Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանի մրցույթների մասնակիցները չորս տարի է նույնն են


Երևանի քաղաքապետարանի շենքը երեկոյան

Երևանի քաղաքապետարանի շենքը երեկոյան

Չնայած պետական հանձնաժողովի արձանագրումներին՝ քաղաքապետարանում վստահեցնում են, որ գնումներն իրականացրել են բաց, թափանցիկ և հրապարակային:

Երևանի քաղաքապետարանի հայտարարած շինաշխատանքների մրցույթները խախտումներով են ընթացել։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ուսումնասիրության համաձայն, չորս տարիների ընթացքում փողոցների ասֆալտապատման, շենքերի, բակային տարածքների կառուցման և այլ շինաշխատանքների համար հայտարարված մրցույթներին մասնակցել են նույն ընկերությունները, որոնք, ի դեպ, կուլիսային պայմանավորվածություններ են ունեցել։

Երևանի քաղաքապետարանում, սակայն, համաձայն չեն այս մեղադրանքին։ «Ազատության» գրավոր նամակին քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը պատասխանել է․ - «Երևանի քաղաքապետարանն իր կարիքների համար գնումներն իրականացրել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի տառին համապատասխան՝ բաց, թափանցիկ և հրապարակային: Ավելորդ չեմ համարում նշել, որ չի սահմանափակվել որևէ կազմակերպության մասնակցությունը հայտարարված մրցույթներին»:

Մինչդեռ պետական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ մրցույթների կեսից ավելիի դեպքում մրցակցությունն ընդհանրապես բացակայել է։

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը նշում է, որ ընդդիմադիր գործիչներն արդեն մի քանի տարի է բարձրաձայնում են այս խախտումների մասին, մինչդեռ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը միայն հիմա է տվյալներ հրապարակում։ Պատճառը, ըստ նրա, այն է, որ միջազգային վերջին զեկույցների համաձայն՝ հանձնաժողովը անգործության էր մատնված, և հիմա ՏՄՊՊՀ-ն փորձում է ցույց տալ, որ ինչ-որ աշխատանք այնուամենայնիվ կատարում է։

«Եվրոպական հարևանության գործողությունների ծրագրի իրականացման մոնիթորինգի զեկույցում լուրջ քննադատության արժանացավ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Այսինքն, եկեք արձանագրենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այս ուսումնասիրությունը արել է միայն այն պարզ պատճառով՝ ոչ թե ներքին քննադատությունների ճնշման տակ, այլ եվրոպական կառույցների քննադատության արդյունքում, իսկ զեկույցը, պետք է ասել, 2014 թվականի համար կազմված զեկույցը չափազանց խիստ գնահատականներ է տվել Հայաստանի կողմից իր պարտավորությունները պատշաճ չկատարելուն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆարյանը:

Պետական հանձնաժողովը հայտնաբերած փաստերի առնչությամբ առայժմ միայն վարչական վարույթ է հարուցել: Հանձնաժողովի վերլուծության և մրցակցության գնահատման վարչության առաջին բաժնի պետ Մանուկ Միքայելյանի խոսքով, ուսումնասիրությունները կշարունակվեն, որպեսզի պարզ լինի՝ արդյոք պե՞տք է որևէ մեկին պատասխանատվության ենթարկել։

«Ես էս պահին ձեռնպահ կմնամ օգտագործել՝ խախտումներ, կամ ինչպես դուք եք նշում՝ մախինացիա և այլն, քանի որ այս պահին մենք ընդամենը ուսումնասիրություն ենք իրականացրել, և ուսումնասիրության արդյունքում՝ որոշակի ռիսկային գործընթացներ են տեղի ունեցել, որոնց հիման վրա էլ մենք որոշում ենք կայացրել հարուցել վարչական վարույթ», - «Ազատության» հետ զրույցում նշեց Միքայելյանը:

Եթե հակամրցակցային համաձայնություն բացահայտվի, պետական հանձնաժողովը կարող է 5-ից մինչև 200 միլիոն դրամի տուգանք սահմանել, ասում է ՏՄՊՊՀ-ի պաշտոնյան։

Մինչդեռ ընդդիմադիր գործիչ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ մեղավորներին պետք է քրեական պատասխանատվության ենթարկել, քանի որ հայտնաբերված փաստերը վկայում են միլիոնավոր դրամների վատնման մասին:

«Իրականում սա բավականին լուրջ փաստ է՝ խոսքը վերաբերում է 20 միլիարդ դրամի ծախսերի կամայականորեն վարվելուն», - ասաց մայրաքաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամը՝ շարունակելով․ - «Մեր երկրում, ցավոք սրտի, նման դեպքերում լուրջ քրեական գործեր չեն հարուցվել և չեն հարուցվելու, կարելի է կանխատեսել՝ եթե անգամ հարուցվեն, ապա ինչ են լինելու․ խոսքը ամենևին չի վերաբերելու, ուրեմն, այսպես ասենք՝ պետական միջոցները, բյուջեի միջոցները վատնելուն, այլ, բնականաբար, ընդամենը ընթացակարգերը խախտելուն, որ ուղղակի մրցույթը պատշաճ չի իրականացվել»։

Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ պետական գնումների ոլորտի խախտումները վերաբերում են ոչ միայն Երևանի քաղաքապետարանին, այլև բոլոր նախարարություններին և պետական կառավարման մարմիններին։

Վերջին ակնառու օրինակը մանկապարտեզներին շուկայականից ավելի բարձր գներով սնունդ մատակարարող ընկերություններինն է, ասում է նա։ «Թերևս մենք այդ դեպքում ունեինք հիմք՝ ի դեմս ամրագրված գների, որոնք նրանք ներկայացրել էին մրցույթում», - նշեց Սաֆարյանը:

Իսկ տվյալ պարագայում հիմնական բարդությունը, ըստ նրա, այն է, որ հնարավոր չէ «անցած տարիների ասֆալտապատման գործընթացների արդյունավետությունը գրանցել, քանի որ դրանք արդեն անցյալում են»։

«Գոյություն ունեն այսպես կոչված պետական մարմինների «լյուբիմչիկներ» (ռուսերեն՝ սիրեցյալներ), ովքեր մշտապես դիմում են, մշտապես հաղթում են, նրանց համար ստեղծվում են ամենալավ պայմանները, որպեսզի որևէ մրցակից չունենան, և աշխատանքները պատվիրվում են հենց նրանց։ Դրա համար երկրում մենք ունենք այս իրավիճակը», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը:

XS
SM
MD
LG