Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը և Սերգեյ Լավրովը հանդիպում են Ջոն Քերրիին


Այսօր Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցելու են Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի հետ։

Սոչիի բանակցությունների օրակարգում Ուկրաինայի, Եմենի, Իրանի և Սիրիայի հարցերն են։

«Այս ուղևորությունը Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ շփման խողովակները պահպանելու և Միացյալ Նահանգների տեսակետները հստակ փոխանցելու մեր աշխատանքի մի մասն է»,- ասել է Պետական դեպարտամենտի խոսնակ Մարի Հարֆը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հուսով է, որ Քերրիի այցը կնպաստի երկու երկրների հարաբերությունների բարելավմանը։

«Միացյալ Նահանգների հետ երկխոսության ընթացքում մենք հետևողականորեն ընդգծում ենք, որ պատրաստ ենք համագործակցության, պայմանով, որ այն հիմնվի հավասարության, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, մեր շահերը հաշվի առնելու և մեր երկրի վրա որևէ ճնշում չբանեցնելու սկզբունքների վրա»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

Մոսկվայում ակնկալում են, որ Քերրին իր հետ Սոչի կբերի ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ու ռուս-ամերիկյան կապերի բարելավմանն առնչվող նոր առաջարկներ։

Ռուսական կողմը չի ենթադրում, որ այդ երկու հարցում կլինի ինչ-որ առաջխաղացում, սակայն այցը կարևոր է համարում, քանի որ այն ունի նաև խորհրդանշական իմաստ. Քերրին մի քանի անգամ հետաձգել է այցը, և հիմա Սոչի մեկնելու նրա համաձայնությունը ռուսները դրական տեղաշարժ են որակում։

Մայիսի 8-ին Վաշինգտոնում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունում տեղի է ունեցել Հաղթանակի 70-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին ներկա Ռուսաստանի հարցերով նախագահ Բարաք Օբամայի գլխավոր խորհրդական Սելեստ Ուոլանդերն ընդգծել է, որ Ջոն Քերրին միշտ կարևոր է համարել Սերգեյ Լավրովի հետ երկխոսությունն այն բնագավառներում, որտեղ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների շահերը համընկնում են, խոսքը նախ և առաջ Իրանի և Սիրիայի մասին է։

Ըստ Պետական դեպարտամենտի պաշտոնական հաղորդագրության, Ամերիկայի արտաքին գերատեսչության ղեկավարը Սոչիից կմեկնի Անթալիա, որտեղ նախատեսված է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդակցությունը, ապա կվերադառնա Վաշինգտոն, որտեղ նախագահ Բարաք Օբաման հանդիպելու է Պարսից ծոցի տարածաշրջանի ղեկավարների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG