Մատչելիության հղումներ

Դատախազը ավելի մեղմ հանցանք է մեղսագրում Գոռ Առաքելյանին


Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսա Գոռ Առաքելյանին այլևս մեղսագրվում է ոչ թե սպանության փորձ, այլ դիտավորությամբ առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելը:

«Վերնիսաժ»-ի գործով դատախազ Հարություն Սարգսյանն այսօր ավելի մեղմ մեղադրանք առաջադրեց ամբաստանյալ Գոռ Առաքելյանին, ով մոտ մեկ տարի առաջ կրակ էր բացել մարդաշատ վայրում՝ վիրավորելով ոչ միայն իր հետ վիճաբանող, գործով ամբաստանյալներ Ներսես Մելքոնյանին և Վալերի Հովհաննիսյանին, այլև երեք պատահական անցորդների:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերջերս լքած Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսա Գոռ Առաքելյանին այլևս մեղսագրվում է ոչ թե սպանության փորձ, որը ենթադրում է 8-15 տարվա ազատազրկում, այլ դիտավորությամբ առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելը, ինչը մի դեպքում՝ 3-7, մյուս դեպքում՝ առավելագույնը 1-3 տարվա ազատազրկում է ենթադրում:

Գոռ Առաքելյանը մեղադրվում է նաև ապօրինի զենք-զինամթերք կրելու մեջ: Դատախազն այս մեղադրանքն անփոփոխ թողեց:

Դատախազ Սարգսյանը, վկայակոչելով ականատեսների ցուցմունքները, վերլուծելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները, հայտարարեց, որ Ներսես Մելքոնյանի և Վալերիկ Հովհաննիսյանի վրա կրակոցներ արձակելիս Գոռ Առաքելյանն ատրճանակի փողը պահել է հորիզոնականից դեպի ներքև ուղղությամբ:

Մեղադրանքի փոփոխումը վրդովեց գործով ամբաստանյալ, կրակոցների հետևանքով որովայնի շրջանում ծանր վիրավորված Վալերի Հովհաննիսյանի մորը՝ Լիա Հովհաննիսյանին:

Արդեն միջանցքում, երբ պատասխանող կողմը ընդմիջում էր խնդրել վերաորակված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար, ամբաստանյալի մայրը չկարողացավ զսպել զայրույթը: «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ չի հավատում գործի արդար քննությանը․ - «Մեշոկներով փող Յուվեցի Կարոն տվավ, մեկ ուրիշին ծախեց, տեղը փեսին հանեց․․․ Հինգ հոգու վրա է կրակել: Մինչև վերջ ոչ մի բան չի եղել, վկաների ոչ մի ցուցմունք չի փոխվել, ինչի՞ հիմքի վրա փոխվավ այս ամենը»:

Ընդմիջումից հետո 3 ամբաստանյալներն ու իրենց փաստաբները որևէ դիրքորոշում չհայտնեցին նոր մեղադրանքի վերաբերյալ:

Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հանդես եկավ միջնորդությամբ, որն ավելի վաղ նախաքննական մարմինը մերժել էր: Փաստաբանը դատարանից պահանջեց դատահոգեբանական և դատաբժշկական փորձաքննություն նշանակել՝ պարզելու, թե արդյոք միջադեպի ժամանակ իր պաշտպանյալը աֆեկտի վիճակում չի եղել: Նա հիշեցրեց, որ Գոռ Առաքելյանը բռնության է ենթարկվել կնոջ և երեխայի ներկայությամբ:

Դատախազ Հարություն Սարգսյանը ժամանակ խնդրեց դատարանից՝ միջնորդությանը ծանոթանալու և իր դիրքորոշումը դրա նկատմամբ հայտնելու համար:

Դատական նիստը հետաձգվեց:

XS
SM
MD
LG