Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Եվրասիական տնտեսական միությունը դառնում է առևտրատնտեսական լուրջ միավոր


Հայաստանի, Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հանդիպման ժամանակ, Մոսկվա, 8-ը մայիսի, 2015թ․

Հայաստանի, Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հանդիպման ժամանակ, Մոսկվա, 8-ը մայիսի, 2015թ․

Հայաստանի նախագահի մի շարք առաջարկներով է հանդես եկել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի մոսկովյան նիստում:

Այս տարվա սկզբից Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունները սկսեցին լայնածավալ գործակցություն նոր իրողություններում և պայմաններում, ավելի քան 170 միլիոն սպառող ունեցող ընդհանուր շուկայով, որտեղ ապահովված են ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար համապատասխան իրավական հիմքեր: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ երեկ Մոսկվայում ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Ըստ Հայաստանի նախագահի՝ աշխատանքը պետք է ուղղված լինի առևտրային և ներդրումային հոսքերի ավելացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, Եվրասիական տնտեսական միության ինստիտուտների ուժեղացմանը և վերջնարդյունքում՝ տնտեսությունների ինտեգրման ավելի բարձր մակարդակի հասնելուն:

«Այսօր մենք կշարունակենք Եվրասիական ինտեգրացիոն միությանը Ղրղըզստանի Հանրապետության միանալուն ուղղված աշխատանքը: Հայաստանում ավարտված է ներպետական համաձայնեցման գործընթացը, որն անհրաժեշտ է 2015 թվականի փետրվարի 6-ին Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին համաձայնեցված արձանագրությունների նախագծերի ստորագրման համար: Հետևաբար, ելնում ենք նրանից, որ առանց փոփոխությունների այս արձանագրությունների ստորագրումը թույլ կտա անցնել վավերացման գործընթացին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն», - ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունը դառնում է առևտրատնտեսական լուրջ միավոր, որը գրավում է շատ երկրների հետաքրքրությունը՝ Լատինական Ամերիկայից մինչև Ասիա: Սարգսյանը կարևոր քայլ է համարել Վիետնամի հետ Ազատ առևտրի մասին համաձայնագրի նախապատրաստման գործընթացի ավարտումը, անհրաժեշտ է համարել շարունակել ընդլայնել համագործակցության աշխարհագրական արեալը նաև հարավային ուղղությամբ, մասնավորապես՝ Իրանի հետ ավելի սերտ կապերի հաստատման միջոցով: «Անհրաժեշտ է նաև հատուկ ուշադրություն հատկացնել Հարավարևելյան Ասիան և Պարսից ծոցը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ միացնող խոշոր տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերի ներդրմանը», - ասել է Հայաստանի նախագահը և հավելել, որ այդ համատեքստում յուրահատուկ ներուժ է տեսնում BRICS երկրների հետ փոխշահավետ համագործակցության հաստատման մեջ, որտեղ Ռուսաստանն առանցքային դեր ունի:

«Մեր պետությունների համար կարևոր նշանակություն և հսկայական ներուժ ունի Չինաստանի՝ աշխարհի խոշորագույն տնտեսություններից և մեր միության գլխավոր առևտրային գործընկերներից մեկի հետ համագործակցությունը: Նման համագործակցության խորացումը թույլ կտա ոչ միայն ընդլայնել մեր ընդհանուր շուկան, ներգրավվել ներդրումներ, այլև միանալ խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը՝ այսպիսով դիվերսիֆիկացնելով մեր միության լոգիստիկ հնարավորությունները», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

«Միջազգային և տարածաշրջանային մի շարք անբարենպաստ գործոնների ազդեցության ներքո մեր տնտեսական տարածքը բախվում է որոշակի դժվարությունների, որոնց հաղթահարումը կախված է ընդունվող որոշումների մշակվածությունից և դրանք արդյունավետ կյանքի կոչելուց: Մեր պետությունները հասել են ինտեգրացիայի որոշակի մակարդակի, և համաշխարհային տնտեսության զարգացման միտումները պահանջում են մեր գործողությունների համակարգվածության մակարդակի բարձրացում», - ասել է Հայաստանի նախագահը և շարունակել․ - «Այս ուղղությամբ կարևոր քայլը 2015-2016 թվականների համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների մասին նախագծի հաստատումն է, որի իրականացումը թույլ կտա ապահովել մեր պետությունների մակրոտնտեսական կայունությունը և կնպաստի տնտեսական աճի տեմպերի բարձրացմանը»:

«Մեր միության գործունեության առաջնային ուղղություններից մեկը միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ստեղծումն է: Մեր պետությունները տիրապետում են էներգետիկ պաշարների հսկայական ծավալների և ունեն արտադրական ներուժ: Անհրաժեշտ է օգտագործել այս համեմատական առավելությունը՝ հիշյալ ոլորտում Եվրասիական տնտեսական միության միջազգային մրցունակության բարձրացման համար: Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգի հետևողական իրագործումը և այդ շուկայի արդյունավետ գործարկումը թույլ կտան ուժեղացնել ԵԱՏՄ-ի՝ որպես գլոբալ էներգետիկ շուկայի առանցքային խաղացողի դիրքերը», - ասել է Սերժ Սարգսյանը:

«Մեր համատեղ գործունեության մեկ այլ կարևոր ուղղությունը ծառայությունների շուկայի փուլային ազատականացումն է: Հայաստանն ամբողջ ծավալով միանում է ծառայությունների միասնական շուկայի ցանկին, որը հաստատվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ տնտեսական ինտեգրման գործընթացում ապրանքների շուկայի ազատականացումը առանց ծառայությունների շուկայի ազատականացման թույլ չի տալիս լիարժեքորեն գործարկել ինտեգրացիոն միավորման տնտեսական ողջ ներուժը: Կարծում եմ՝ տվյալ ոլորտը պետք է լինի մեր ուշադրության կիզակետում», - նշել է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG