Մատչելիության հղումներ

Այսօր՝ հրադադարի հաստատման 21-րդ տարելիցի օրը նախարարը նշեց, որ պատերազմը դեռևս չի ավարտվել:

Հրադադարի կնքումից 21 տարի անց հայ-ադրբեջանական մարտական հենակետեր այցելած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ևս մեկ անգամ մտահոգություն հայտնեց Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի վերաբերյալ, սակայն վստահեցրեց՝ հայ զինվորին դա չի ընկճում:

«Իհարկե, մեզ դա մտահոգում է: Բայց յուրաքանչյուր սուվերեն պետության խնդիրն է դա, և կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը այդ ամենի հետ մեկտեղ կարողանում է վերահսկելու վիճակում պահել մեր տարածաշրջանը, մեր հարևաններին: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առաջին գծում կանգնած ոչ մի զինվոր հոգեբանական ոչ մի ընկճվածություն չունի», - ասաց Օհանյանը:

Օհանյանի հավաստամամբ՝ հայկական կողմն իր հնարավորության սահմաններում հետևում է Ադրբեջանի զինված ուժերում տեղի ունեցող զարգացումներին և ունի տեղեկություններ Բաքվի ձեռք բերած սպառազինության վերաբերյալ․ - «Փորձում ենք համապատասխան աշխատանքով պահել այդ հավասարակշռությունը: Այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ուժերի հավասարակշռության, և անկասկած, առաջին հերթին, նոր սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռք բերման, նաև ստորաբաժանումներում տիրող բարոյահոգեբանական մակարդակի, զինծառայողների անհատական մարտական ոգու և որակական պատրաստության շնորհիվ այդ ուժերի հավասարակշռությունը պահպանվում է»:

Ամիսներ առաջ օտարերկրյա տասնյակ լրագրողների մասնակցությամբ ասուլիսում նախագահ Սերժ Սարգսյանը ևս մտահոգություն էր հայտնել Բաքվին ռուսական զենքի վաճառքի հետ կապված և հայտարարել․ - «Խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրը նրանում է, որ մեր սահմանին կամ շփման գծում կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից։ Սա է խնդիրը, որը պետք է լուծվի»:

Խոսելով հրադադարի ռեժիմի խախտումների մասին՝ նախարար Օհանյանն այսօր չշրջանցեց անցած տարվա ամռանը սահմանային լարվածության իր խոսքով աննախադեպ վիճակը․ - «Սա արտահայտվեց և՛ անցած տարվա ամառային մինի­-պատերազմով, և՛ ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի դավադիր խոցմամբ, և՛ տարեմուտի նախահարձակ գործողություններով, և՛ վերջապես ահաբեկչական կազմակերպությունների լավագույն ավանդույթներին համահունչ ոչ-մարտական փոխադրամիջոցի հեռակառավարվող պայթեցմամբ»:

Չնայած երկու տասնամյակ առաջ հաստատված հրադադարին, Օհանյանի համար պատերազմը դեռ չի ավարտվել» - «Այսօր էլ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հակամարտության խնդիրը միայն ու միայն լուծվի խաղաղ պայմաններով: Մենք հետևողականորեն գնում ենք դրան: Իսկ եթե դա չի ստացվում, ապա պետք է հարցնել մեր հարևաններին: Համենայն դեպս մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր հարաբերությունները չսրվեն, և մենք մեր խնդիրները լուծենք միայն և միայն փոխադարձ հասկացության, փոխըմբռնման, մեր շահերի գերակայվող պայմաններում»:

Սեյրան Օհանյանն այսօր անդրադարձավ նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի զինծառայող Հայկազ Բարսեղյանի սպանության գործին՝ վստահեցնելով, թե հետևողական են լինելու, որ բոլոր մեղավորները պատժվեն․ - «Ոչ մի բան չի կարող ազդել դրա վրա, և ոչ մի ուժ չի կարող ազդել, որպեսզի բոլոր խախտողները, բոլոր հանցագործները իրենց արժանի պատիժը ստանան»:

Նախարարը խոսեց նաև զինծառայողների սոցիալական խնդիրներից. հուլիսին զինվորական կենսաթոշակները կավելացվեն 14 տոկոսով։

XS
SM
MD
LG