Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան զենքի մատակարարումները Ադրբեջան «վերահսկելի իրավիճակում են պահվում»


Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, 2010-ից ի վեր Ռուսաստանն ավելի քան 5 միլիարդ դոլարի սպառազինություն է վաճառել Ադրբեջանին:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր հայտարարեց, թե ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ Հայաստանի մտահոգությունները հանգեցրել են նրան, որ ռուսաստանյան զենքի մատակարարումները Ադրբեջան վերահսկելի իրավիճակում են պահվում:

Նախարարը նաև նշեց, որ այլ երկրների հետ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցության առումով Ռուսաստանը մեր թիվ մեկ գործընկերն է:

«Վերջին ժամանակահատվածում ստորագրված կարևորագույն փաստաթղթերը նաև ապահովում են ռազմատեխնիկական ոլորտում մեր զարգացումը: Ինչ վերաբերում է այլ երկրների հետ հարաբերություններին, ապա յուրաքանչյուր երկրի խնդիրն է: Իհարկե, մտահոգությունները մենք պարբերաբար արտահայտում ենք, բայց գտնում եմ, որ դա բերում է նրան, որ այդ ամենը վերահսկելի իրավիճակում է պահվում», - ասաց Օհանյանը:

Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, 2010-ից ի վեր Ռուսաստանն ավելի քան 5 միլիարդ դոլարի սպառազինություն է վաճառել Ադրբեջանին: Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտի (SIPRI) վերջին զեկույցի համաձայն, 2010-2014 թվականների ընթացքում սպառազինությունների 85 տոկոսը Ադրբեջանը ձեռք է բերել Ռուսաստանից:

Ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում ի պատասխան հարցին, թե ապրիլի 24-ին Երևանում Պուտինի հետ հանդիպմանը խոսե՞լ է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառելու մասին, Հայաստանի նախագահը պատասխանել էր․ - «Շատ անգամ ենք խոսել: Չէինք կարող չխոսել: Հարցը հետևյալն է՝ մենք այսօր ունենք մարտունակ բանակ, և շատ միջոցներ են հարկավոր մարտունակ բանակ ունենալու համար: Գիտեք, որ Հայաստանը չունի շատ միջոցներ, սակայն ունի մարտունակ բանակ: Դա շնորհիվ նաև Հայաստանի դաշնակիցների, իսկ Հայաստանի առաջին ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է: Վստահ եմ, որ Ռուսաստանի գլխավոր շտաբում շատ լավ պատկերացնում են, թե ինչ հետևանքներ կունենա ուժերի հավասարակշռության խախտումը: Մեծ հույս ունեմ, որ այդ հաշվարկները ճիշտ են: Մենք ի՞նչ կարող ենք անել, ինչպե՞ս կարող ենք արգելել Ռուսաստանին զենք վաճառել Ադրբեջանին: Վիրավորվե՞լ, ամեն անգամ այդ մասին շատ ու բարձրաձայն խոսե՞լ, հայհոյե՞լ: Դա ինչ է, օգու՞տ կտա»:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի խոսքով, նման կարգի ու ծավալի սպառազինություն մատակարարելով Ադրբեջանին՝ Ռուսաստանը ոչ միայն ֆինանսական խնդիր է լուծում, այլ ցանկանում է Ադրբեջանի հետ ունենալ երկարատև ռազմաքաղաքական հարաբերություններ:

Ինչ վերաբերում է Հայաստանի արձագանքին, ապա քաղաքագետը նշեց, որ Երևանը կարող է այդ մատակարարումների վրա ազդել միայն քաղաքական լծակով․ - «Դա նշանակում է, որ մենք պիտի արդեն իսկ Ռուսաստանի հետ հարաբերություններում ուրիշ դիրքորոշումներ ցուցաբերենք: Հիմա այն զրույցները, թե՝ ի՞նչ կարող է Հայաստանը անել, դա Ռուսաստանի գործն է, դա ցույց է տալիս, որ գոյություն չունի քաղաքականություն, որի միջոցով դու կարողանաս Ռուսաստանին համոզես ինչ-որ ուրիշ քայլերի գնալ»:

Հայաստանի նախագահի Չինաստան կատարած այցից հետո մամուլում տեղեկություն հայտնվեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ այդ երկրից սպառազինություն ստանալուվերաբերյալ:

Այցից հետո, «Ազատության» հարցմանն ի պատասխան, նախագահ Սարգսյանի մամուլի խոսնակը հրաժարավել էր մեկնաբանել տեղեկությունը:

Այսօր դիմեցինք պաշտպանության նախարարին: Նա ըստ էության չհերքեց նման պայմանավորվածության մասին տեղեկությունը․ - «Գիտեք, որ սպառազինության ներկրման խնդիրը որոշակի նաև գաղտնիություն է պարունակում: Նորություն չէ, որ վերջին տարիներին հայկական բանակը փորձում է մաքսիմալ բաց լինել մեր ժողովրդի առջև, փորձում է մաքսիմալ բարձր հիմքերի վրա դնել քաղաքացիական վերահսկողության խնդիրները: Ես նկատի ունեմ և՛ ժողովրդավարական, և՛ հասարակական վերահսկողության խնդիրները: Բայց միևնույն ժամանակ էլ մենք փորձում ենք հասարակությանը զերծ պահել այն խնդիրներից, որոնք գաղտնիություն են պարունակում»:

XS
SM
MD
LG