Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ Թուրքիան պարտվեց արդարության դեմ իր պայքարում


Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի

Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի

Ժխտումը հաշտեցման դուռ չի բացում, այն մարդկության դեմ նոր հանցագործությունների դուռ է բացում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հինգշաբթի օրը Վաշինգտոնում ԱՄՆ Մամուլի ազգային ակումբում կայացած ասուլիսի ժամանակ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Այս համոզմունքով էր, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագի ժամանակ նշեց. - «Քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է թողնել արնաքամ լինող վերքը՝ առանց վիրակապելու»։ Նորին Սրբության ուղերձը ըմբռնելու փոխարեն, ցավոք, Թուրքիան համարձակվեց նրան մեղադրել կողմնակալության մեջ։ Եվ սա միակ դեպքը չէ. Թուրքիան կոպտորեն մեղադրեց բոլոր նրանց, ովքեր վերջին շաբաթների ընթացքում իրենց համերաշխությունը հայտնեցին և ոգեկոչեցին 100-րդ տարելիցը», - ասել է Նալբանդյանը և ընդգծել․ - «Թուրքիան ոչ միայն մեղադրեց այդ երկրներին և միջազգային կազմակերպություններին, այն մարտահրավեր նետեց ճշմարտությանը և ակնհայտորեն պարտվեց արդարության դեմ իր պայքարում։ Ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը այդ ձախողման վկայությունն է»։

«Գերմանիայի նախագահի հայտարարությունը, ինչպես նաև Ավստրիայի խորհրդարանի բանաձևը ցույց տվեցին, որ պետությունները, որոնք 100 տարի առաջ Օսմանյան կայսրության դաշնակիցն էին, առերեսվում են իրենց պատմությանը», - շեշտել է Հայաստանի արտգործնախարարը:

«Հիշատակման օրերը կարող էին հնարավորություն հանդիսանալ՝ ընդունելու անցյալը և առավել լավ ապագայի հիմքեր ստեղծելու։ Մենք հուսով էինք, որ Թուրքիան կընթանա այդ ճանապարհով, քանզի խորապես համոզված ենք, որ կա ավելի լավ ընտրություն, քան` Ցեղասպանությունը իրականացնողների արդարացումը։ Նախորդ տարվա օգոստոսին Անկարայում ես Թուրքիայի Նախագահին փոխանցեցի Հայաստանի Նախագահի հրավերը՝ մասնակցելու Երևանում 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Թուրքիան կրկին հրաժարվեց սեղմել իրեն մեկնած ձեռքը», - հայտարարել է Նալբանդյանը:

«Լուիս Մորենո Օկամպոն՝ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազը, Երևանում կայացած Գլոբալ ֆորումին հայտարարեց. - «Եթե մենք չենք կարող ճանաչել 100 տարի առաջ տեղի ունեցածը, ինչպե՞ս կարող ենք ցեղասպանության իրականացման դեմն առնել այսօր»։ Հնարավո՞ր էր արդյոք խուսափել Հոլոքոսթի, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի սարսափներից կամ այսպես կոչված «Իսլամական պետության» զոհերի տառապանքներից, եթե Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչվեր, իսկ իրականացնողները արդարադատության առաջ կանգնեին։ Մենք համոզված ենք՝ «Այո»-ն է ճիշտ պատասխանը», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

«Եթե դեռ ոմանք կասկածներ ունեն, թերևս, դրանք կարող են փարատվել Հոլոքոսթի նախաշեմին ասված Ադոլֆ Հիտլերի խոսքերի հիշատակմամբ, որոնք ես երեկ կրկին անգամ տեսա Վաշինգտոնի Հոլոքոսթի թանգարանում. - «Ո՞վ է այսօր խոսում հայերի կոտորածների մասին», - Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հայտարարել է Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG