Մատչելիության հղումներ

logo-print

«Հայություն» տաղավարում ցուցադրվել են հիմնականում սփյուռքահայ նկարիչների ստեղծագործությունները


«Ոսկե առյուծ» մրցանականը ստացավ Վենետիկի բիենալեի հայկական տաղավարի համադրող Ադելինա Կյուրբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը:

«Ոսկե առյուծ» մրցանականը ստացավ Վենետիկի բիենալեի հայկական տաղավարի համադրող Ադելինա Կյուրբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը:

Այս տարի Վենետիկի հանրահայտ բիենալեին Հայաստանի մասնակցությունը պսակվեց հաղթանակով:

Հայ գեղանկարիչների ստեղծագործությունները, որոնք ցուցադրված էին Սուրբ Ղազար կզղում, «Հայություն» կոչվող տաղավարում, արժանացան Բիենալեի գլխավոր մրցանակին՝ Ոսկե առյուծին:

Ուշագրավ է, որ այս տարի բիենալեին մասնակցում էին հիմնականում սփյուռքահայ անվանի գեղանկարիչներ՝ Նինա Խաչատուրյանը, Նիկոլ Բեզջյանը, Արամ Ջիբեիլյանը (ԱՄՆ-ից), Սիլվինա Տեր-Մկրտչյանը (Արգենտինայից), Հայկ Այվազյանը (Լիբանանից), Մելիք Օհանյանը (Ֆրանսիայից), Սարգիսը (Թուրքիայից), Երվանդ Ջանիկյանն ու Անջելա Ռիկի Լուչին (Իտալիայից), Աննա Բողիկյանը (Եգիպտոսից), Հրայր Սարկիսյանը (Սիրիայից) և ուրիշներ աշխարհի ամենատարբեր երկրներից, որտեղ 100 տարի առաջ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ օթևան են գտել հարյուր հազարավոր հայեր, որոնց ժառանգներն էլ ահա 100 տարի անց արժանանում են այս միջազգային ամենահեղինակավոր փառատոնի բարձրագույն պարգևին՝ Ոսկե առյուծին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրված հայկական տաղավարի 18 մասնակիցների շարքում Հայաստանը ներկայացրել է Միքայել Օհանջանյանը: Փաստորեն առաջին անգամ Վենետիկի բիենալեի հայկական տաղավարում հիմնականում սփյուռքահայ արվեստագետներն են ներկայացված, ինչը թերևս խորհրդանշանական է:

Տարօրինակ է, այդուհանդերձ, որ, օրինակ, Հայաստանի նկարիչների միությունն առհասարակ տեղյակ չէ, թե ինչպես են ընտրվել հայկական տաղավարի մասնակիցները և ինչ ստեղծագործություններ են ներկայացվել: Ի պատասխան «Ազատության» հարցի` միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ իրենք որևէ բանից տեղյակ չեն և այս կապակցությամբ ոչինչ չեն կարող ասել:

Այս տարի Վենետիկի բիենալեի հայկական տաղավարի համադրողը Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգն է: Նա մայիսի 6-ին բացված հայկական տաղավարի անվանումը՝ Armenity (Հայություն), բացատրել է հետևյալ կերպ․ - «Ցուցահանդեսը «Հայություն» անվանելու համար ինձ ներշնչել է ֆրանսերեն Armenity բառը: Այն ինձ թվաց նոր ու հարմար բառ, որպեսզի նկարագրեմ հայ արվեստագետների ու մտավորականների անընդհատ հոսքի մեջ գտնվող մի սերունդ՝ ինքնասահմանման իր բազմազանությամբ, որը սակայն պահպանել է աշխարհում լինելու սուբյեկտիվ զգացողությունը»:

XS
SM
MD
LG