Մատչելիության հղումներ

ՀԽ-ն չի կարող «սահմանադրական բարեփոխումների տապալումը դարձնել օրակարգի գլխավոր հարց»


ՀԽ անդամ Վարուժան Ավետիսյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 12-ը մայիսի, 2015թ.
ՀԽ անդամ Վարուժան Ավետիսյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 12-ը մայիսի, 2015թ.

«Մենք հիմնական գործը տեսնում ենք համակարգից դուրս՝ ժողովրդին քաղաքականապես կազմակերպելու և համակարգը փոխելու մեջ», - ասում է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամը։

«Հիմնադիր խորհրդարան»-ը (ՀԽ) չի կարող սահմանադրական բարեփոխումների տապալումը դարձնել քաղաքական օրակարգի գլխավոր հարց։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը, հավելելով, որ դժվարանում է այժմ «ուղիղ ասել»՝ ՀԽ-ն կհամագործակցի՞ այդ հարցում Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ, թե՞՝ ոչ։

«Եթե նույնիսկ մենք հնարավոր համարենք աջակցել ՀԱԿ-ին այդ հարցում, համենայն դեպս, մենք դա չենք կարող դարձնել քաղաքական օրակարգի գլխավոր հարց, որովհետև մեր հիմնական գործը տեսնում ենք համակարգից դուրս՝ ժողովրդին քաղաքականապես կազմակերպելու և համակարգը փոխելու մեջ», - ասաց Ավետիսյանը՝ նշելով. - «Առհասարակ համակարգի ներսում ցանկացած գործընթաց արդյունավետ չէ, մենք պետք է ավելի բարձր կետից դիտարկենք ընթացող պրոցեսները»։

Հիշեցնենք՝ երկուշաբթի օրը «Ազատության» հարցին, թե ՀԱԿ-ը տեսնո՞ւմ է համագործակցության եզրեր ՀԽ-ի հետ, ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պատասխանեց. - «Ինչու ոչ, կարելի է մտածել նաև քաղաքական համագործակցության մասին, ուղղակի մեր ծրագրերը, մոտեցումները շատ տարբեր են, և ես չգիտեմ՝ ի՞նչ ծրագրի շուրջ կարելի է համագործակցություն կառուցել, բայց մի բանում մենք ունենք ընդհանուր դիրքորոշում՝ դա մերժումն է այս ռեժիմին։ Մենք որևէ խնդիր չենք տեսնում, ուղղակի պետք է լինի այդ ծրագիրը: Օրինակ, մենք հիմա տեսնում ենք, որ գնում է կոնկրետ ոտնձգություն Սահմանադրության վրա, այս հարցի շուրջ կարո՞ղ ենք համագործակցել․ մենք համարում ենք, որ կարող ենք»։

Վարուժան Ավետիսյանի խոսքով, եթե 60-ականների սերունդը կարողացավ լռելյայն սուգի վիճակից ապահովել անցումն ուղղակի բաց հիշողության և պահանջատիրության տիրույթ, ու «այդ ժամանակվա ակտիվ սերունդը ապահովեց արցախյան հաղթանակը և դե յուրե իշխանության կայացումը Հայաստանում», հիմա հաջորդ սերնդի առաջադրանքն է ապահովել «իրական ինքնիշխան պետության կայացումը, որը կախված չէ այս կամ այն աշխարհաքաղաքական ուժային կենտրոնի փեշից»։

«Մենք պետք է մտածենք հաջորդ քաղաքական սերնդի և հաջորդ քաղաքական փուլի վերջնական ազատագրման տրամաբանության և տրամաչափի շրջանակներում», - ասաց Ավետիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG