Մատչելիության հղումներ

ՎԶԵԲ. Հայաստանում կարիք կա հավասար պայմաններ ստեղծել գործարարների համար


Միջազգային առաջատար ֆինանսական կառույցներից մեկի՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ղեկավարը կոչ է անում Հայաստանի իշխանություններին խաղի հավասար պայմաններ ստեղծել գործարարների համար: Այսօր Երևանում այս մասին հայտարարեց բանկի նախագահ Սումա Չակրաբարտին՝ Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումներից հետո:

Մեկ այլ միջազգային կառույցի՝ Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակը ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի տնտեսությունը ամենամոնոպոլիզացվածն է նախկին ԽՍՀՄ ու Արևելյան Եվրոպայի երկրների շարքում:

«Ազատության» հարցին՝ ինչքանո՞վ են խանգարում մենաշնորհները Հայաստան նոր ներդրումների ներգրավմանը, Սումա Չակրաբարտին պատասխանեց․ - «Բազմաթիվ հարցերում մենք ու Համաշխարհային բանկը համակարծիք ենք: Երբ ես խոսում էի ներդրումային միջավայրի բարելավման մասին, պետք է մեր ուշադրությունը սևեռենք մի քանի հարցերի ուղղությամբ, և սրանք այն հարցերն են, որոնք մենք բարձրացրեցինք Հայաստանի թե՛ նախագահի, թե՛ վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Մենք կցանկանայինք տեսնել մի ծրագիր, որն իրապես կուժեղացներ հակամենաշնորհային հանձնաժողովը, մենք կցանկանայինք տեսնել հարկային ու մաքսային բարեփոխումների հավասարաչափ կիրառում և մենք կցանկանայինք տեսնել այլ միջոցառումներ նույնպես, որոնք կիրառվել են այլ երկրներում և որոնք հավասար խաղի կանոններ են ստեղծում տարբեր տնտեսվարող սուբյեկտների համար: Որովհետև մոնոպոլիզացված տնտեսությունը սպառողի համար օգտակար բան չէ: Մրցակցության բացակայությունը ենթադրում է բարձր գներ, որոնք վճարում է սպառողը»:

Սումա Չակրաբարտին որպես մրցակցության բարելավման դրական օրինակ բերեց Վրաստանի փորձը:

«2000-ական թթ․ սկզբներին Վրաստանը ձեզնից շատ բանով չէր տարբերվում, բայց նրանք շատ մեծ առաջընթաց գրանցեցին: Շատ մեծ խնդիրներ ու մարտահրավերներ կան, բայց այս ամենը հաղթահարելու համար պահանջվում է քաղաքական կամք ու համարձակություն», - նշեց նա:

ՎԶԵԲ-ը Հայաստանի խոշորագույն վարկատուներից է: 1992թ. մեր երկրում գործունեության մեկնարկից ի վեր բանկը ներդրել է ավելի քան 900 միլիոն եվրո 135 ծրագրերում:

XS
SM
MD
LG