Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի հանրահավաքային պայքարը «կախված է իշխանության քայլերից»


Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 11-ը մայիսի, 2015թ.

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 11-ը մայիսի, 2015թ.

Լևոն Զուրաբյանի խոսքով, ավելի մեծ «մոբիլիզացիայի հնարավորություն կստեղծվի, երբ որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը պառլամենտի հավանությունից հետո դրվի հանրաքվեի»։

Երեկ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը հայտարարեց, որ հանձնաժողովն աշխատում է մեկ՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցման նախագծի վրա:

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, մասնագիտական հանձնաժողովի այս դիրքորոշումը ոչինչ չի նշանակում։ Նրա կարծիքով, հանձնաժողովը ստանձնել է «Սերժ Սարգսյանի խոսափողի դերը»։

«Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն ուղղակի թաքնվում է այդ մասնագիտական հանձնաժողովի թիկունքում, և ակնհայտ է նաև՝ ինչ պլան է հետապնդում Սերժ Սարգսյանը. Հայաստանի ամենամեծ պրոբլեմը այն է, որ Հայաստանում ոչնչացված է ընտրությունների ինստիտուտը։ Բացարձակապես կարևոր չէ դիկտատուրան ունի պառլամենտական ֆասադ, թե՝ նախագահական ֆասադ։ Սերժ Սարգսյանը չի կարող իրեն թույ տալ կորցնել իշխանությունը երկրում, բայց ինքը գիտի, որ ընտրական խնդիր չունի, ցանկացած պահին ինքը իր ուզած տոկոսը ցանկացած ընտրությունում կարող է ստանալ, միակ խոչընդոտը մեր Սահմանադրության 50-րդ հոդվածն է, որը հստակ ասում է, որ նույն անձը չի կարող ընտրվել անընդմեջ երկու անգամից ավել», - ասաց Զուրաբյանը։

Մեկ տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ պաշտոնապես հայտարարեց. - «Ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»։

Լևոն Զուրաբյանը սակայն թերահավատությամբ է վերաբերում նախագահի այս հայտարարությանը։ «Կասեք, հիմա ինքն է հայտարարել՝ վարչապետ չի լինի, շատ լավ էլ գիտենք՝ ինչ է լինելու, և տեսաք, Վարդան Պողոսյանը, որն արդեն, ասում եմ, դարձել է Սերժ Սարգսյանի խոսնակը, այս հարցերում ուղղակի ասում է՝ «իսկ, ի՞նչ է եղել, ինչո՞ւ ինքը չպետք է զբաղեցնի ասենք՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը», - ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական փոփոխությունների քննարկմանը չմասնակցած Հայ ազգային կոնգրեսը հայտարեց, որ ամեն գնով փորձելու է տապալել սահմանադրական բարեփոխումների գործընթացը, իսկ հանրաքվեի անկացման դեպքում էլ այն վերածել նախագահին անվստահություն հայտնելու քվեարկության, որտեղ սահմանադրական բարեփոխումներին ոչ ասող քաղաքացիները, ոչ կասեն Սերժ Սարգսյանի իշխանությանը։

Մարտի 1-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ապրիլքսանչորսյան միջոցառումներով պայմանավորված ՀԱԿ-ը ժամանակավորապես դադարեցնում է հանրահավաքային պայքարը։ «Ազատության» հարցին, թե արդյո՞ք կարող է ՀԱԿ-ը վերսկսել պայքրան ու այս օրակարգո՞վ տապալել այս բարեփոխումները, Զուրաբյանը պատասխանեց. - «Այո, հենց այդպես էլ կլինի։ Այստեղ, իհարկե, մի խնդիր կա, որ այս օրակարգը կախված է նաև իշխանության քայլերից, այսինքն՝ իշխանությունը պետք է ինչ-որ պահի բերի նախագիծը խորհրդարան, բայց ավելի մեծ մոբիլիզացիայի հնարավորություն կստեղծվի, երբ որ նախագիծը պառլամենտի հավանությունից հետո դրվի հանրաքվեի։ Բոլոր արժանապատիվ մարդիկ պայքարելու են, որովհետև չի կարելի թույլ տալ երկրում բռնապետության ամրապնդում, և լուծվելու է իսկապես ճակատագրական հարց Հայաստանի համար»։

XS
SM
MD
LG