Մատչելիության հղումներ

Ակցիաներ դեսպանատների մոտ՝ ի պաշտպանություն կալանավորված ընդդիմադիրների


«100 ամյակը առանց ռեժիմի» շարժման անդամները «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ շապիկներով և կալանավորված Շանթ Հարությունյանի ու ընկերների, Վոլոդյա Ավետիսյանի նկարներով վաղ առավոտից ակցիաներ էին անցկացնում Հայաստանում օտարերկրյա դեսպանությունների առջև:

Թեև Ժիրայր Սեֆիլյանն ու համախոհներն արդեն ազատության մեջ են, բայց ցուցարարները պարզել էին նաև նրանց նկարներով պաստառներ՝ դիվանագետներին հանձնվող նամակներում նշելով, թե քանի դեռ չի կարճվել քրեական գործը, նրանք քաղաքական հալածյալներ են:

«Հետապնդումները դեռ շարունակվում են, Քննչականը ամեն օր հրավիրում է հարցազրույցների, ներկայացնում են իրենց իրեղեն ապացույցների փորձաքննությունը: Եվ այդ մարդկանց ազատ խոսքի և ազատ շարժի խոչընդոտ են ստեղծում», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը:

Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի դեսպանատներին, միջազգային կառույցներին փոխանցված նամակներով ընդդիմադիրները պնդում են՝ Հայաստանում մեկ տասնյակից ավելի քաղբանտարկյալներ կան․ Շանթն ու ընկերները, նրանց ազատության համար բողոքի ակցիա իրականացրած Հայկ Կյուրեղյանը և ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:

Կարո Եղնուկյանը համոզված է՝ կալանավորվածներն ազատ արձակվեցին,քաղաքային իշխանություններն էլ տևական մերժումներից հետո թույլ տվեցին կենտրոնում հանրահավաքներ անցկացնել միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ Human Rights Watch-ի ջանքերով:

«Մենք այս կառույցներից՝ դեսպանատներից, իհարկե, չենք բողոքում, մենք իրենց դեմ ցույց չենք անում: Այլ մենք իրենց խնդրում ենք, որպեսզի իրենց ազդեցությունն օգտագործեն և մեր իշխանություններին անեն այն նկատողությունները, որոնց իրենք արժանի են: Սերժ Սարգսյանը, այսօր գտնվելով Միացյալ Նահանգներում, ես վստահ եմ, որ այդտեղ իր հանդիպումների ժամանակ Պետդեպարտամենտում իրեն երկու խոսք կասեն, օրինակի համար՝ սիրուն չէ: Մենք այդ ձայնն էլ կլսենք», - նշեց նա:

Ամերիկյան դեսպանատունը այսօրվա ակցիայի հենց առաջին կանգառն էր:

«Ինչպե՞ս կարելի է մարդկանց բանտարկել մենակ նրա համար, որ նրանք այլախոհ են կամ ինչ-ինչ խնդիրներում այլ կարծիք ունեն: Հիմնական մեր պահանջը, հաշվի առնելով Միացյալ Նահանգների՝ մարդու իրավունքների պահով մեծ դերը աշխարհում, մենք ընդամենը դիմեցինք, որ նրանք էլ աջակցեն, իրենց խոսքը ասեն», - նշեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարդան Գերավետյանը:

Սեֆիլյանի ազատ արձակումը հույս չի ներշնչել Շանթ Հարությունյանի ընկերներին, որ ազատության մեջ կհայտնվեն նաև արդեն մեկ ու կես տարի ճաղերի հետևում անցկացնող նոյեմբերի 5-ի արժեքների հեղափոխության մասնակիցները: Ակտիվիստ Ֆելիքս Հայրապետյանն ասում է՝ քաղաքական կամքը չկա․ - «Քինախնդիր արդարադատություն ունենք: Լիսկայի տղան չի, որին կարելի է բաց թողնել, ոչ մի գործ չհարուցել: Մարդկանց բռնել են միայն նրա համար, որպեսզի բռնած պահեն: Վերջիվերջո Շանթը մտքի հեղափոխություն էր անելու, և այդ արվածի մեջ չկար անմիջապես այն վտանգը, որ նրանք, երևի, պետք է զգային: Բայց, համենայնդեպս, ցանկացած բողոքողից նրանք այդ վտանգը զգում են, նույնիսկ մեզանից, որ մենք միայն պլակատներով և այս նկարներով ենք եկել դեսպանատների մոտ»:

Այս գործով ամենախիստ պատիժը ստացած՝ յոթ տարվա ազատազրկման դատապարտված Վահե Մկրտչյանի կինը՝ Մարգարիտը, օրեր առաջ է անչափահաս երեխաների հետ այցելել կալանավայր․- «Ես այդ 7 տարիները, որ պիտի սպասեմ, որ Վահեն դուրս գա՝ մենք պիտի պայքարենք, նրանց գործը պիտի կարճվի»:

4.5 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Հարությունյանի մայրը՝ տիկին Լաուրան, մտադիր է որդու գործը մինչև Եվրոպական դատարան հասցնել: Հայաստանյան վերջին ատյանի հետ նա որևէ հույս չի կապում․- «Վճռաբեկը նույնը կատարում է, նույն հրամանը ստանում է: Մեծ մասը պատերազմի թեժ պահերին եղել է ռազմաճակատում և պայքարել են այս երկրի համար, որի համար էլ դարձել են քաղբանտարկյալ: Մեր տղաները այն խուլիգանները չեն, ինչպես իրենք ներկայացնում են: Իսկ համաներումը հանցագործների համար է․ մեր տղաները հանցագործ չեն, պարզապես պայքարել են բոլորիս իրավունքների համար»:

XS
SM
MD
LG