Մատչելիության հղումներ

logo-print

Գոհար Ենոքյանն ազատ արձակվեց


Դատախազի որոշմամբ նրա խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Այսօր էրեբունու ոստիկանության ժամանակավոր պահման վայրից ազատ արձակվեց նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ենոքյանը:

Դատախազի որոշմամբ նրա խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

«Ազատության» հարցին, թե ինչպես է իրեն զգում, Ենոքյանն արձագանքեց․ - «Ինչպե՞ս կզգա անմեղ մարդը, որ ընկնի սենս տեղ ոչ նորմալ մարդկանց պատճառով»:

Մայիսի 4-ին ձերբակալված Գոհար Ենոքյանին այսօր մեղադրանք է առաջադրվել: Ըստ Գլխավոր դատախազության տարածած հայտարարության, նախկին պատգամավորը մեղադրվում է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ի շարքերը վերջերս լքած Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանությունը նախապատրաստելուն ուղղված գործողություններ կատարելու մեջ:

«Ազատության» հետ զրույցում Ենոքյանը հայտարարեց, որ չի ընդունում իր մեղքը, իսկ իր դեմ հարուցված քրեական գործը «այլ նպատակներ է հետապնդում»․ - «Ժամանակը կգա, դա էլ կպարզվի: Անմեղ մարդը, ինչքան ուզում է ստորացնեն, չի ստորանա: Որովհետև մաքուր մարդը մնում է մաքուր: Դա ժամանակի հարց է: [Իսկ] նպատակը նա է, որ ուզում են խլել իմ հիմնարկը ին ձեռքից: Ուրիշ ոչ մի բան էլ չեմ ասի: Եվս մի անգամ իմ բոլոր հարազատներին, ընկերին, նրանք, ովքեր չիշտը գնահատացին, իմ խորին շնորհակալությունը»:

Հարցին, թե ինչ կասեր Կարո Կարապետյանին, Ենոքյանը պատասխանեց․ - «Թող առողջ ապրի այս աշխարհում ու միայն Աստծուց վախենա»:

Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, Գոհար Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել դեռևս 2014 թվականին հարուցված քրեական գործի շրջանակներում, որում որպես մեղադրյալ ներգրավված է և կալանքի տակ է գտնվում Ենոքյանի եղբորորդին՝ Արայիկ Ենոքյանը:

Դատախազությունը նշում է, որ Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ Արայիկ Ենոքյանը և Գոհար Ենոքյանը Կարո Կարապետյանից վերցրած գումարները հափշտակելու նպատակով վերջինիս սպանությունը նախապատրաստելուն ուղղված գործողություններ են կատարել: Սակայն քանի որ 2012 թվականին Արայիկ Ենոքյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար, նրանց նախապատրաստած հացագործությունը ավարտին չի հասցվել:

Խարդախության մեղադրանքը վերաբերել է ավելի քան 6 միլիոն դոլարին, որը, ըստ մամուլի հրապարակումների, հենց նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի գումարն է եղել:

Գոհար Ենոքյանի փաստաբան Գեղամ Հակոբյանի խոսքով, մեղադրանը հիմնավոր չէ․ - «Բացարձակ ոչինչ գոյություն չունի, չի էլ կարող ունենալ, քանի որ դեպքը տեղի չի ունեցել: Սա հորինված սցենարով հանգամանքներ են վերագրվում բոլորովին այլ սցենարներով»:

Հիշեցնեմ, Գոհար Ենոքյանին ազատ արձակելու միջնորդությամբ գլխավոր դատախազին էին դիմել Ազգային ժողովի 37 պատգամավորներ: Միջնորդությունը նախաձեռնած Նաիրա Զոհրաբյանն այսօր ասաց․ - «Կարծում եմ, որ կարողացանք մի ինչ-որ փուլի խնդիր լուծել, որ առողջական նման վիճակում գտնվող կինը լինի ազատության մեջ: Եվ ես վստահ եմ, որ տիկին Ենոքյանը դատական պրոցեսի ընթացքում անպայմանորեն ապացուցելու է իր անմեղությունը»:

XS
SM
MD
LG