Մատչելիության հղումներ

logo-print

«Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինի աշխատավարձը ամսական 15-20 միլիոն ռուբլի է


Իգոր Սեչին, արխիվ

Իգոր Սեչին, արխիվ

Ընկերության տնօրենի պաշտոնում աշխատելու համար Սեչինը նաև տարբեր պարգևավճարներ և հավելավճարներ է ստանում:

Առաջին անգամ հրապարակվել են Արևմուտքի պատժամիջոցների տակ գտնվող «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինի աշխատավարձի, եկամուտների մասին տվյալներ:

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ երեքշաբթի օրը «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհուրդը որոշել է ևս հինգ տարով երկարաձգել Սեչինի լիազորությունները: Միաժամանակ, «Ռոսնեֆտ»-ը առաջին անգամ տեղեկացնում է, թե որքան է ընկերության ղեկավարի աշխատավարձը․ տնօրենների խորհուրդը ընկերության ղեկավարի աշխատավարձը սահմանել է ամսական 15-20 միլիոն ռուբլի՝ դա կազմում է մոտ 290-390 հազար դոլար: Իգոր Սեչինի մեկ տարվա միայն աշխատավարձը՝ առանց պարգևավճարների և հավելավճարների, կազմում է մոտ 4 միլիոն 700 հազար դոլար:

Հավելավճարները ևս քիչ չեն․ «Ռոսնեֆտ»-ի ղեկավարի տարեկան պարգևավճարը կազմում է աշխատավարձի 150 տոկոսը: Դրանով Սեչինի աշխատավարձը արդեն կդառնա տարեկան 600 միլիոն ռուբլի՝ մոտ 11 միլիոն 800 հազար դոլար:

Ռուսական գրեթե բոլոր լրատվամիջոցները, մասնավորապես՝ "РБК"-ն, "Коммерсантъ"-ը, Lenta.ru-ն, "Ведомости"-ն հաշվում են «Ռոսնեֆտ»-ի ղեկավարի եկամուտները, որոնք հրապարակվում են առաջին անգամ: Ընկերություն, որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է պետությանը:

Նշվում է, որ աշխատավարձը և պարգևավճարը ամենը չէ: Դրանից բացի, Սեչինը ամսական աշխատավարձի 5 տոկոսի չափով հավելավճար է ստանալու ընկերության տնօրենների խորհրդում աշխատելու համար, մեկ այլ հավելավճար, որի չափը չի նշվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալների հետ աշխատելու համար: «Ռոսնեֆտ»-ը իր վրա է վերցնում ղեկավարի գործուղման, տուն վարձակալելու ծախսերը և զավակների սովորելու ծախսերը մինչև 23 տարեկան:

«Ռոսնեֆտ»-ը աշխարհի խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկն է, օրական 563 հազար տոննա նավթ է արդյունահանում և 147 միլիոն խորանարդ մետր գազ:

Ուկրաինական իրադարձությունների պատճառով, հաշվի առնելով Մոսկվայի դերակատարությունը դրանցում, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը պատժամիջոցներ են սահմանել ռուսական մի շարք ռազմարդյունաբերական և այլ խոշոր ընկերությունների, ինչպես նաև՝ գործարարների, պաշտոնյաների նկատմամբ: «Ռոսնեֆտ»-ի և դրա ղեկավարի նկատմամբ նույնպես պատժամիջոցներ են սահմանվել:

XS
SM
MD
LG