Մատչելիության հղումներ

logo-print

Գոհար Ենոքյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին


Կարո Կարապետյան, Գոհարիկ Ենոքյան, արխիվ

Կարո Կարապետյան, Գոհարիկ Ենոքյան, արխիվ

Սպանության նախապատրաստության համար մայիսի 4-ին ձերբակալված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի նկատմամբ դատախազի որոշմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ենոքյանի հարազատները հավաքվել էին Հատուկ քննչական ծառայության մոտ և սպասում էին, թե երբ նա դուրս կգա: Սակայն ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ Ենոքյանին ազատ են արձակելու Էրեբունու ձերբակալված անձանց պահման վայրից: Հիշեցնենք, նրա ձերբակալման 72 ժամը լրանում է 17.40-ին:

Դատախազության հաղորդագրության համաձայն, խափանման միջոցը որոշելիս հաշվի է առնվել մեղադրյալի տարիքը:

«Նշենք նաև, որ մայիսի 5-ին գլխավոր դատախազին էին դիմել Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ՝ միջնորդելով Գոհար Ենոքյանին ազատել արգելանքից՝ ելնելով ձերբակալվածի տարիքից և առողջական վատ վիճակից (հիպերտոնիա)», - մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

Դատախազությունից նաև փոխանցում են, որ այսօր որոշում է կայացվել Ենոքյանին ներգրավել որպես մեղադրյալ՝ սպանություն նախապատրաստելու հոդվածով:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գոհար Ենոքյանը Արայիկ Ենոքյանի հետ, շահադիտական դրդումներով, Խաժակ Բադալյանի միջոցով Կարո Կարապետյանից վերցրած գումարները հափշտակելու և չվերադարձնելու նպատակով, կատարել են ապօրինաբար Կարո Կարապետյանին դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ, սակայն Արայիկ Ենոքյանը 2012 թվականի մարտի 15-ին խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է, և նրանց նախապատրաստած հանցագործությունն ավարտին չի հասցվել` իրենց կամքից անկախ հանգամանքներով», - ասված է դատախազության հաղորդագրությունում:

Տաթևիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG