Մատչելիության հղումներ

logo-print

Միացյալ Թագավորությունում խորհրդարանական ընտրություններ են


Միացյալ Թագավորություն - Շոտլանդիայի ազգային կուսակցության ղեկավար Նիկոլա Սթարջոն, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էդ Միլիբենդ, Մեծ Բրիտանիայի վարչապետ, Պահպանողական կուսակցության ղեկավար Դեյվիդ Քեմերոն և փոխվարչապետ, Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նիք Քլեգ

Միացյալ Թագավորություն - Շոտլանդիայի ազգային կուսակցության ղեկավար Նիկոլա Սթարջոն, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էդ Միլիբենդ, Մեծ Բրիտանիայի վարչապետ, Պահպանողական կուսակցության ղեկավար Դեյվիդ Քեմերոն և փոխվարչապետ, Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նիք Քլեգ

Բրիտանական ընտրությունների պատմության մեջ առաջին անգամ շոտլանդացի ազգայնականները կարող են որոշիչ դեր խաղալ կառավարության ձևավորման հարցում:

Այսօր առավոտյան Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում բացվեցին ավելի քան 40 հազար ընտրատեղամասերի դռները․ Միացյալ Թագավորությունում խորհրդարանական ընտրություններ են:

Բրիտանական խորհրդարանի 650 տեղերի համար հիմնական պայքարը, ինչպես և հինգ տարի առաջ, ծավալվել է իշխող պահպանողականների և ընդդիմադիր լեյբորիստների միջև․ սոցիոլոգիական վերջին հարցումների համաձայն, նրանց վարկանիշը հավասար է` 34-ական տոկոս:

Իրենց համակիրների թվով ավանդաբար երրորդ տեղում գտնվող լիբերալ դեմոկրատները այս անգամ հավակնում են քվեների մոտ 10 տոկոսին: Անսպասելիորեն նրանցից առաջ է անցել Եվրամիության հանդեպ խիստ քննադատաբար դիրքերից հանդես եկող Անկախության կուսակցությունը․ քաղաքական այս ուժը այսօրվա ընտրություններում կարող է ստանալ քվեների մոտ 12 տոկոսը:

Առաջատար կուսակցությունների ղեկավարները քարոզարշավի վերջին ժամերը ևս օգտագործեցին ընտրողներին իրենց կողմը գրավելու համար:

Պահպանողականների առաջնորդ, գործող վարչապետ Դեյվիդ Քեմերոնը նշում էր․ - «Ես չեմ պնդում, որ մենք արել ենք այն բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ էին: Բայց մենք շատ ամուր հիմք ենք ստեղծել, որպեսզի հաջորդ հինգ տարիներին այդ հիմքի վրա սկսենք կառուցել՝ նախ և առաջ ավելացնելով աշխատատեղերի քանակը»:

Լեյբորիստների առաջնորդ Էդ Միլիբենդի հիմնական կոչն ուղղված էր բրիտանացի այն ընտրողներին, ովքեր դեռ չեն որոշել, թե ում օգտին են քվեարկելու:

«Ես կարծում եմ, որ շատերն այս ընտրություններում դեռ որոշում չեն կայացրել: Դիմելով այդ չկողմնորոշված ընտրողներին, ես միայն մեկ ուղերձ ունեմ`առաջիկա հինգ տարիներին դուք կարող են ունենալ վարչապետ, ով կշարունակի հաշվի առնել նախևառաջ հարուստների շահերը, կամ էլ կառավարության ղեկավար, ով կներկայացնի աշխատավոր մարդկանց շահերը», - նշում էր Միլիբենդը:

Հիշեցնենք, որ ընտրությունները Մեծ Բրիտանիայում ընթանում են բացառապես մեծամասնական ընտրակարգով, ինչը ձեռնտու է նախևառաջ խոշոր կուսակցություններին:

Բրիտանացի սոցիոլոգների վերջին հաշվարկներով՝ այսօրվա ընտրությունների արդյունքում պահպանողականները խորհրդարանում 280 մանդատ կունենան, լեյբորիստները` 265:

Շոտլանդիայի գրեթե բոլոր ընտրատարածքներում առաջատարը շոտլանդական անկախության կողմնակիցներն են: Այդպիսով ապագա բրիտանական խորհրդարանում նրանք կարող են մեծությամբ երրորդ խմբակցությունը ձևավորել` շուրջ 50 պատգամավորով: Այդ դեպքում ապագա կառավարության ձևավորման հարցում առաջին անգամ բրիտանական ընտրությունների պատմության մեջ որոշիչ դեր կխաղան հենց շոտլանդացի ազգայնականները:

XS
SM
MD
LG