Մատչելիության հղումներ

Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Եգիպտոսի նախագահները


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպում է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է դարավոր բարեկամության վրա հիմնված հայ - եգիպտական հարաբերությունների հետագա զարգացումն ու այդ հարաբերություններին նոր լիցք հաղորդելը: Երկկողմ կապերի ամրապնդման գործում նախագահները մեծ տեղ են վերապահել փոխայցելությունների ակտիվացմանը:

Սարգսյանը հույս է հայտնել, որ ալ-Սիսիի կողմից ձեռնարկված բարեփոխումները, որոնք ուղղված են երկրում կայունության հաստատմանն ու Եգիպտոսի զարգացմանը և արդեն իսկ տալիս են որոշակի արդյունքներ, հիմքեր կստեղծեն նաև հայ - եգիպտական հարաբերությունները զարգացնելու նախկին ակտիվությամբ ու արդյունավետությամբ:

Եգիպտոսի նախագահը վստահություն է հայտնել, որ այդ հարաբերությունները և համագործակցությունը շատ ավելի մեծ զարգացում կունենան, քան նախկինում էր: Նա նշել է, որ իր երկիրը բարդ ժամանակաշրջան է անցել, և նախորդ տարվա ընթացքում Եգիպտոսում շատ բան է արվել անվտանգության ու կայունության հաստատման ուղղությամբ:

Ալ-Սիսին դրվատանքով է խոսել եգիպտահայ համայնքի մասին՝ նշելով, որ հայերին Եգիպտոսում մշտապես վերաբերվել են որպես եղբայրների:

Հայաստանի և Եգիպտոսի նախագահները երկուստեք կարևորել են եգիպտահայ համայնքի դերը երկու երկրների միջև բարեկամության ամրապնդման գործում: Այս համատեքստում ընդգծվել է Եգիպտոսի պետականաշինության մեջ մեծ դեր ունեցած այնպիսի անհատների դերը, ինչպիսին է եգիպտահայ քաղաքական գործիչ, Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար փաշան:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, Մերձավոր Արևելքում ներկայիս իրավիճակին և տարածաշրջանային այլ խնդիրների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG