Մատչելիության հղումներ

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում դրական քայլ է գնահատել մոտ մեկ ամսվա բանտարկությունից հետո «Հիմնադիր խորհրդարան»-ի հինգ անդամներին ազատ արձակելու՝ Հայաստանի իշխանությունների որոշումը: Միաժամանակ, հեղինակավոր միջազգային կազմակերպությունը նշում է, որ իշխանությունները հիմա պետք է վստահեցնեն, որ այդ մեղադրանքները հավաքների և արտահայտվելու ազատությունների դեմ բռնություններ չեն:

Նամակում արձանագրված է՝ մայիսի 4-ին իշխանությունները ազատ արձակեցին քաղաքական ընդդիմադիր հինգ ակտիվիստներին, մինչ Երևանում փողոցային բռնություններ կազմակերպելու վիճահարույց մեղադրանքի քննության ավարտը: Իշխանությունները պետք է անկախ ուսումնասիրեն այդ մեղադրանքները, որոնք հնարավոր է իրենցից միջամտություն են ներկայացնում ակտիվիստների գաղափարներին, արտահայտվելու և հավաքներ անցկացնելու ազատություններին:

Human Rights Watch-ը ներկայացնում է «Հիմնադիր խորհրդարան» քաղաքական շարժման ազատ արձակված անդամների անունները՝ նախագահ Գարեգին Չուքասզյան, հիմնադիր Ժիրայր Սեֆիլյան, անդամներ Վարուժան Ավետիսյան, Պավել Մանուկյան և Գևորգ Սաֆարյան: Նշվում է, որ նրանք ստորագրություն են տվել՝ պարտավորվելով չբացակայել Երևանից մինչև «զանգվածային անկարգությունների» մեղադրանքի քննության ավարտը:

Human Rights Watch-ը ապրիլի 27-ին Հայաստանի գլխավոր դատախազին ուղարկված նամակում մտահոգություն էր հայտնել «Հիմնադիր խորհրդարան»-ի ակտիվիստների դեմ առաջադրված մեղադրանքների ու մինչ դատարանի վճիռը նրանց կալանքի տակ պահելու կապակցությամբ և կոչ էր արել ձերբակալվածներին ազատ արձակել մինչև նախաքննության ավարտը:

Ոստիկանությունը «Հիմնադիր խորհրդարան»-ի հինգ ակտիվիստներին ձերբակալել էր ապրիլի 7-ին, խուզարկել նրանց բնակարանները և կազմակերպության գրասենյակը, առգրավել էր փայտյա սպորտային ձողեր, խոհանոցի դանակներ, էլեկտրահարող զենք, կազմակերպության կողմից տպագրված բրոշյուրներ: Ապրիլի 9-ին Հատուկ քննչական ծառայությունը բոլոր 5 անձանց մեղադրեց զանգվածային անկարգություններ պլանավորելու, հանցագործություններ նախապատրաստելու մեջ: Իշխանությունները պնդում են, որ նրանք ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշելու արարողությունների ընթացքում փողոցային սադրանքներ էին պլանավորում:

«Հիմնադիր խորհրդարանի ակտիվիստներին ազատ արձակելը ճիշտ արարք է»,- ասել է Human Rights Watch-ի Հարավկովկասյան տարածաշրջանի ավագ փորձագետ Գիորգի Գոգիան՝ ընդգծելով. - «Իշխանությունները հիմա պետք է նաև ապահովեն գաղափարների, արտահայտվելու և հավաքներ անցկացնելու ակտիվիստների ազատությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG