Մատչելիության հղումներ

logo-print

Վաշինգտոնում ստորագրվեց «Առևտրի և ներդրումների մասին» հայ - ամերիկյան համաձայնագիրը


Այսօր Վաշինգտոնում ստորագրվեց Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև տարիներ շարունակ բանակցված «Առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը, որի նպատակն է նպաստել երկու երկրների միջև առևտրի և ներդրումների ընդլայնմանը, «Ազատության» հետ զրույցում փոխանցում է «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության ղեկավար Արամ Վանեցյանը:

«Մի քանի ամիս առաջ հայտարարություններ եղան Միացյալ Նահանգների կողմից՝ կոնգրեսականներ, տնտեսական մասնագետներ, վերլուծաբաններ, ասում էին, որ Ռուսաստանի նկատմամբ իրագործվող արևմտյան պատժամիջոցների արդյունքում տուժում է նաև Հայաստանը, և Հայաստանին օգնելու միջոցներից մեկը այս առևտրի պայմանագիրն է, որը ավելի մեծ հնարավորություն կտա Հայաստանին գրավելու արտասահմանյան, մասնավորապես՝ ամերիկյան ներդրողներին», - մանրամասնեց Վանեցյանը:

Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում ժամեր անց կմեկնարկի նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքը, որին հազարավոր քաղաքացիների հետ միասին կմասնակցեն ամերիկացի օրենսդիրներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, Միացյալ Նահանգների երկրորդ ամենաազդեցիկ պաշտոնյայի՝ փոխնախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ:

Վաշինգտոնի Ազգային տաճարում նախատեսված այդ միջոցառման ընթացքում ելույթով հանդես կգա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով արդեն երկրորդ օրն է՝ աշխատանքային այցով գտնվում է Միացյալ Նահանգների մայրաքաղաքում:

Ինչպես փոխանցում «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունը, երեկ Սերժ Սարգսյանն այցելել է հրեական ողջակիզման թանգարան, որտեղ ծանոթացել է Հոլոքոսթի պատմությանն ու հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:

Հայաստանի նախագահի այցն անչափ կարևոր է, քանի որ հյուրընկալել Հայաստանի նման եզակի պատմություն ունեցող երկրի նախագահին մեծ պատիվ է: «Այս այցը նաև ցույց է տալիս նախագահի հարգանքը մեր նկատմամբ», - նշել է թանգարանի ավագ խորհրդական Արթուր Բերգերը:

Հայաստանի նախագահի գրասենյակը տարածել է նախագահ Սարգսյանի գրառման տեքստը՝ թողնված թանգարանի պատվավոր հյուրերի գրքում: Հայաստանի նախագահը, մասնավորապես, նշել է, որ մարդկության դեմ հանցագործությունների մասին պատմող թանգարանները հստակ ուղերձ են ներկա և ապագա սերունդներին , որպեսզի միշտ վառ պահեն անցյալի դառը հիշողությունները՝ դրանցից դասեր քաղելու և դրանք սերնդեսերունդ փոխանցելու համար:

Հայաստանի նախագահի հետ Վաշինգտոն են մեկնել նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը:

Ի դեպ՝ այսօր ամերիկյան Սենատն իր աշխատանքը սկսել է Արամ առաջինի աղոթքի խոսքով: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն իր խոսքում կրկնել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապի ներկայությամբ հնչեցրած իր հայտնի խոսքը՝ «արդարությունն Աստծո պարգևն է, և արդարության բռնաբարումը մեղք է Աստծո նկատմամբ»:

XS
SM
MD
LG