Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պահանջում է հետաքննել Մակեդոնիայի դեպքերը


Մակեդոինա -- Ոստիկանը զննում է տարածքը, Կումանովո, 10-ը մայիսի, 2015թ․

Մակեդոինա -- Ոստիկանը զննում է տարածքը, Կումանովո, 10-ը մայիսի, 2015թ․

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մակեդոնիայի դեպքերի առնչությամբ զսպվածության կոչ է արել և պահանջել թափանցիկ և մանրակրկիտ հետաքննություն իրականացնել, պարզել անցած օրերին զինված խմբավորումների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների պատճառներն ու հանգամանքները:

Ստոլտենբերգի այդ հայտարարության պահին արդեն հայտնի էր, որ Սերբիայի և Կոսովոյին սահմանակից Մակեդոնիայի Կումանովո քաղաքում զինված խմբավորման և ոստիկանության բախումների հետևանքով սպանվել է 8, վիրավորվել՝ 37 ոստիկան: Բախումների ընթացքում սպանվել է զինված խմբավորման 14 ներկայացուցիչ:

«Ես հետևում եմ Կումանովոյում տեղի ունեցողին մեծ անհանգստությամբ»,- հայտարարել է Ստոլտենբերգը և հավելել․- «Շատ կարևոր է, որ բոլոր կողմերն աշխատեն միասին՝ թափանցիկ հետաքննության միջոցով տեղի ունեցածի պատճառները պարզելու նպատակով: Ես բոլորին հորդորում եմ զսպվածություն դրսևորել և խուսափել իրավիճակի հետագա սրացումներից՝ հաշվի առնելով երկրում և ամբողջ տարածաշրջանում դրա կարևորությունը»:

Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը ավելի վաղ հայտարարել էր, որ խորապես մտահոգված է վերջին երկու օրերի դեպքերով: BBC-ի հաղորդմամբ՝ Մակեդոնիայի իշխանությունները Կոսովոյին են մեղադրում տեղի ունեցածի մեջ:

Մակեդոնիայի ներքին գործերի նախարարն իրավիճակը որակել է ահաբեկչություն և հայտարարել, որ զինված խմբավորման նպատակն է Մակեդոնիայի ներքին կայունության խարխլումը: Նա լրագրողներին ասել է, որ զինված խմբավորման 30 անդամ ոստիկանական շուրջկալի հետևանքով ստիպված է եղել վայր դնել զենքերը, սակայն նրանց զինակիցները շարունակում են Մակեդոնիայում ահաբեկչական գործունեության խորացման փորձերը:

Մակեդոնիայի վարչապետը հայտարարել է, որ խմբավորման մեջ ներգրավվել են «վարժ մարտիկներ, ովքեր մասնակցել են միջինարևելյան գոտում տեղի ունեցած գրոհներին»:

Կումանովոյի խաղաղ բնակիչները «Ազատության» հետ զրույցներում իրենց մտահոգություններն են արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Դրսում կրակ են բացում և հնարավոր չէ տանից դուրս գալ: Մենք նախընտրում ենք նստել տանը»,- ասել է բնակիչներից մեկը:

Վերլուծաբաններն իրավիճակի լարվածության ֆոնին առավել կարևորում են հարցը, թե ինչ գործելաոճ կնախընտրի ընդդիմությունը, որը պահանջում է պահպանողականների կուսակցության առաջնորդ, վարչապետ Նիկոլա Գրուևսկիի հրաժարականը: Մակեդոնիայում ընդդիմության բողոքի ակցիան նախատեսված է մայիսի 17-ին:

XS
SM
MD
LG