Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն այցելել է Հոլոքոսթի թանգարան, ԱՄՆ Կոնգրեսի գրադարան


Այցելությունը Հոլոքոսթի հուշահամալիր-թանգարան, լուսանկարը՝ նախագահականի
Այցելությունը Հոլոքոսթի հուշահամալիր-թանգարան, լուսանկարը՝ նախագահականի

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Միացյալ Նահանգների Հոլոքոսթի հուշահամալիր-թանգարան:

Շրջայցից հետո Սերժ Սարգսյանը գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրքում. - «Խորապես ազդված եմ տեսածից: Սա մի վայր է, որն իր պատերի ներքո ամփոփում է խորը թախիծ և միաժամանակ հույսի մեծ շող՝ շեշտադրելով անցյալին առերեսվելու առավելությունն ընդդեմ անցյալի ժխտման և քողարկման: Սա մի անգնահատելի ներդրում է՝ որպես ապահով ապագայի լուռ, բայց խոսուն երաշխավոր: Մարդկության դեմ իրագործված ոճիրներին նվիրված թանգարանները, ինչպիսիք են Հոլոքոսթին նվիրված այս հուշահամալիր-թանգարանը, Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, ոչ միայն զոհվածներին հարգանքի տուրք մատուցելու համար են, ոչ միայն վերապրածների հիշողությունների խտացված ամփոփումներն են, այլ նաև հստակ ուղերձ են ներկա և ապագա սերունդներին, որպեսզի միշտ վառ պահեն անցյալի դառը հիշողությունները՝ դրանցից դասեր քաղելու և դրանք սերնդեսերունդ փոխանցելու համար»:

Հայաստանի նախագահը երեկ այցելել է նաև ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարան, որը վերջին շրջանում զգալիորեն հարստացվել է՝ հավաքագրելով նաև տեսագրություններ, ձայնագրություններ, թվային նյութեր:

Նախագահը շրջայց է կատարել գրադարանում, ծանոթացել ցուցանմուշներին, այդ թվում՝ այնտեղ պահվող հայերեն և Հայաստանի մասին բազմաթիվ նյութերին՝ պատմաբանների հիշատակումներին, Հայաստանի հիշատակմամբ հին քարտեզներին, ամերիկացի դիվանագետ Հենրի Մորգենթաուի և այլոց կողմից Հայոց ցեղասպանության վկայություններին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն այնուհետև կարճատև զրույց է ունեցել Կոնգրեսի գրադարանի տնօրեն Ջեյմս Բիլինգթոնի հետ:

Նախագահը ներկա է գտնվել նաև «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» թեմայով նոր նամականիշերի մարման արարողությանը. Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»-ը մարել է «Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելից. Հենրի Մորգենթաու» թեմայով նամականիշ և «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. «Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե» թեմայով գեղաթերթիկ նամականիշ:

Նամականիշի վրա պատկերված է «Չթողնենք, որ կործանվեն» Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի հանգանակության պաստառը՝ Ամերիկային շնորհակալություն հայտնող որբերի խորապատկերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG