Մատչելիության հղումներ

«Դժվար էր, բայց մենք հասել ենք մեր նպատակին»


Լեռնային Ղարաբաղում այսօր մայիսյան Եռատոնին նվիրված հանդիսությունները առավոտից սկսեցին Պաշտպանության բանակի զինվորականները՝ քայլերթով:

Այստեղ էին ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, այլև Ղարաբաղի առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Ղարաբաղի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը:

Վերջինս լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ շատ անելիքներ կան, պատերազմը դեռ ավարտված չէ: «Այս օրը մեզ հուշում է, որ մենք հզոր ենք, երբ որ մենք միասին ենք, և մենք ի վիճակի ենք լուծել ամենաբարդ խնդիրները: Այսօր ժողովրդի դեմքերին երջանկություն եմ ես տեսում, որովհետև մարդիկ հասկանում են, որ դժվար էր, բայց մենք հասել ենք մեր նպատակին», - ասաց Ղուկասյանը:

Ավելի ուշ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ Պաշտպանության բանակի հետախուզական ստորաբաժանումների պարապմունքների ցուցադրումը, որին հաջորդեց սպառազինության ու ռազմական տեխնիկայի ցուցադրումը:

Տոնական միջոցառումները Ղարաբաղում մեկնարկել են դեռ նախօրեին Շուշիում՝ տոնական համերգով:

«Ազատության» հետ զրույցում Շուշիի վարչական շրջանի ղեկավար Վլադիմիր Կասյանն ասաց՝ Շուշիի ձեռքբերումներն այս տարիների ընթացքում շատ են:

«Վերջին հինգ-վեց տարիների ընթացքում Շուշիում մի շարք մշակութային օջախներ են բացվել, և մոտ ժամանակներս, առաջիկա տարիներին ևս մենք կունենանք Ագրարային համալսարանի մասնաճյուղը Շուշիում՝ մոտ հազարից ավելի ուսանողներ կլինեն, երկու թանգարան ենք բացել, և սպասվում է առաջիկայում նման մշակութային օջախների բացում: Այնպես որ՝ Շուշին այսօրվա դրությամբ զարգանում ու աճում է», - նշեց Կասյանը:

Ղարաբաղցիները կրկնակի ուրախ են, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձի տոնակատարությունները համընկել են Շուշիում հաղթանակի ու Պաշտպանության բանակի օրվա հետ:

Տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձներով են հանդես եկել Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի նախագահները, Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Տոնական միջոցառումները Լեռնային Ղարաբաղում կավարտվեն այսօր երեկոյան՝ համերգով ու հրավառությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG