Մատչելիության հղումներ

Մասնագիտական հանձնաժողովը վերջնական եզրահանգում է կատարել «հօգուտ խորհրդարանական համակարգի»


Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներին: 13-ը մարտի, 2015 թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներին: 13-ը մարտի, 2015 թ․

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը, հանձնաժողովն աշխատում է մեկ՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցման նախագծի վրա:

Իշխող Հանրապետականը, հիշեցնենք, չէր բացառել, որ Ազգային ժողովի քննարկմանը կարող է ներկայացվել սահմանադրական փոփոխությունների երկու փաթեթ՝ նաև կառավարման գործող կիսանախագահական համակարգը կատարելագործող:

«Մենք աշխատում ենք մեկ նախագծի վրա, և, կախված քաղաքական կոնսուլտացիաների բնույթից, քաղաքական ուժերի առաջարկություններից, հնարավոր են նաև որոշակի մոդիֆիկացիաներ նախագծում: Չեմ բացառում, որ մեկ նախագծի մեջ լինեն նաև տարբեր այլընտրանքներ: Չնայած դրա հավանականությունը շատ քիչ եմ համարում, որովհետև մասնագիտական առումով Սահմանադրական հանձնաժողովը, կարծում եմ, վերջնական մասնագիտական եզրահանգում է կատարել հօգուտ խորհրդարանական համակարգի», - փոխանցեց Պողոսյանը:

Նրա խոսքով՝ ձևակերպված են սահմանադրական կարգի հիմունքներին, մարդու հիմնական իրավունքներին և ազատություններին վերաբերող սահմանադրական փոփոխությունների նախագծի առաջին երեք գլուխները: Կառավարությանը, Ազգային ժողովին, Հանրապետության նախագահին վերաբերող գլուխների վրա աշխատանքը շարունակվում է:

Այն, ինչ այս պահին պատրաստ է հանձնաժողովի անդամները մայիսի 18-19-ին կքննարկեն Փարիզում Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ․ - Մեր առաջարկած լուծումները հաջողված են: Բայց եկեք առաջ չընկնենք: Երբ որ մենք Վենետիկի հանձնաժողովի հետ դա կքննարկենք, մենք նախատեսում ենք հանդիպումից հետո, մայիսի 22-ին մամլո ասուլիս հրավիրել և արդեն հանրությանը ներկայացնել այն լուծումները, որոնք հանձնաժողովն առաջարկում է»:

Հանձնաժողովն առաջարկություններ է ստացել 14 կուսակցություններից: Պողոսյանի փոխանցմամբ՝ նախագիծն այժմ մշակում են իրենց պատկերացումներով, հաստատված հայեցակարգի հիման վրա: Երբ նախագիծն ամբողջանա, կսահմանվի քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակացույց, կքննարկեն նաև նրանցից ստացած առաջարկները:

Նախագահի հետ հանդիպած ուժերի մեծամասնությունը՝ «Ժառանգություն»-ը, «Բագավաճ Հայաստան»-ը, «Ազատ դեմոկրատներն» ու ՀՀՇ-ն ը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին սահմանված ժամկետում գրավոր առաջարկներ չեն փոխանցել:

«Ազգային ժողովում ներկայացված կուսակցություններից առաջարկություններ են ներկայացրել Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Ազատություն» կուսակցությունը: Հիմա չեմ մտաբերում այլ կուսակցություններ: Ուզում եմ նաև ընդգծել, որ այդ հանդիպումները մասնագիտական բնույթի են լինելու: Այսինքն ընդհանուր քաղաքական բնույթի կոնսուլտացիաները որ թե հանձնաժողովի խնդիրն են, այլ օրենսդրական նախաձեռնություն ցուցաբերողի, տվյալ դեպքում՝ Հանրապետության նախագահի: Հանրապետության նախագահն է իր ուզած տեսքով նախագիծը ներկայացնելու Ազգային ժողով», - փոխանցեց Պողոսյանը:

Հարցին, թե հնարավոր է, որ չներկայացնի, նա արձագանքեց․ - «Որևէ բան բացառել հնարավոր չէ, բայց չեմ կարծում, որ նման տարբերակ կլինի»:

Քաղաքական հավանություն տալով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին՝ նախագահ Սարգսյանը կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու հարցում մտավախություններ ուներ․ լավ չէր պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է երաշխավորելու երկրի արտաքին ու ներքին անվտանգությունը:

Ըստ Վարդան Պողոսյանի, այս պահին էլ վերջնական լուծում չկա, թե ով է լինելու անվտանգության երաշխավորը, բայց նախնական մոտեցմամբ երկրի նախագահը պետք է հեռու մնա այդ հարցերից․ - «Մեզ համար ակնհայտ է, որ այդ բոլոր հարցերի համար վերջնական պատասխանատուն գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է՝ կառավարությունը: Եվ, բնականաբար, այդտեղ կարող են լինել տարբեր լուծումներ․ թե ինչպես կարող է կառավարության մեջ դերերի բաշխումը կատարվել, վարչապետն ինչ լիազորություններ է ունենալու այդ հարցում, Պաշտպանության նախարարն ինչ լիազորություններ է ունենալու, Գլխավոր շտաբի պետը ինչ լիազորություններ է ունենալու»:

Սահմանադրական փոփոխությունների ամենասուր քննադատ Հայ ազգային կոնգրեսը պնդում է, որ Սերժ Սարգսյանը նախաձեռնել է գործընթացը՝ սեփական իշխանությունը հավերժացնելու համար: Մեկ տարի առաջ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը հայտարարել էր, որ այլևս երբեք չի առաջադրվելու Հայաստանի նախագահի պաշտոնում, իսկ եթե ընտրվի կառավարման խորհրդարանական մոդելը, ապա չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Ազգային ժողովի նախագահի՝ բավականին ազդեցիկ պաշտոնի մասին Սերժ Սարգսյանը չէր խոսել:

«Ինչո՞ւ պետք է Հանրապետության այսօրվա գործող նախագահը որևէ քաղաքական պաշտոններ չզբաղեցնի կամ հրաժարվի դրանցից: Կա՞ որևէ հիմնավորում դրա համար», - այս առնչությամբ հարցրեց Վարդան Պողոսյանը և շարունակեց․ - «Հետևաբար, եթե որևէ քաղաքական ուժի լիդերը դառնում է խորհրդարանի նախագահ, կամ ընդհանրապես որևէ պետական պաշտոն չի զբաղեցնում, մնում է միայն կուսակցության լիդեր, դա միայն իր իրավունքն է: Եվ կապել դրա հետ և ասել, որ հենց այդ պատճառով են սահմանադրական բարեփոխումները իրականացվում, առնվազն միամտություն է: Ի վերջո, եթե մենք նայում ենք միայն այդ տեսանկյունից, ապա հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ չէր կարելի թողնել այս նույն համակարգը այնպես, ինչպես որ կա: Չէ՞ որ գործող համակարգը հնարավորություն է տալիս նաև, որպեսզի երկրի վարչապետը առաջին ջութակի դերակատարումը ստանձնի»:

Եթե տեղի ունենա կառավարման համակարգի փոփոխություն, Հայաստանում այլևս մեկ համապետական ընտրություն կանցկացվի՝ Ազգային ժողովի: Առաջիկան 2017-ին է:

Սահմանադրական փոփոխությունների ընդդիմացողներին մտահոգում է նաև ընտրությունների անցկացման որակը: Վարդան Պողոսյանն ասաց, թե ընտրությունների ազատությունը չեն կարող «դեկրետով կարգավորել», բայց տարբեր մեխանիզմներ առաջարկելու են․ - «Այսօր էլ են մեր Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն ընտրությունները ազատ: Այստեղ առաջին հերթին իշխանության երկկենտրոնացումն է, որ բացասական ազդեցություն է ունենում ընտրությունների որակի վրա: Եվ եթե չկա այդ երկկենտրոնացումը, ապա ողջամիտ է ենթադրել, որ ազատ ընտրությունների անցկացման համար ավելի բարվոք պայմաններ կլինեն»:

XS
SM
MD
LG