Մատչելիության հղումներ

Ավետիսյանների հարազատները գործի քննության մասին գրեթե ոչինչ չգիտեն


Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու պահանջով բողոքի ակցիա Գյումրիում, 15-ը հունվարի, 2015թ.

Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու պահանջով բողոքի ակցիա Գյումրիում, 15-ը հունվարի, 2015թ.

Ավետիսյանների ընտանիքի սպանդից մոտ չորս ամիս անց հարազատներին, ըստ էության, գործի քննությունից գրեթե ոչինչ հայտնի չէ։ Առայժմ միայն հրապարակվել են փորձաքննությունների եզրակացությունները, իրավահաջորդները քննչական որևէ գործողության չեն մասնակցել։

Ավետիսյանների իրավահաջորդ ճանաչված տիկին Ջուլիետան «Ազատության» հետ զրույցում նախաքննության վերաբերյալ մտահոգություն հայտնեց։

«Էն է հայտնի, որ Պերմյակովն է։ Բայց Պերմյակովի վրա լիովին հաստատված չէ, քանի գենետիկական անալիզը չի եկել»,- ասաց նա։

Տիկին Ջուլիետան դժգոհեց, որ 7 հոգու դաժան սպանությունը կարծես մոռացության է մատնվել։

Ռուսական կողմն իր հերթին հայտարարում է, թե քննությունը շուտով կավարտվի ու գործը դատարան կմտնի, Պերմյակովն էլ կդատվի արտագնա՝ ռուսական ռազմաբազայի տարածքում զինվորական տրիբունալի կողմից։

Ավետիսյանների իրավահաջորդները ռուսական կողմի հարուցած գործում որպես տուժող ներգրավված չեն, տիկին Ջուլիետան հարց է տալիս՝ առանց տուժող կողմի ի՞նչ դատ։

«Որովհետև օրենք գոյություն չունի, որովհետև մենք չունենք ոչ մի բան, ոչ նախագահ, ոչ դատախազ։ Դրա համար էլ սրա առաջ ենք կանգնել, եթե մեր ոստիկանները լավ աշխատեին, եթե սկզբից բռնեին հանցագործին, էսքան հարց չէր առաջանա»,- ասաց նա։

Ավետիսյանների հարազատները սպանությունից հետո հայտարարում էին, թե չեն ցանկանում ռուսական կողմի հարուցած քրեական գործում որպես տուժողի իրավահաջորդ ներգրավվել՝ պահանջելով Պերմյակովին հանձնել հայ իրավապահներին։ Այսօր, սակայն, համաձայն են որպես տուժող ընդգրկվել, միայն թե որևէ բան իմանան գործի քննությունից։

Հարազատները սպառնում են բողոքի ցույցեր սկսել, եթե ռուսական կողմը որոշի Պերմյակովին դատել փակ դռների ետևում։ Տիկին Ջուլիետան ասաց, որ պատրաստ է փողոց դուրս գալ թեկուզ մենակ, թեև համոզված է, որ հասարակությունը այս հարցում իրենց մենակ չի թողնի։

«Ես գիտեմ, որ լրիվ սխալ քննություն է տարվում, հենց էդ դեպքը պատահեց, հենց ռուսների ձեռքը հանձնեցին Պերմյակովին, ուրեմն վերջ, էդ րոպեից ես զգացի, որ սխալ քննություն է գնում»,- ասաց նա։

Վերջում հավելեց, թե իրենց տպավորությամբ, իրավապահներն ամեն ինչ անում են, որ գործը չբացահայտվի՝ չնայած ամենաբարձր մակարդակով տրվող խոստումներին։

XS
SM
MD
LG