Մատչելիության հղումներ

Էներգետիկայի նախարարի խոսքով, Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը «մեզանից չի կախված»


Էներգետիկայի նախարարի խոսքով, Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը «մեզանից չի կախված»
please wait

No media source currently available

0:00 0:04:55 0:00

Նախարարը պնդում է, որ էլեկտրաէներգիայի թանկացումը «ամբողջությամբ հիմնավորված» է

էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը Հայաստանից կախված չէ, իսկ թանկացման պատճառներից մեկն էլ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում վատ կառավարումն է ու գողությունը: Այդ մասին այսօր հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտին, որով ռուսական ընկերությունը առաջարկում է բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել ավելի քան 17 դրամով:

Զախարյանը նախ նշեց՝ սակագների վերանայման առաջարկները հիմնավոր են, սակայն քիչ անց հավելեց․ - «Ես չեմ ուզում թեթևացնել ընդհանուր իրավիճակը, հեռու եմ դրանից: Գիտակցում եմ ստեղծված տնտեսական վիճակը Հայաստանի Հանրապետությունում, և որ դա լուրջ սոցիալական խնդիր է, բայց նորից եմ ուզում նշել, որ սակագների բարձրացումը Հայաստանի Հանրապետությունից կախված չէ: Հայաստանը տարանցիկ երկիր չէ ո՛չ գազի, ո՛չ նավթի, սեփական էներգառեսուրսներ չունի: Դուք ուզում եք սակագներով համեմատվել Ռուսաստանի հե՞տ»:

Երվանդ Զախարյանը նաև տեղեկացրեց՝ միայն վերջին երեք տարիներին ՀԷՑ-ը 37.6 միլիարդ դրամի վնաս է ունեցել՝ չհաշված ընկերության վարկերը, որոնց մասին այսօր նախարարը ոչինչ չասաց: Նրա տեղակալ Իոսիֆ Իսայանը ամիսներ առաջ հայտարարել էր՝ Հայաստանի կառավարության երաշխավորությամբ ՀԷՑ-ը վերցրել է մոտ 220 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ, ինչը նշանակում է, որ եթե ընկերությունը չկարողանա այն մարել, դա անելու է Հայաստանի Հանրապետությունը:

Երվանդ Զախարյանի խոսքով, ՀԷՑ-ի վնասները առաջացել են 2012-2014թթ․ ոչ իրատեսական էներգահաշվեկշիռների հետևանքով, նաև այն պատճառով, որ ԱԷԿ-ի լրացուցիչ կանգառի ու ջրի սակավությամբ պայմանավորված՝ ՀԷՑ-ը ստիպված է եղել ավելի թանկ էլեկտրաէներգիա գնել ջերմաէլեկտրակայաններից:

«Եվ այստեղ կարևոր դեր խաղաց նաև ընկերության ղեկավարության ոչ արդյունավետ աշխատանքը», - նաև ասաց նախարարը:

Որպես օրինակ Զախարյանը նշեց, որ ՀԷՑ-ին թույլատրվել է տարեկան ունենալ առավելագույնը տարեկան 12 տոկոս կորուստներ, սակայն նախորդ 4 տարիներին փաստացի դրանք հասել են մինչև 16 տոկոսի: Նախարարի պարզաբանմամբ, կորուստների յուրաքանչյուր մեկ տոկոսը հավասարազոր է 2.5 միլիարդ դրամի, այսինքն՝ տարի է եղել, երբ միայն կորուստներից ՀԷՑ-ի կրած վնասը հասել է 10 միլիարդ դրամի:

«Կորուստները կապված են և՛ գողությունից, սարքավորումների արտադրման տարեթվից, շահագործման որակից, մարդկանց աշխատելու պատասխանատվությունից, հետևողական աշխատանքների արդյունքներից», - մանրամասնեց նա:

Իսկ երբ հարցրեցինք՝ ինչո՞ւ պետք է Հայաստանի քաղաքացին վճարի օտարերկրյա ընկերության վնասների, փաստորեն այդ ընկերությունում տեղի ունեցած գողության համար, Զախարյանը, ով կառավարության կայքէջի փոխանցմամբ, Հումանիզմի հիմնախնդիրների ակադեմիայի ակադեմիկոս է նաև, պատասխանեց․ - «Ես հայտարարում եմ, որ սակագների փոփոխությունները լինում են ամբողջությամբ հիմնավորված և քաղաքացին որևէ մեկի մեղքի համար չի վճարում»:

Նախարարին հիշեցրեցինք այս հունվարին իր արած հայտարարությունը, թե նախագահ Սարգսյանը հանձնարարել է ամեն ինչ անել, որպեսզի այս տարի էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրանա: Հինգ ամիս անց ստացվում է՝ չնայած նախագահ Սարգսյանի հանձնարարությանը, էլեկտրաէներգիան կրկին կարող է թանկանալ:

«Դժբախտաբար՝ ամեն ինչ մեզանից չի կախված», - արդարացավ նախարարը:

Ավելին՝ նախարարը ակնարկեց, որ երբ 2017թ․ գարնանը ատոմակայանը կես տարով կանգնի վերանորոգման նպատակով, էլեկտրաէներգիան կարող է կրկին թանկանալ: Երվանդ Զախարյանը հայտարարեց՝ ՀԷՑ-ի սեփականատեր ռուսաստանյան «Интер РАО ЕЭС»-ը ցանկանում է ամբողջովին կամ մասնակի վաճառել հայաստանյան ընկերությունը: Այն հարցին՝ իրականությանը համապատասխանու՞մ է տեղեկությունը, որ ՀԷՑ-ը ցանկանում է գնել Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը, նախարարն արձագանքեց․ - «Ես չեմ հերքում և չեմ հաստատում»:

ՀԲ-ն նպատակահարմար չի համարել «Նաիրիտի» վերաշահագործումը

Երվանդ Զախարյանն անդրադարձավ նաև «Նաիրիտի» հարցին, հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ կկարողանան մարել գործարանի աշխատակիցների աշխատավարձի ողջ պարտքը՝ 5.7 միլիարդ դրամ: Ի դեպ, նախարարը հաստատեց տեղեկությունը, որ «Նաիրիտում» վերջերս նոր փոխտնօրեն է աշխատանքի ընդունվել, չնայած տարեսկզից գործարանում աշխատանքից ազատվել է մոտ 1700 մարդ: Նախարարի խոսքից պարզ դարձավ, որ առաջիկայում կառավարությունը կրկին կկարողանա վաճառքի հանել «Նաիրիտ»-ը, քանի որ ԱՊՀ միջպետական բանկում «Ռայնովիլ» ընկերության կողմից գրավադրված «Նաիրիտ»-ի բաժնետոմսերը առաջիկա օրերին ազատվելու են գրավից ու հետ են վերադարձվելու Հայաստանի կառավարությանը:

Նախարարը ներկայացրեց նաև կառավարության խնդրանքով Համաշխարհային բանկի կողմից իրականացված ուսումնասիրության նախնական արդյունքները, թե արդյո՞ք տնտեսապես նպատակահարմար է վերաշահագործել «Նաիրիտը»:

«Համաշխարհային բանկի կարծիքը, եզրակացությունները և առաջարկությունները․․․ «Նաիրիտ» գործարանի հետագա վերագործարկումը, շահագործումը գտնում ենք ոչ նպատակահարմար: Դա բոլորովին չի նշանակում, որ այդ հարցով չզբաղվել․․․ վերջնական որոշողը Կառավարությունն է հետագա ճակատագրի», - ասաց Երվանդ Զախարյանը:

XS
SM
MD
LG