Մատչելիության հղումներ

Նալբանդյան. Թուրքիան որքան հեռու մնա ղարաբաղյան բանակցություններից, այնքան՝ լավ


Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Երևանը անընդունելի է համարում հայ - թուրքական հարաբերությունների նորմալացումը ղարաբաղյան կարգավորման հետ կապելը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հինգշաբթի օրը The New York Times-ին հեռախոսով տված հարցազրույցում քննադատել է Թուրքիային «ագրեսիվ» արձագանքի համար, որը Անկարան ցուցաբերում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրների ու միջազգային կազմակերպությունների նկատմամբ:

Հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները միջազգայնորեն ցեղասպանություն ճանաչելը Նալբանդյանը գնահատել է «անշրջելի և աճող գործընթաց»:

Նա նաև հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, ով մինչև նախագահ ընտրվելը հայերի կոտորածները ցեղասպանություն էր ճանաչել, նույն եզրույթը կօգտագործի և նախագահի պաշտոնում: «Իհարկե, եթե նախագահը օգտագործի ցեղասպանություն բառը, դա կլինի ուժեղ և կարևոր ազդանշան», - ասել է Նալբանդյանը:

Վաշինգտոնում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև մամուլի ասուլիս է տվել: Մայիսի 7-ին ԱՄՆ Մամուլի ազգային ակումբում կայացած ասուլիսում նա ասել է, թե Հայաստանը կտրականապես դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին Թուրքիայի մասնակցության գաղափարին: Նա պնդել է, որ Երևանը անընդունելի է համարում հայ - թուրքական հարաբերությունների նորմալացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապելը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Նալբանդյանը ասել է. - «Ոչ միայն ես, այլև Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների ներկայացուցիչները ևս գտնում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները իրար կապելը կարող է վնաս հասցել այդ գործընթացներից յուրաքանչյուրին»:

«Ես կարող եմ կրկնել, որ եթե Թուրքիան հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմամբ, ապա պետք է որքան հնարավոր է հեռու մնա բանակցային գործընթացից», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

Նա նշել է, որ հրաժարվելով վավերացնել 2009-ին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու «պատմական շանս» կորցրեց, «իսկ հիմա Թուրքիան վերադարձել է նախապայմաններով խոսելու լեզվին»:

Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստան - Թուրքիա երկկողմ հարաբերությունների նորմալացմանը խոչընդոտում է նաև 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ժխտելու Թուրքիայի «շատ ագրեսիվ քաղաքականությունը»:

Արտգործնախարարը հերքել է շրջանառվող լուրերը, թե Հայաստանը ներկայումս Թուրքիայի հետ կուլիսային խորհրդակցություններ ու գաղտնի բանակցություններ է անցկացնում:

Ամեն դեպքում, ընդգծել է Նալբանդյանը, Հայաստանը և Թուրքիան հարևան երկրներ են, և երկկողմ հարաբերությունները նորմալացնելու «այլընտրանքը չկա»:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ նա ասել է, որ Երևանը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նալբանդյանը հայտնել է, որ հիմա աշխատանք է տարվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու համար:

«Շատ բարդ է ասել, թե հանդիպումը երբ կկայանա, բայց մենք այդ ուղղությամբ աշխատում ենք», - ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG