Մատչելիության հղումներ

Շարունակվում է մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի երկրորդ փուլը


Մեկնարկել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Եվրոպական միության (ԵՄ) հարևանության ներդրումային ծրագրի աջակցությամբ իրականացվող մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի կարևորագույն բաղադրիչի՝ դրենաժային թունելի երկարացման և մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքները։

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՎԶԵԲ-ի նախագահ Սումա Չակրաբարտին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան։

«Մեզ համար իրականում ամենաառաջնահերթ խնդիրը Երևանի մետրոպոլիտենի անվտանգ աշխատանքի ապահովումն է: ՎԶԵԲ-ի հետ այս տարիների ընթացքում իրականացվող համագործակցության ծրագրերը ծառայել են հենց այդ նպատակին, և երկրորդ փուլի այս բաղադրիչը նույնպես անչափ կարևոր է ու առաջին հերթին ապահովելու է մեր բնակիչների անվտանգ երթևեկությունը», - իր ելույթում ասել է Երևանի քաղաքապետը՝ նշելով. - «Այսօր մենք ստորագրեցինք Երևանի քաղաքային լուսավորության պիլոտային ծրագրի վարկային համաձայնագիրը, որի շրջանակում համագործակցությունը նույնպես, վստահ եմ, կլինի արդյունավետ: Հաշվի առնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցելու առկա մեծ դաշտը, նաև համոզված եմ, որ մեր համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի և կամրապնդվի»։

ՎԶԵԲ-ի նախագահ Սումա Չակրաբարտին էլ իր հերթին, պատրաստակամություն է հայտնել շարունակելու Երևանի քաղաքապետարանի և բանկի միջև իրականացվող ծրագրերը քաղաքային տնտեսության այլ ոլորտներում ևս:

Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի նշված բաղադրիչի նպատակն է մետրոյի վազորդային թունելներ ներհոսող ստորգետնյա ջրերի զգալի նվազեցումը և դրանց ուղղորդումը դեպի Հրազդան գետ: Ծրագրի իրականացման ժամկետը 24 ամիս է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG