Մատչելիության հղումներ

Կառավարությունը քննարկում է Սիրիայում մնացած հայերին աջակցելու ուղիները


Վարչապետը խոստացել է քննարկել սիրիահայ երեխաների տարհանման հարցը
please wait

No media source currently available

0:00 0:04:46 0:00

Սիրիահայերի զանգվածային տարհանման հարց կառավարությունն առայժմ չի բարձրացնում:

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստում մտահոգություն է հայտնել Սիրիայում պատերազմական գոտում մնացած հայերի վերաբերյալ, խոստացել է երեխաների տարհանման հարցը քննարկել առաջիկա օրերին, երբ Սփյուռքի նախարարը Միացյալ Նահանգներից վերադառնա։

«Եվ ես կառաջարկեմ, որ Սփյուռքի նախարարությունը հաջորդ կառավարության նիստում կառավարությանը և հասարակությանը ներկայացնի, թե ինչ քայլեր է անում նախարարությունը, և կառավարությունը ինչ խնդիրներ ունի լուծելու և ինչ աջակցության խնդիր ունենք», - հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:

Փաստորեն, սիրիահայերի զանգվածային տարհանման հարց կառավարությունն առայժմ չի բարձրացնում։ Մինչդեռ սաստկացած ռմբակոծությունների տակ ապրող սիրիահայերից շատերը շաբաթներ շարունակ խնդրում են Հայաստանի կառավարությանը աջակցել՝ պատերազմական գոտուց դուրս գալու հարցում։ Այս կոչերին առայժմ արձագանքել է միայն Սփյուռքի նախարարությունը՝ նշելով, որ եթե համայնքը որոշի, որ անհրաժեշտ է տարհանել, Հայաստանի կառավարությունը կաջակցի նրանց։

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ խորհրդարանական ուժերը օրեր առաջ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ քննարկել են հարցը, բայց առայժմ որոշում չունեն։

«Ավելորդ շտապողականություն չեն ուզում ցուցաբերել: Հանրապետականն ամենօրյա կապի մեջ է սիրիահայ համայնքի հետ, ուզում ենք խելամիտ լուծում գտնել», - ասաց Բաղդասարյանը՝ հավելելով՝ քննարկվում է թե՛ ֆինանսական աջակցության, թե՛ տարհանման հնարավորությունը։

«Կա մի կողմից համայնքը չքայքայելու խնդիր, որը նաև եկեղեցի է այդ հարցը բարձրացնում, իսկ եթե տարհաման խնդիր լինի, ճանապարհի հարցն է, թե ինչ ճանապարհով դա կարելի է անել։ Ինձ թվում է, որ այն, ինչ որ պետք է լինի հայկական կողմից, այդ օժանդակությունը կլինի», - ասաց Բաղդասարյանը։

Հարցին, թե բացառո՞ւմ եք տարհանումը՝ հաշվի առնելով համայնքի ղեկավարների բացասական դիրքորոշումը այս հարցում, Բաղդասարյանն արձագանքեց․ - «Դա նույնպես պետք է խելամիտ կատարվի։ Եթե խնդիր առաջանա տարհանման, նախ՝ ճանապարհը պետք է ընտրել, թե ինչ ճանապարհով տարհանել, հաջորդը՝ տարհանում նշանակում է համայնքի քայքայում: Իհարկե, մեզ համար ավելի կարևոր է մարդկանց ֆիզիկական անվտանգությունը, դրա համար հետևում ենք զարգացումներին, ու բնականաբար պետք է որոշումը կայացնենք: Դա մեզանով չի կայացվելու, բայց շտապողականություն չեմ ցանկանում ցուցաբերել»։

Ընդդիմությունը, մինչդեռ, վստահ է՝ հապաղելը կարող է ճակատագրական լինել։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը օրերս ամբիոնից հայտարարեց՝ անհրաժեշտ է սիրիահայերին հրատապ տարհանել։

«Սկզբունքորեն մենք հասկանում ենք, որ ավելի շատ ժամանակ և ինֆորմացիա է պետք, որ գործադիր իշխանությունը կարողանա ադեկտավ գործողություններ կատարել, բայց մյուս կողմից էլ՝ ամեն օր այդ բնաջնջման վտանգը ավելի մեծ է դառնում, ու իրականում Հայաստանը ժամանակ չունի», - ասաց Զուրաբյանը։

Ընդդիմադիր պատգամավորը իշխող Հանրապետականին առաջարկում է դիմել միջազգային կառույցներին, ընդհուպ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ սիրիահայերի տարհանման համար, կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնել Հալեպից հեռանալ ցանկացող ընտանիքներին և դյուրացնել մուտքի անցագրի տրամադրումը։

Մինչ Հայաստանի կառավարությունը քննարկում է, սիրիահայերը փորձում են սեփական սուղ միջոցներով օգնել Հալեպում մնացած հայրենակիցներին։

Երեկ երեկոյան առավել ակտիվ հալեպահայերը որոշեցին հիմնադրամ ձևավորել՝ դրամահավաք անելու ու հավաքված գումարներով Սիրիայում մնացածներին տարհանելու համար։ Մտահղացումը սիրիահայ Հրայր Ակվիլյանինն է:

«Եթե եղունգներովս կարողանանք գլուխներս քորել, ուրեմն հաջողած ենք, որովհետև ոչ մեկին չպիտի վստահենք՝ ոչ կազմակերպության, ոչ կուսակցության, ոչ համայնքային», - ասաց Ակվիլյանը:

Սպասում են, որ առաջիկա օրերին արդեն կկարողանան մի քանի ընտանիք տեղափոխել։

Սիրիահայերը կրկին շեշտեցին, թե Հալեպում գտնվող բարեկամների վիճակը գնալով ծանրանում է, և նրանքաջակցության են սպասում՝ օր առաջ փրկվելու պատերազմից։

Սիրական պատերազմից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 13 հազար սիրիահայ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG