Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը դեմ է «Համայնքների խոշորացման» ծրագրին


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ

«Ժառանգություն»-ը հայտարարում է, որ դեմ է «Համայնքների խոշորացման» ծրագրի իրականացմանը, որի արդյունքում մի շարք համայնքներ կմիավորվեն:

Կուսակցության հայտարարության համաձայն, իշխանությունները հանրաքվեի կազմակերպման և անցկացման ընթացքում «ապօրինություններ» են իրականացրել, որի կապակցության «Ժառանգություն»-ը «հայտնում է իր վրդովմունքը»:

«- Խախտվել է Տեղական հանրաքվեի մասին օրենքի Հոդված 22-ի 5-րդ կետի 1-ին ենթակետը, որով պետական և համայնքային պաշտոններ զբաղեցնողներին արգելվում է քարոզչություն ծավալել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել,

- խախտվել է նույն օրենքի Հոդված 23-ի 1-ին կետը և չի բացվել բանկային միասնական հաշիվ (Քարոզչության հաշիվ): Ըստ նույն կետի՝ քարոզչության նպատակով նախաձեռնող խմբի կողմից ֆինանսավորման այլ աղբյուրներից ծախսեր կատարելն արգելվում է, իսկ ըստ նույն օրենքի Հոդված 23-ի 3-րդ կետի՝ քարոզչության հաշվին մուծումներ կատարելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ քարոզչության հաշվին մուծումներ կատարելու իրավունք չունեն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու բյուջետային հիմնարկները», - մասնավորապես ասված է հայտարարությունում:

Կուսակցությունը դեմ է համայնքների խոշորացման ծրագրին, քանի որ

«1. առանց այն էլ կիսադատարկ շատ գյուղերի խորապատկերին կարող է խթանվել դրանց հետագա ամայացման գործընթացը,

2. տեղերում կարող են առաջանալ կառավարման համակարգի նոր խութեր, վտանգվել տեղական ինքնակառավարման էությունը՝ հասանելի իշխանության սկզբունքը,

3. իրական վտանգ կա, որ առկա քաղաքական անվստահության պայմաններում մեծ ու փոքր գյուղերի միջեւ կստեղծվի միջհամայնքային լարվածություն,

4. որևէ երաշխիք չկա, որ չի խախտվի համայնքների համաչափ զարգացման սկզբունքը,

5. չի լուծվում ֆինանսների և լիազորությունների՝ դեպի համայնքներ ապակենտրոնացման խնդիրը, ինչը ՏԻՄ ինքնուրույնությունն ու անկախությունը ապահովող միակ ուղին է»:

Հիշեցնենք, համայնքների խոշորացման ծրագրին դեմ էր արտահայտվել նաև Հայ ազգային կոնգրեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG