Մատչելիության հղումներ

Շանթի և ընկերների գործում իրավապաշտպանը փոփոխություն չի ակնկալում


Ժաննա Ալեքսանյանը «Ազատության» տաղավարում, 5-ը մայիսի, 2015թ․

Ժաննա Ալեքսանյանը «Ազատության» տաղավարում, 5-ը մայիսի, 2015թ․

Ժաննա Ալեքսանյանի կարծիքով, Ժիրայր Սեֆիլյանի և համակիրների սցենարը այս դեպքում չի գործի:

Շանթ Հարությունյանի և ընկերների գործում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը փոփոխություններ չի ակնկալում, չնայած գործով դատապարտվածները դիմել են Վճռաբեկ դատարան:

«Իրավիճակի փոփոխություն ինչպե՞ս կարող է լինել, երբ անմիջապես հաջորդեցին Սեֆիլյանենց դեպքերը, և մենք տեսանք, թե ինչպես են իշխանությունները անթաքույց ապօրինաբար մարդկանց բանտարկում, հետո բանտից հանում, ու նույնիսկ հիմնավորումներն են ծիծաղելի, այսինքն՝ արդեն ջանքեր էլ չեն ներդնում իրավաբանորեն հիմնավորեն․․․ Չնայած հիմնավորելու ոչինչ էլ չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը՝ շարունակելով․ - «Արդեն տեսաք, որ միջազգային կազմակերպությունները սկսում են անդրադառնալ: Բացահայտ ապօրինություն է Սեֆիլյանենց ձերբակալությունը և ազատումը: Նրանք էլ էին քաղբանտարկյալներ: Գումարվում էր, և թիվը մեծանում էր: Դա ոչ նպաստավոր հեռանկար է իշխանությունների համար, և ստիպված էին ազատել նրանց այդ աղմուկից խուսափելու համար»:

Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ նույն սցենարը Շանթ Հարությունյանի և ընկերների դեպքում չի գործի:

«Պարզ է, որ Շանթենց նկատմամբ շատ ավելի խիստ է եղել, և մենք հասկացել ենք, որ Սերժ Սարգսյանը Ամերիկայում կարծիք է հայտնել, որ նրանք իրոք հանցագործներ են: Բնական է, որ իշխանությունը երկար պահելու այդ միտումն ունի, հատկապես Շանթին, կարծում եմ: Նրանք չխորշեցին անգամ [Շանթ Հարությունյանի] տղային դատապարտել, նշանակում է, որ այդ մոտեցումը կա, և դա լինելու է: Եվ եթե կարծում են, որ քաղբանտարկյալ ունենալը լավ է և Ադրբեջանին հավասարվելը լավ է, թող պահեն բանտում», - ընդգծեց իրավապաշտպանը:

Անդրադառնալով մեկ այլ աղմկահարույց միջադեպի՝ Սյունիքում տեղի ունեցած ծեծկռտուքին, որի կապակցությամբ շրջանառվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի անունը, Ալեքսանյանը նշեց․ - «Մենք արդեն գիտենք, որ իրավապահ մարմինները չեն կարող ինչ-որ բան անել և ասել: Հայտնի է, որ Սուրիկ Խաչատրյանը մի անձեռնմխելի մեկն է և գլխավոր դատախազի աջակցությունն էլ կվայելի, և ոստիկանապետի, բնականաբար: Սուրիկ Խաչատրյանին այդ հատուկ վերաբերմունքի այդ մթնոլորտը, այդ անպատժելի, ես կասեի՝ քրեական Գորիսում: Մեկ տարվա մեջ էնքան շատ դեպքեր են, էլ չեմ ասում՝ տասնամյակի դեպքերը, ու էս մարդուն թողնում են, որ էս մարդը դառնա մի արտառոց կերպար, որը ինչ ուզում է անում է, և հիմա էլ նրա ժառանգներն են շարունակում դա անել»:

Հիշեցնելով Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Պոզներին, որում հարցին, թե որն է իր նվաճումը նախագահ եղած ժամանակ, Սարգսյանը պատասխանեց, թե իր ստեղծած թիմը, իրավապաշտպանը շարունակեց․ - «Իսկ իր ստեղծած թիմի առաջին դեմքը Սուրիկ Խաչատրյանն է»:

XS
SM
MD
LG