Մատչելիության հղումներ

Վրաց - ամերիկյան զորավարժություններ Վազիանիում


Վրաստան - Ամերիկյան զրահատեխնիկան վրաց - ամերիկյան զորավարժությունների բացման արարողության ժամանակ, Վազիանի, 11-ը մայիսի, 2015թ․
Վրաստան - Ամերիկյան զրահատեխնիկան վրաց - ամերիկյան զորավարժությունների բացման արարողության ժամանակ, Վազիանի, 11-ը մայիսի, 2015թ․

Ամերիկացի զինվորականները Վրաստան են ժամանել սեփական զրահատեխնիկայով:

Արդեն երրորդ օրն է ինչ Հայաստանի հետ սահմանից ընդամենը 50 կիլոմետր հեռավորության վրա` Վազիանիում, շարունակվում են վրաց - ամերիկյան համատեղ զորավարժությունները: Դրանց ընդհանուր առմամբ մասնակցում է երկու պետությունների զինված ուժերի 600 զինծառայող:

Վրացական կողմից զորավարժություններին մասնակցում է երկու մոտոհրաձգային վաշտ և Ռազմական ոստիկանության մեկ դասակ, ամերիկյան կողմից՝ մեկ դեսանտային վաշտ:

Ամերիկացի զինվորականները, ի դեպ, Վրաստան են ժամանել սեփական զրահատեխնիկայով: Հատուկ զորավարժություններում ներգրավելու համար նրանք ծովային ճանապարհով 14 միավոր «Բրեդլի» մակնիշի զրահամեքենա են Բուլղարիայից տեղափոխել Վրաստան:

«Այսօր մեկնարկած այս զորավարժությունները Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև ամուր ռազմական համագործակցության ևս մեկ ապացույցն են: Ես ուզում եմ բոլորին ևս մեկ անգամ հիշեցնել, որ թեև Վրաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չէ, այդուհանդերձ, մեր երկիրը կամավորության սկզբունքով մասնակցում է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի գործունեությանը», - զորավարժությունների մեկնարկից առաջ նշում էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` հարկ համարելով հատուկ ընդգծել․ - «Վրաց - ամերիկյան համատեղ զորախաղերը որևէ երրորդ պետության դեմ ուղղված չեն»:

Միացյալ Նահանգների հետ կազմակերպված համատեղ զորավարժությունները, ի դեպ, առաջին մեծ փորձությունն են Վրաստանի պաշտպանության նորանշանակ նախարարի` Թինա Խիդաշելիի համար:

«Առաջին անգամ է, որ մենք նման ծավալի համատեղ զորավարժություններ ենք անցկացնում Միացյալ Նահանգների զինված ուժերի հետ: Այս զորավարժությունները վկայում են, որ Վրաստանը ոչ թե պարզապես գործընկեր պետություն է, այլ ԱՄՆ-ի բարեկամ: Բացի այդ, այս զորավարժությունները եզակի հնարավորություն են ստեղծում վրացի զինծառայողների համար` մարզումներ անցկացնել ամերիկացի գործընկերների հետ` ամերիկյան ռազմական տեխնիկայի կիրառմամբ», - նշում էր Վրաստանի պաշտպանության նախարարը: Նրա խոսքով, սակայն, «զորավարժությունների անցկացումը չի նշանակում, որ մենք պատրաստվում ենք որևէ մեկի հետ պատերազմ սկսել»:

Վրաց - ամերիկյան զորավարժությունները կշարունակվեն մինչև շաբաթավերջ: Դրանց ընթացքում վրացի և ամերիկացի զինծառայողները պարաշյուտով թռիչքներ կիրականացնեն, կլինեն մարտավարական համատեղ պարապմունքներ և կրակային վարժանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG