Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրների պնդմամբ, համայնքների խոշորացումից խնայված գումարը գյուղերի խնդիրները չի լուծի


Եթե նույնիսկ գյուղացիները դեմ քվեարկեն խոշորացմանը, կառավարությունը, միևնույնն է, կիրականացրի ծրագիրը:

Այս կիրակի Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում առաջին անգամ տեղական հանրաքվե կանցկացվի՝ մի շարք համայնքներ միավորելու հարցով։ Ըստ կառավարության, նպատակը կառավարումն ավելի արդյունավետ դարձնելն ու ֆինանսական միջոցները ավելի նպատակային օգտագործելն է։ Կառավարությունը այս հանրաքվեի անցկացման համար 45 միլիոն դրամ է հատկացրել, սակայն արդյունքները պարտադիր չեն կատարման համար: Ինչպես տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, դրանք ընդամենը հաշվի են առնվելու: Եթե նույնիսկ գյուղացիները դեմ քվեարկեն խոշորացմանը, կառավարությունը, միևնույնն է, կիրականացրի ծրագիրը:

Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, մինչդեռ, վստահ է, որ եթե հանրաքվեի արդյունքները անտեսվեն՝ դա հարված կլինի ժողովրդավարությանը․ կմեծանա անվստահությունը երկրի նկատմամբ։ Մինասյանի կարծիքով, որոշումը ոչ թե գրասենյակներում պետք է կայացվեր, այլ գյուղացիների հետ շփումների ընթացքում: Ինքը անձամբ հանդիպել է գյուղացիներին, վստահ է՝ մեծամասնությունը դեմ է խոշորացմանը։

«Գուցե քաղաքացիների հետ շփումները, քաղաքացիների նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը, այն հաշվարկները, որը կդրվեր սեղանին և որը նաև էդ համայնքի ապագան ցույց կտար», - ասաց Մինասյանը:

Համայնքների ներկայացուցիչներին երեկ հանդիպել է նաև ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը։ Նա պատմեց, որ բազմաթիվ հարցերի է պատասխանել, բայց գյուղացիները չեն համոզվել, որ կառավարության առաջարկած բարեփոխման արդյունքում իրենց վիճակը կարող է լավանալ։

Այն, որ քաղաքացիները չեն հավատում, թե կառավարությունը լավ բան է անում, տեղեկացրինք նաև տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանին: Վերջինս արձագանքեց՝ դա լավ չէ։

«Ի՞նչ անենք, բոլորովին բան չանենք՝ ելնելով նրանից, որ էդ կարգի տպավորությո՞ւն կա: Հակառակը՝ պետք է ինչ-որ բաներ անենք, որ էդ հավատը մեծացնենք: Ես վստահ եմ, որ լավ կլինի», - ընդգծեց Ստեփան Մարգարյանը:

Խորհրդարանական ուժերից ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ն արդեն քննադատել են կառավարության այս նախաձեռնությունը։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը գիտի՝ ինչու չեն վստահում գյուղացիները կառավարությանը՝ հավատալու հիմքեր չունեն:

«Իսկ լավ բան տեսե՞լ են, որ հավատան, որ կառավարությունն ընդունակ է լավ բան անելու: Ես պտտվում էի գյուղերում: Գյուղերը գազաֆիկացված են, բայց բոլորը վառում են փայտ ու աթար: Էդ մարդիկ ասում են՝ եթե դու օգնող ես, գազի գինը մի քիչ իջեցրու: Ո՞ր արածին հավատան», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Մանուկյանը չի հավատում կառավարության հիմնավորումներին, թե համայնքների խոշորացման և գյուղապետարաններում հաստիքների կրճատման արդյունքում առաջացած ֆինանսական միջոցներով հնարավոր է համայնքները զարգացնել:

«Կարող են խնայել իրենք ամսական 100-150 հազար դրամ: Ամսական 100 դրամ խնայողությամբ, եթե դու 7 գյուղ միացնում ես իրար, կունենաս,ասենք թե, ամսական 500 հազար դրամի չափ խնայողություն, բայց էդքան մարդ գործազուրկ դարձրիր, ու էդ գումարով դու 7 գյուղ շենացնելու համար ոչինչ չես կարող անել», - ասաց Արամ Մանուկյանը:

ՀԱԿ-ում վստահ են, որ սա կարող է փոքր գյուղերից նաև միգրացիայի պատճառ դառնալ: Մանուկյանի խոսքով, համայնքների զարգացման համար կառավարությունը պետք է այլ ծրագրեր մտածի, իսկ խոշորացումը կատարվի կամավորության սկզբունքով՝ հիմք ընդունելով հանրաքվեի արդյունքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG