Մատչելիության հղումներ

Արթուր Հարությունյանը և Վահագն Գևորգյանը կպայքարեն Աբովյանի քաղաքապետի պաշտոնի համար


Հանրապետական կուսակցության Կոտայքի մարզային կառույցը որոշել է մեկ ամիս անց կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում սատարել ոչ թե ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանին, այլ Վահագն Գևորգյանին, ով, իր խոսքով, վայելում է Գագիկ Ծառուկյանի աջակցությունը: «Ազատության» հետ զրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նշեց՝ Կոտայքի մարզային կառույցը իրավունք ուներ ինքնուրույն որոշելու, թե որ թեկնածուին է սատարելու:

«Հանրապետականի Աբովյանի կառույցը պաշտպանել է այն թեկնածուին, ում որ նպատակահարմար է համարել», - ասաց Մելիքյանը:

Փետրվարին Սերժ Սարգսյանը Ծառուկյանին «քաղաքական չարիք» էր համարել: Այն բանից հետո, սակայն, երբ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին, նրա փեսան Աբովյանի քաղաքապետից դարձավ Կոտայքի մարզպետ: Հիմա էլ ՀՀԿ-ն որոշել է սատարել Վահագն Գևորգյանին, ով հայտնի է որպես Ծառուկյանի օգնական:

Հարցին՝ արդյոք սա չի՞ վկայում այն մասին, որ Ծառուկյանի հարաբերությունները ՀՀԿ-ի հետ շտկվել են, իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը պատասխանեց․ - «Հարաբերությունները միշտ էլ լավ են եղել»:

Չունենալով սեփական կուսակցության հավանությունը՝ հանրապետական, 8 տարի Աբովյանում տրանսպորտի ոլորտում բիզնես ծավալող Արթուր Հարությունյանը ևս հայտարարում է, թե մասնակցելու է քաղաքապետի ընտրություններին: Նա մտադիր է ինքնաառաջադրվել: Վստահ է, որ առանց ՀՀԿ-ի աջակցության էլ կհաղթի: Նա տարօրինակ չհամարեց, որ Հանրապետականը իրեն չի սատարում:

«Բայց ես ի՞նչ եմ արել, որ ՀՀԿ-ն ինձ սատարի, ընդհակառակը, ես եմ ՀՀԿ-ին սատարել: Էն ժամանակ ես չե՞մ կանգնել, ՀՀԿ-ի ընտրությունները ես չե՞մ ստանձնել Աբովյան քաղաքում: ՀՀԿ-ն, որ սատարում է Վահագն Գևորգյանին, շնորհավորում եմ», - ասաց Արթուր Հարությունյանը:

Նա «Ազատության»-ը փոխանցեց, որ 300 աշխատատեղ ունի իր բնակավայր Աբովյանում․ - «Դա հանաք բան չի»: Նա նշեց, որ ճանաչում է, բայց մրցակից չի համարում քաղաքապետի պաշտոնին հավակնող Վահագն Գևորգյանին:

Վահագ Գևորգյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում նշել էր, թե «որպես ավագ ընկերոջ է Ծառուկյանին տեղեկացրել իր թեկնածությունն առաջադրելու մասին»:

Գևորգյանը հրաժարվեց որևէ հարցի պատասխանել․ - «Ես որոշել եմ մինչև ընտրությունների ավարտը ոչ մի հարցազրույց չտամ: Նախապատրաստական լուրջ աշխատանքներ եմ հիմա ես իրականացնում, խնդրում եմ, էլի: Աշխատում ենք»:

Աբովյանում նախընտրական տրամադրություն չէր նկատվում: Ընտրողներից շատ քչերն էին թեկնածուների մասին լսել, է՛լ ավելի քչերն էին նրանց ճանաչում: Փոխարենը շատերն էին նշում՝ վստահում են նրան, ում Ծառուկյանն է վստահում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG