Մատչելիության հղումներ

Խաղաղ պայմաններում հերթական զինծառայողն է զոհվել


Հարություն Համբարյանի հարազատները բացառում են ինքնասպանությունը:

Լոռու մարզի Արևաշող գյուղից Լեռնային Ղարաբաղ զորակոչված 20-ամյա Հարություն Համբարյանին այսօր հուղարկավորեցին։ Գյուղապետ Պերճ Պապիկյանն «Ազատությանը» փոխանցեց, որ թե՛ ինքը, թե՛ ընտանիքը չեն հավատում, որ զինվորը կարող էր ինքնասպան լինել․ - «Տենց բան չկա: Հոդվածն էր դրել ըտենց, բայց հըլա քննությունն ա գնում: Ինքն էլ էն ընտանիքից էր, էն տղեն էր, որ տենց բան չէր ըլի»:

Համբարյանների ընտանիքում դեռևս այլ վարկածներ չեն քննարկում։ Գյուղապետի փոխանցմամբ՝ սպասելու են նախաքննության ավարտին:

Նախաքննական մարմինը, մինչդեռ, առայժմ չի հայտնել, թե կան արդյոք կասկածյալներ, որոնք, ըստ քրեական գործի, «սպառնալիքի, դաժան կամ անձը նվաստացնող վերաբերմունքի միջոցով զինվորին ինքնասպանության են հասցրել»:

Քննչական կոմիտեն, ըստ պաշտոնական հաղորդագրության, դեռ ձեռնարկում է անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Իրավապաշտպանների տվյալներով, սա այս տարի բանակում խաղաղ պայմաններում արձանագրված մահվան արդեն 9-րդ դեպքն է։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նույնպես չի հավատում Հարություն Համբարյանի ինքնասպանության վարկածին․ - «Ինչպե՞ս հավատալ: Իրենք հորինում են վարկածներ, և հետո այդ հորինվածքը հասցնում են մինչև դատարան և վերին ատյաններ․․․ Կեղծիքի վրա սարքված բազմաթիվ զինվորական մահվան դեպքեր։ Եվ եթե դու դատարան ես անգամ հասնում, և դատարանում հնարավոր է լինում քիչ թե շատ քննություն կատարել, այս անգամ էլ դատախազությունը ճնշում է գործադրում դատարանի վրա, որպեսզի այդ փաստական հանգամանքները տեղ գտնեն որոշման մեջ»:

Իրավապաշտպանը բազմաթիվ օրինակներ է բերում նախկինում ինքնասպանության վարկածներով քննված մահվան գործերից ու դատավճիռներից, որոնք հաճախ կայացվել են առանց էական ապացույցների ու հանգամանալից քննության։

Ալեքսանյանի պնդմամբ, ինքնասպանության վարկածը նախընտրելի է, քանի որ այդ դեպքում գործն ավարտվում է ավելի մեղմ պատժի նշանակմամբ, սպայական կազմը և հրամանատարությունը, որպես կանոն, պատասխանատվությունից խուսափում են: Միևնույն ժամանակ չեն հաստատվում պնդումները բանակում տիրող ապօրինությունների ու ամենաթողության մասին․ - «Հիմա որ Գևորգ Կոստանյանը շատ է ձգտում ընդլայնել իր լիազորություները, նա ի՞նչ է արել այս տարիների ընթացքում: Երեք տարի զինվորական դատախազ է եղել, կոծկվել են գործերը այնպես, եղել է մինչ այդ: Հիմա շատ ավելի վատ վիճակ է, քան նախկինում»:

Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի քննադատության թիրախը ևս գլխավոր դատախազն է: Ինքնասպանության վարկածը, ըստ Մարտիրոսյանի, «ամենաձեռնտու տարբերակն է՝ կոծկելու դատաիրավական ու պաշտպանական համակարգերի կոռումպացվածությունը»․ - «Մանավանդ, որ բոլոր սպանությունների ժամանակ սլաքները տանում են դեպի գնդի հրամանատարը, դեպի կորպուսի հրամանատարը, դեպի դիվիզիայի հրամանատարը»:

Սպանությունները ինքնասպանության քողի տակ կոծկելու՝ Մարտիրոսյանի բերած օրինակները ևս շատ են: Մահացածների հարազատները մինչև հիմա այդ գործերը վիճարկում են դատարաններում։ Արտակ Նազարյանի գործը, օրինակ, հասել է Եվրոպական դատարան։

Մեկ այլ դեպքով զինվորը, Մարտիրոսյանի փոխանցմամբ, երեք անգամ կրակել է կզակին, ինչը հաստատել են նաև վկա զինվորները։ Մինչդեռ հետագայում հաստատվել է, որ կզակից բացի, հրազենային վիրավորում է եղել նաև զինվորի ոտքին։

Բանակում մահվան դեպքերը քննադատել էր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը վերջին տարեկան զեկույցում՝ արձանագրելով․ - «Չեն ձեռնարկվել անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ զինված ուժերում մահվան, ինչպես նաև կանոնադրային հարաբերությունների խախտման մի շարք դեպքերը կանխելու ուղղությամբ»։

Պաշտպանության նախարարությունը դեռեւս պաշտոնական վիճակագրություն չի հրապարակում այս տարվա ընթացքում բանակում խաղաղ պայմաններում քանի զինվոր է զոհվել:

XS
SM
MD
LG