Մատչելիության հղումներ

Ձևավորվող հակակոռուպցիոն խորհրդի աշխատանքին մասնակցելու ցանկություն որևէ ՀԿ առայժմ չի հայտնել


ՀԿ-ների ներկայացուցիչները պնդում են, որ նման կազմով մարմինը չի կարող անկախ և արդյունավետ լինել:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստում նախ զգուշացրեց, ապա խոստացավ պատժել պետական ծրագրերն իրականացնող գրասենյակների ղեկավարներին՝ չարաշահումներ և կոռուպցիոն խախտումներ հայտնաբերելու դեպքում։

«Տարիներ շարունակ ԾԻԳ-երի միջոցով երկրում միլիարդների հասնող ներդրումներ են իրականացվել, սակայն, որպես կանոն, ավելի շատ խոսվում է կոռուպցիոն սկանդալների, չարաշահումների, քան իրականացված աշխատանքների մասին: Վերջին հանդիպման ժամանակ ես խստագույնս զգուշացրել եմ ԾԻԳ-երի ղեկավարներին՝ զերծ մնալու կոռուպցիոն ցանկացած դրսևորումից: Հակառակ դեպքում ոչ միայն կազատվենք նման պաշտոնյաներից , այլև անձամբ հետամուտ կլինեմ՝ օրենքի ամբողջ խստությամբ վերջիններիս պատասխանատվության ենթարկելու հարցում», - ասաց վարչապետը՝ շեշտելով, որ քաղաքացիները պետք է իմանան, թե որտեղ և ինչպես են ծախսվում գումարները:

Անցած տարիներին Վերահսկիչ պալատն ուսումնասիրել էր Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատանքներն ու անարդյունավետ ծախսեր էր վերհանել դպրոցաշինության ծրագրում: Միլիոնավոր դրամների չարաշահումներ էին հայտնաբերվել նաև Գյուղական ֆինանսավորման կառույց-ԾԻԳ-ում ու Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատանքներում։

Չնայած վարչապետի ասօրվա զգուշացումներին, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Շուշան Դոյդոյանը անբավարար է համարում կոռուպցիայի դեմ պայքարը․ - «Երբ խոսքը հասնում է ռեալ գործին, ընդհանրապես ռեալ արդյունքներ հասարակությունը, մարդիկ չեն զգում: Հնչեցվում է, որ այսինչ պաշտոնյան այսինչ կոռուպցիոն ռիսկերի մեջ է ներքաշված, բայց այդ ամենից հետո ի՞նչ պատասխանատվության ենթարկվեց այս կամ այն պաշտոնյան: Եվ խոսքը վերաբերում է հատկապես բարձրաստիճան պաշտոնատար անձանց»:

Ի դեպ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գոնե այս փուլում ձեռնպահ է մնում մասնակցել կառավարության կողմից ստեղծվող հակակոռուպցիոն նոր խորհրդի ձևավորմանը, քանի որ թերահավատորեն են վերաբերում կառուցվածքին ու գործունեության արդյունավետությանը․ - «Այսօր գործելու է հիերարխիկ մի սկզբունք, որտեղ շատ փոքր եմ համարում արդար որոշումների կայացման հնարավորությունը: Վերևից իջեցված հրահանգներ են այնտեղ կայացվելու, ցավոք: Այս առումով խիստ կասկածելի եմ համարում, որ հնարավոր է որևէ բարձրաստիճան պաշտոնյայի դեմ այս խորհուրդը որոշում կայացնի»:

Այս փուլում խորհրդի ձևավորման աշխատանքներին մասնակցելուց ձեռնպահ է մնում նաև Երիտասարդ իրավաբանների ասոցացիան՝ պատճառաբանելով, որ նոր մարմինը չի համապատասխանում կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային չափորոշիչներին ու սկզբունքներին։

Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ղեկավար Կարեն Զադոյանը կասկածի տակ է դնում նման կազմով խորհրդի անկախությունը․ - «Եթե վերցնենք ինստիտուցիոնալ կազմով, ապա այն անկախ չի կարելի համարել, որովհետև չի կարող խորհրդի նախագահը և անդամները լինեն կառավարության նախագահը, նախարարները, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաները: Բնականաբար, այդպիսի խորհուրդը չի կարող անկախ և արդյունավետ լինել»:

«Կոռուպցիայի դեմ պայքարն այսօր հիմնականում սահմանափակվում է հայտարարություններով», - ասում է Զադոյանը։ - «Զարմացնում է, որ այդ հայտարարություններից այն կողմ գործը չի հասնում, որովհետև որ թե պետք է հայտարարություններ արվեն: Եթե կան խախտումներ, կան կոռուպցիոն ռիսկեր, կոռուպցիոն հանցագործություններ, ապա Վերահսկիչ պալատը օրենքով սահմանված կարգով դրանք պետք է ուղարկի իրավապահ մարմիններին և դրանից հետո հասարակությունը պետք է տեսնի, թե այդ գործերով ինչ առաջընթաց է գրանցվել, ովքեր են մեղավորները և իրականում պատժվել են մեղավորները, թե ոչ»:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հաջորդ չորեքշաբթի լրանում է խորհրդում հասարակական կազմակերպությունների մրցույթի դիմումների ընդունման վերջնաժամկետը: Այս պահին որևէ հասարակական կազմակերպություն չի դիմել կառավարության նախաձեռնած նոր խորհրդում ընդգրկվելու համար: Սարգսյանն ասաց, որ դա իրենց մտահոգում է ու շարունակեց․ - «Բայց բոլոր դեպքերում դա հասարակական կազմակերպությունների իրավունքն է»:

Խորհրդարանական խմբակցություններից դեռ միայն «Բարգավաճ Հայաստան»-ն է պատրաստակամություն հայտնել ներկայացուցիչ ունենալ այդ խորհրդում՝ պայմանով, որ եթե խորհրդի աշխատանքները ձևական բնույթ կրեն, ապա կհրաժարվեն հետագա մասնակցությունից:

XS
SM
MD
LG