Մատչելիության հղումներ

Սահակյան-Բիբիլով հանդիպումը տեղափոխվեց դիվանագիտական հարթություն


Հայ-վրացական դիվանագիտական սկանդալը նոր թափ է հավաքում։

Գալուստ Սահակյան-Անատոլի Բիբիլով հանդիպումը տեղափոխվեց դիվանագիտական հարթություն։ Երեկ Վրաստանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը։

Վրաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեն ծայրաստիճան մտահոգություն է հայտնել Հայաստանի և Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության խորհրդարանների ղեկավարների հանդիպման առիթով։

Վրաստանի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ այդ հանդիպումը հակասում է երկու պետությունների՝ ավանդաբար բարեկամական հարաբերությունների ոգուն՝ վնասելով երկկողմ կապերը։

Անդրադառնալով հայկական կողմից հնչող բացատրություններին, թե Սահակյան-Բիբիլով հանդիպումը կրել է մասնավոր բնույթ՝ Վրաստանի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Թբիլիսին «անընդունելի է համարում դաշնակից հանրապետության պաշտոնյաների և օկուպացիոն վարչակազմի միջև ցանկացած հանդիպում»։

Իր հերթին Հայաստանի դեսպանն ափոսոսանք է հայտնել տեղի ունեցածի առիթով՝ նշելով, որ Վրաստանի տեսակետն անմիջապես կփոխանցի Երևան։ Գործին խառնվել է նաև Հովիկ Աբրահամյանը։ Նա այսօր հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Վրաստանի կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Աբրահամյանը վերահաստատել է իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ ընդգծելով Հայաստանի բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները Թբիլիսիի հետ։

Սահակյան-Բիբիլով հանդիպումը, ըստ օսեթական լրատվամիջոցների, աշխատանքային էր, կայացել է Սահակյանի հրավերով, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Այսօր արդեն Հարավային Օսիայի խորհրդարանի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ հենց իրենց տարածած լուրն անճշտություն է պարունակում։ Հայկական կողմի պնդմամբ՝ Գալուստ Սահակյանի հանդիպումը Բիբիլովի հետ կրել է բացառապես մասնավոր բնույթ, պաշտոնական հարցեր չեն քննարկվել։

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ասում է՝ ներկա է եղել հանդիպմանը.- «Դա պաշտոնական հանդիպում չի եղել, մարդը խնդրել է, որ գա 5 րոպեով ցավակցի, գնա։ Մարդը մտել, ցավակցել, գնացել է, հիացմունք են հայտնել, թե ինչպիսի միջոցառում է կազմակերպվել ապրիլի 24-ին։ Ընդամենը դա»։

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Ռուստամյանը չի բացառում այս վարկածը.- «Կարող է Ղարաբաղ գնալու ճանապարհին ծանոթ մարդիկ են, իրար հետ հանդիպել են»։

Ռուստամյանը դեմ է ծայրահեղ մոտեցումներին՝ դիվանագիտական սկանդալ սարքելուն, հարաբերությունների խզմանը. մի քիչ էլ վաղվա օրվա մասին է պետք մտածել, Հարավային Օսիան այսօր չճանաչված հանրապետություն է, վաղը կարող է դառնալ ճանաչված։

«Այն երկրները, որոնց թվում է, թե չճանաչված երկրները իրավունք չունեն որևէ տեղ այցելելու կամ հարաբերություններ ունենալ, չարաչար սխալվում են, որովհետև մենք տեսնում ենք, որ այդ ամենը կարող է ժամանակավոր բնույթ ունենալ։ Չճանաչված շատ պետություններ կան, որոնք դե ֆակտո տվյալ երկրում իշխանություն են իրականացնում։ Նույն բանը կարելի է ասել Ղարաբաղի մասին։ Ղարաբաղում ընտրություններ են եղել։ Սա ժողովրդի ամենագլխավոր իրավունքներից մեկն է, որ ինքն իր իշխանությունը ձևավորի, որոշի, թե ով պիտի իրեն ղեկավարի»,- ասաց Ռուստամյանը։

ԱԺ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, դիվանագիտական աշխատանքի փորձ ունեցող Ռուբիկ Հակոբյանը կարծում է՝ Ղարաբաղի ընտրություններին Վրաստանի պաշտոնական արձագանքից պետք է եզրակացություններ անել։ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ վերահաստատել է աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղ տարածաշրջանում անցկացված այսպես կոչված խորհրդարանական ընտրությունները»։

«Արցախի ընտրությունների վերաբերյալ Վրաստանի իշխանությունների դիրքորոշումը մեկ անգամ ևս մեզ հուշում է, որ պետք է ինչ-որ տեղ համարժեքենք մեր հարաբերությունները վրացական իշխանությունների նկատմամբ»,- ասաց Հակոբյանը։

«Եթե ես լինեի խորհրդարանի ղեկավար, գուցե չհանդիպեի»,- հայտարարեց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը.- «Հուսամ, որ բացատրությունները բավարար կլինեն մեր Վրաստանի գործընկերների համար, որպեսզի շատ մեծ խոչընդոտներ չառաջացեն մեր բարեկամական հարաբերություններում»։

2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմի արդյունքում Հարավային Օսիան անջատվեց Վրաստանից։ Վրաստանն ու Արևմուտքն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ճանաչում Հարավային Օսիան՝ այդ տարածքները համարելով Վրաստանի անքակտելի մասը։

Հարցին՝ իսկ Ռուսաստանի հետքը չի՞ տեսնում այդ հանդիպման կայացման մեջ, նախկին արտգործնախարարն արձագանքեց.- «Ռուսաստանի հետքը և ականջները տեսնում ենք ամենուր և ամեն օր։ Չեմ կարող ասել»։

XS
SM
MD
LG