի դեպ, Գորիսի ոստիկանապետն այսօր աշխատանքից ազատվել է: Արդյո՞ք սա որևէ առնչություն ունի քաղաքում մայիսի երկուսին տեղի ունեցած ծեծկռտուքի հետ հարցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, թե Ոստիկանությունում միշտ էլ կադրային փոփոխություններ լինում են: Այլ մանրամասներ Ահարոնյանը չհայտնեց:

XS
SM
MD
LG