Մատչելիության հղումներ

«Արմմոնո»-ին այս տարի 11 երկիր է մասնակցում


Մարիաննա Մխիթարյան (ձ), Նինա Մազուր
Մարիաննա Մխիթարյան (ձ), Նինա Մազուր

«Արմմոնո» 13-րդ թատերական փառատոնին այս տարի 11 երկիր է մասնակցում՝ 31 մոնոներկայացմամբ։

Ամենաշատ մոնոններկայացումները փառատոնի ընթացքում Հայաստանն է մատուցելու հանդիսատեսին։ Դրանք հիմնականում երիտասարդական մոնոներկայացումներ են։

Ռուսաստանը հանդես կգա ի դեմս բեմադրիչ, դերակատար Իրինա Եվդոկիմովայի՝ երկու ներկայացումով։ Երկուսն էլ կներկայացնի Լեհաստանը։ Մնացած երկրները՝ ԱՄՆ-ը, Մարրոկոն, Քուվեյթը, Բելառուսը, Եգիպտոսը, Բուլղարիան, Իրանը և Լիտվան մեկական մոնոններկայացում կմատուցեն հանդիսատեսին։

«Արմմոնո» թատերական միջազգային փառատոնը կբացվի այս երեկո՝ Տիկնիկային թատրոնում, որտեղ նախ կցուցադրվի Արեգ Գևորգյանի «Լյուսիեն Լյուկ» մոնոներկայացումը, հետո Հռիփսիմե Շահինյանի «Ինչպես չբեմադրվեց» դեբյուտային մոնոներկայացումը և երեկոն կեզրափակվի ամերիկացի Բրեմներ Ֆլետչերի «Կաբարե» հայտնի ներկայացմամբ։

Այս տարի ևս փառատոնի բոլոր ներկայացումների մուտքը ազատ է։

Այսօր հրավիրած ասուլիսին «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշում էր այս տարվա նորամուծության մասին։ Խոսքը «Արմմոնո կլաս» ծրագրի մասին է, որտեղ իրենց մասնակցությունն են ունենալու դպրոցականները, մասնավորապես, Պուշկինի անվան դպրոցի բարձր դասարանի աշակերտները։

«Ես կարծում եմ՝ այդ խորագիրը կզարգանա և կդառնա էլ ավելի բովանդակալից, ինչպես «Արմմոնո դեբյուտի» պարագայում»,- ասաց Մխիթարյանը։

Փառատոնի բացմանը ներկա է լինելու նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ Նինա Մազուրը։ Նա այսօր փառատոնի մեկնարկից առաջ հրավիրված ասուլիսին իր գոհունակությունը հայտնեց «Արմմոնո»-ից՝ շեշտելով, որ տարածաշրջանում այն առայժմ միակ մոնոներկայացումների փառատոնն է։

«Ես նախ և առաջ ուզում եմ շեշտել, թե որքան եմ սիրում ձեր երկիրը, և իմ հաճախակի այցերը Հայաստան հենց ձեր երկրի նկատմամբ ունեցածս սիրո վկայությունն են։ Ես գրեթե ոչ մի տարի բաց չեմ թողել փառատոնը»,- ասաց Մազուրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG