Մատչելիության հղումներ

Դատախազությունը չի մեկնաբանում Սեֆիլյանի և ընկերների գործի կարճման լուրերը


Գործով նախաքննությունը շարունակվում է:

Գլխավոր դատախազությունը, որ Քննչական կոմիտեից պահանջեց գործի նյութերն ու փոխեց խափանման միջոցը, չի մեկնաբանում այսօր մամուլում հայտնված տեղեկությունները, թե քրեական գործը առաջիկայում կարճվելու է: Ավելին, ինչպես «Ազատության»-ը փոխանցեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, փաստաբան Հայկ Գրիգորյանը, ազատ արձակված հինգ ընդդիմադիրները երեկ կանչվել են՝ ստորագրություն տալու քաղաքից չհեռանալու մասին: Այսօր էլ քննչական մարմինը Ժիրայր Սեֆիլյանին և ընկերներին հրավիրել է՝ ներկայացնելու առգրավված իրերի փորձագիտական եզրակացությունը:

«Չնայած նրանք կալանքից ազատվել են, բայց քննչական մարմինը փորձում է նրանց մշտապես զբաղված պահել, այսինքն՝ կանչել որոշակի գործողությունների մասնակցելու և այլն, որովհետև գործը կարճել կնշանակեր, որ իշխանությունները կկորցնեին բոլոր լծակները՝ թե՛ ժամանակի առումով, թե՛ հոգեբանական և այլ առումներով: Շարունակել ճնշումը շարժման նկատմամբ, հնարավորինս խոչընդոտել շարժման հետագա քայլերը: Այս պահին կարող ենք ասել, որ նրանք շարունակում են մնալ քաղհալածյալ, քանի որ կարգավիճակով մեղադրյալ են դեռևս», - ասաց փաստաբանը:

Մինչդեռ, նախաքննությունը շարունակելը, ըստ փաստաբանի, տրամաբանական չէ` թեկուզ հաշվի առնելով հենց դատախազության պատճառաբանությունը, թե ապրիլի 24-ն անցել է: Բացի այդ, չկան նաև իրավական հիմքեր: Որպես օրինակ Հայկ Գրիգորյանը վկայակոչում է իրավապահների՝ հենց այսօր ներկայացրած փորձագիտական եզրակացությունը, ըստ որի՝ Սեֆիլյանի և ընկերների տներում հայտնաբերված իրերի մեծ մասը սառը զենք չէ, իսկ սառը զենքերն էլ, ինչպես փաստաբանը գնահատեց, այս դեպքում ապօրինի չեն:

«Դանակ պահելը տանը հանցագործություն չէ, որևէ փայտե մահակ տանը ունենալը հանցագործություն չէ: Քրեական օրենսգիրքը նախատեսում է դրանց որոշակի մասի նկատմամաբ հանցագործության հատկանիշներ, եթե դրանք անձը կրում է իր վրա հանրային վայրում կամ փողոցում: Մինչ այդ եթե կարող էին նրանք շահարկել այդ առարկաների կապըզանգվածային անկարգությունների նախապատրաստման հետ, ապա այս փուլում արդեն նույնիսկ առարկաների զգալի մասը դուրս է գալիս այդ շրջանակից, իսկ մնացածի մասով ինքը զուտ ենթադրության մակարդակում է մնացել, քանի որ փորձագետը չի կարող եզրակացություն տալ, թե այդ առարկան ինչ-որ ձևով օգտագործվելու էր զանգվածային անկարգության նպատակով, թե ոչ», - ասաց Հայկ Գրիգորյանը:

Շուրջ մեկ ամիս ճաղերի հետևում անցկացրած պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանն ասում է՝ նոր լիցքով ու ոգևորությամբ է դուրս եկել բանտից: «Հիմնադիր խորհրդարան»-ը չի հրաժարվում «100-ամյակը առանց ռեժիմի» կարգախոսը կյանքի կոչել, նույնիսկ երբ ապրիլքսանչորսյան միջոցառումներն արդեն ավարտվել են:

«Ապրիլի 24-ը ունի յուրահատուկ խորհուրդ, իմաստ և մոբիլիզացնող գործոններ: Բնականաբար, այն բաց թողնելու հետ կապված՝ պետք է փոքր-ինչ վերանայել սցենարները և գնալ որոշակիորեն նախապատրաստական աշխատանք կատարելուց հետո միայն այդպիսի քայլերի: Կոնկրետ դրանք որքան կտևեն՝ ես հստակ ժամկետներ չեմ կարող ասել, բայց մեր հիմնական կարգախոսը՝ «100-ամյակը առանց ռեժիմի», բնականաբար, մնում է ուժի մեջ, և մենք համոզված ենք և վստահեցնում ենք մեր ժողովրդին, որ տարվա ընթացքում ռեժիմի հարցը կլուծվի», - ասաց Ավետիսյանը:

Երևանի քաղաքապետարանը, որ տևական ժամանակ «Հիմնադիր խորհդրան»-ին արգելում էր հանրահավաքներ անցկացնել քաղաքի կենտրոնում՝ առաջարկելով արվարձանային հրապարակ «Էրեբունի» թանգարանի առջև, այժմ թույլատրել է մայիսի 11-ից մինչև 28-ը ամեն օր ժամը 18-ից 23-ը հավաքվել Ազատության հրապարակում կամ Մատենադարանի մոտ և երթ անցկացնել կենտրոնում:

Վարուժան Ավետիսյանը դեռ չի բացահայտում՝ արդյոք սկսելու են շուրջօրյա հանրահավաքներ, բայց ասում է՝ կալանավորումներից հետո էլ չի փոխվել իշխանություններին հեռացնելու իրենց ճանապարհը. կամքը պարտադրել քաղաքացիական անհնազանդության միջոցով, չմասնակցել ընտրությունների:

«Բացարձակ ատելության վերաբերմունքը ռեժիմի և առաջին հերթին՝ նրա պարագլխի նկատմամբ: Հետզհետե ավելի վատթարանում է սոցիալական վիճակը: Մնացել է միայն այդ փուչիկային վիճակը, որը ուղղակի ոտնատակ կգնա, բայց հասկանալի է, որ իր հանցավոր բնույթի պատճառով այնքան է խրված հանցագործների ճահճի մեջ, որ չի կարող քաղաքական կամք ունենալ և հեռանալ: Պետք է անպայման ժողովուրդը իր կամքը պարտադրի», - նշեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամը:

Վարուժան Ավետիսյանը մարտական ընկերների՝ Ժիրայր Սեֆիլյանի և Պավլիկ Մանուկյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում էր կալանավորված: Նա հերքեց իրավապաշտպանների մտահոգությունը, թե բանտախցերում ճնշումների են ենթարկվել՝ ասելով․ - «Կալանավորների մասով նաև բացահայտ համակրանք է եղել»:

XS
SM
MD
LG