Մատչելիության հղումներ

Մերկել. Ղրիմի բռնակցումը հետ է գցել ռուս-գերմանական հարաբերությունները


Ռուսաստան - Անգելա Մերկելը և Վլադիմիր Պուտինը համատեղ մամլու ասուլիսի ժամանակ, Մոսկվա, 10-ը մայիսի, 2015թ․

Ռուսաստան - Անգելա Մերկելը և Վլադիմիր Պուտինը համատեղ մամլու ասուլիսի ժամանակ, Մոսկվա, 10-ը մայիսի, 2015թ․

Չնայած, որ արևմտյան երկրների առաջնորդները ուկրաինական իրադարձությունների պատճառով մեծամասամբ բոյկոտեցին մայիսի 9-ի զորահանդեսը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մոսկվա եկավ, սակայն մայիսի 10-ին: Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ծաղկեպսակ դրեց անհայտ զինվորի հուշարձանին և հերթական անգամ ներողություն խնդրեց Ռուսաստանի ժողովրդից: Մերկելն ընդգծել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի համար պատասխանատվությունը ֆաշիստական Գերմանիայի վրա է:

Այդուհանդերձ, Գերմանիայի կանցլերը Պուտինի հետ համատեղ մամլո ասուլիսին բավականին կոշտ դիրքորոշում դրսևորեց: Մերկելն ասաց որ Ղրիմի բռնակցումը հետ է գցել ռուս-գերմանական հարաբերությունները:

«Ղրիմի հանցավոր անեքսիան, որը խախտում է միջազգային նորմերը և Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող ռազմական հակամարտությունը լուրջ վնաս են հասցրել մեր երկրների հարաբերություններին: Սա միջազգային կանոնների, միջազգային կարգի լուրջ խախտում է, և մենք պետք է հնարավորինս անենք՝ հակամարտությունները կարգավորելու համար», - ասաց Անգելա Մերկելը:

Բացի այս՝ Գերմանիայի կանցլերը նաև ընդգծել է, որ հրադադար Արևելյան Ուկրաինայում չկա․ անջատողականների կողմից այն խախտվում է բազմիցս:

Պուտինն, իհարկե, հակադարձեց, որ հրադադարը խախտում են նաև Կիևի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական ուժերը:

Հատկանշական է, որ Պուտինն այս ասուլիսին մեծամասամբ խոսում էր ռուս-գերմանական առևտրատնտեսական հարաբերություններից, իսկ Մերկելը միայն քաղաքական հարցերի մասին է խոսել:

Ռուսաստանի և Գերմանիայի ղեկավարներն անդրադարձել են նաև Ռիբենտրոպ-Մոլոտով պակտին: Այդ համաձայնագրի շրջանակներում ԽՍՀՄ-ը և ֆաշիստական Գերմանիան 1939 թվականին պայմանավորվել էին բաժանել Լեհաստանը երկու մասի: Պատմաբաններն այն հանցավոր են համարում, իսկ Պուտինը հայտարարել է, որ Սովետական միությունն այս քայլին է գնացել իր սեփական անվտանգությունն ապահովելու համար:

Մերկելը այս հարցում էլ Պուտինի հետ չի համաձայնել և հայտարարել է, որ Ռիբենտրոպ-Մոլոտով համաձայնագիրը անօրինական էր:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG