Մատչելիության հղումներ

«Հերոսներին՝ ազատո՛ւմ, հանցագործները՝ բանտո՛ւմ»


«Հիմնադիր խորհրդարան»-ի նախաձեռնությամբ շաբաթ օրը մի խումբ ակտիվիստներ՝ եռագույնը ձեռքներին, իշխանություններին քննադատող պաստառներով, շարժվեցին դեպի «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Շանթ Հարությունյանին ու ընկերներին, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին ու Հայկ Կյուրեղյանին։

Երթին մասնակցում էին նաև օրեր առաջ ազատ արձակված «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ու ընկերները։

Հասնելով «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, ակցիայի մասնակիցները չկարողացան դարպասներից այն կողմ անցնել` ոստիկանական պատի պատճառով։

«Հերոսներին՝ ազատո՛ւմ, հանցագործները՝ բանտո՛ւմ», «Ազա՛տ, անկա՛խ Հայաստան», «Մենք բոլորս Ժիրայր ենք, դու բոլորդ Լիսկա եք», «Ռեժիմի գլխին՝ շա՛նթ», վանկարկում էին ակտիվիստները:

Զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքով մոտ մեկ ամիս ազատազրկված Սեֆիլյանն ու աջակիցները դիմեցին նաև Շանթ Հարությունյանին ու ընկերներին՝ պնդելով՝ նրանք ևս ճաղերի հետևում են հայտնվել իրենց քաղաքական հայացքների համար։

«Ազատությո՛ւն Վոլոդյա Ավետիսյանին, ազատությո՛ւն Շանթ Հարությունյանին, ազատությո՛ւն Վարդան Վարդանյանին», - բացականչում էին ցուցարարները:

Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ իշխանություններն իրենց ազատ արձակեցին միջազգային կառույցների ճնշման ներքո, և որ իրենք անելու են հնարավորը, որ նույն միջազգային կառույցները նաև ճնշում գործադրեն Շանթ Հարությունյանին ու ընկերներին ազատ արձակելու համար։

«Միջազգային կազմակերպությունների աչալուրջ, այսպես ասած, խոշորացույցով որ հետևում են մեզ այս օրերին, ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք այս ակցիաները անընդհատ շարունակել: Չեմ կասկածում, որ օրեր հետո մենք բոլոր տղաներին տեսնելու ենք ազատության մեջ: Ազատությո՛ւն քաղբանտարյկալներին», - ասաց Սեֆիլյանը:

Պաստառները վեր պարզած՝ երթի մասնակիցները «Վարդաշեն»-ից շարժվեցին դեպի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ ևս նրանց դիմավորեց ոստիկանական պատը։

«Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչ, Սեֆիլյանի հետ մեկ ամիս բանտում անցկացրած Գարեգին Չուգասզյանն ասաց՝ քաղաքացիական անհնազանությունից չեն հրաժարվել, շարունակելու են պայքարը օրենքի շրջանակներում։

«Բանտերն էլ են մերը, մեր հայրենիքի մասին են, և այն մարդիկ, այն քաղաքական բանտարկյալները, որոնք գտնվում են այսօր բանտերում, նրանք ամեն ազգի պատիվ կբերեին: Այն նվիրյալները՝ լինի դա Շանթը իր ընկերներով, Հայկը Կյուրեղյան, Վոլոդյա Ավետիսյանը, նրանք պատիվ կբերեին որևիցե ազգի, որը գտնվում է ավտորիտար, բռնակալական ռեժիմի տակ», - հայտարարեց Չուգասզյանը՝ հավելելով․ - «Եվ մենք այստեղ ենք եկել ասելու, որ ռեժիմը հանձնվելու է՝ քայլ առ քայլ, նահանջելով, ինչպես որ նահանջեցին՝ մեկ ամիս մեզ պահելով այս և «Վարդաշեն»-ում և «Նուբարաշեն»-ում»:

Ժիրայր Սեֆիլյանը համոզված է՝ համառությունն ու հետևողականությունն անպայման արդյունքի կբերեն: «Քաղբանտարկյալների ազատ արձակումը հեռու չէ», - ասաց նա:

«Ազատության» հարցին, թե իսկապե՞ս Արցախի հերոս գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանն իրեն չի ճանաչում, ինչպես ասել էր նախօրեին Եռաբլուրում, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար ժիրայր Սեֆիլյանն արձագանքեց․ - «Միշտ ասել ենք, որ մեզ հետաքրքրում է մեր ժողովրդի կարծիքը, այլ ոչ թե գեներալների: Առհասարակ կողմ չեմ հրապարակավ ինչ-որ մեսաժներ (ֆրանսերեն՝ ուղերձ), հա՞, ուղարկեն տարբեր մարդիկ, իմաստը ո՞րն է: Կարծում եմ՝ նա իր մեսաժով համապատասխան մեսաժ էլ ստացել է արդեն հանրությունից, հասարակությունից»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG